Հղիության ընթացքում ուշադրության պակասի և գերակտիվության համախտանիշի (ՈՒՊԳՀ) դեմ դեղամիջոցների ընդունումը, ըստ նոր լայնածավալ հետազոտության, չի բարձրացնում երեխաների մոտ աուտիզմի, ՈՒՊԳՀ-ի կամ զարգացման այլ խանգարումների ռիսկը։
Ուշադրության պակասի և գերակտիվության համախտանիշն, ըստ գնահատականների, առկա է ամբողջ աշխարհում չափահասների 3%-ի շրջանում։ Մարդկանց մեծ մասի մոտ դրսևորվում է անուշադրության, գերակտիվության և իմպուլսիվության համակցություն, իսկ բուժումը դադարեցնելու դեպքում ախտանիշները կարող են վերադառնալ։ Այդուհանդերձ, շատ հղի կանայք հրաժարվում են դեղամիջոցներից՝ զարգացող պտղի վրա դրանց հնարավոր ազդեցության վերաբերյալ անորոշության պատճառով։
The BMJ հանդեսում հրապարակված նոր հետազոտությունը նվիրված էր հենց այդ հարցին։ Այն ընդգրկել է 2000-2021 թվականներին Շվեդիայում, Նորվեգիայում և Դանիայում ծնված ավելի քան 3,6 միլիոն երեխայի, հայտնում է Euronews-ը։ Այդ երեխաների մայրերից մոտ 7600-ը հղիության ընթացքում ընդունել էին ՈՒՊԳՀ-ի դեմ դեղամիջոցներ, դրանց թվում՝ գրեթե 2400-ը՝ երկրորդ կամ երրորդ եռամսյակում։
Հետազոտությունը ցույց է տվել, որ նախածննդյան շրջանում ՈՒՊԳՀ-ի դեմ դեղամիջոցների ազդեցությանը ենթարկված երեխաների մոտ նյարդային զարգացման այնպիսի խանգարումների ռիսկի բարձրացում, մասնավորապես՝ ՈՒՊԳՀ, աուտիզմ, մտավոր զարգացման խանգարումներ, էպիլեպսիա կամ ուսուցման դժվարություններ չի նկատվել։
Սկանդինավյան հետազոտական խմբի կարծիքով՝ արդյունքները պետք է հանգստացնեն այն կանանց, որոնք որոշում են՝ շարունակե՞լ արդյոք ՈՒՊԳՀ-ի դեմ դեղամիջոցների ընդունումը հղիության ընթացքում։
«Երեխաների մոտ ապագայում նյարդային զարգացման խանգարումների ռիսկի վերաբերյալ մտահոգությունները չեն արդարացնում հղիության ընթացքում ՈՒՊԳՀ-ի դեմ դեղամիջոցների ընդունման դադարեցումը, քանի որ արդյունքներն ընդհանուր առմամբ հուսադրող են», գրել են հետազոտողները։
Այն երեխաների մոտ, որոնք ներարգանդային շրջանում ենթարկվել էին ՈՒՊԳՀ-ի դեմ դեղամիջոցների ազդեցությանը, նյարդային զարգացման խանգարման հավանականությունն ավելի բարձր էր, քան նման ազդեցության չենթարկված երեխաների մոտ։ Սակայն այդ կապը վերացել է, երբ հետազոտողները հաշվի են առել այլ գործոններ, որոնք կարող էին դեր խաղալ, օրինակ՝ մայրերի կրթական մակարդակը, ծխելու սովորությունները և նրանց մոտ ՈՒՊԳՀ-ի ախտորոշումը։
Հետազոտությունն ունի նաև սահմանափակումներ։ Հետազոտողները չէին կարող հաշվի առնել մայրերի մոտ ՈՒՊԳՀ-ի ընթացքի ծանրությունը կամ գենետիկական գործոնները։ Բացի դրանից, նրանք հետևել են միայն նրան՝ արդյոք հղի կանայք դեղատնից ձե՞ռք են բերել ՈՒՊԳՀ-ի դեմ իրենց նշանակված դեղամիջոցները, այլ ոչ թե՝ արդյոք իրականում ընդունել են դրանք։
Նախածննդյան շրջանում ՈՒՊԳՀ-ի դեմ դեղամիջոցների ազդեցությանը ենթարկված երեխաների թիվը նույնպես փոքր էր, ինչը դժվարացնում է յուրաքանչյուր դեղամիջոցի և յուրաքանչյուր վիճակի վերաբերյալ միանշանակ եզրակացություններ անելը։
Այդուհանդերձ, ստացված տվյալները համահունչ են նախորդ հետազոտություններին, որոնք ցույց են տվել, որ նախածննդյան շրջանում ՈՒՊԳՀ-ի դեմ դեղամիջոցների ազդեցությունը չի բարձրացնում նյարդային զարգացման խանգարումների վտանգը։
«Հաշվի առնելով կանանց շրջանում ՈՒՊԳՀ-ի դեմ դեղամիջոցների կիրառման աճը՝ մեր արդյունքները կարող են օգնել բուժառուներին և բուժաշխատողներին համատեղ որոշումներ ընդոունել հղիության ընթացքում և այն պլանավորելիս ՈՒՊԳՀ-ի ախտանիշների դեղորայքային բուժման վերաբերյալ», գրել են հետազոտողները։








