Այն մարդիկ, որոնք առավոտյան ավելի վաղ են սկսում ուտել և գիշերն ավելի երկար են մնում առանց սննդի, միջինում մարմնի զանգվածի ավելի ցածր ինդեքս ունեն։ Իսպանիայում անցկացված ուսումնասիրության արդյունքում նման կապ են հայտնաբերել Բարսելոնայի գլոբալ առողջության ինստիտուտի հետազոտողներն ու նրանց գործընկերները։ Աշխատանքը հրապարակվել է International Journal of Behavioral Nutrition and Physical Activity ամսագրում։

Գիտնականները վերլուծել են 40-ից 65 տարեկան 7074 մարդու տվյալներ։ Նրանք մասնակիցների քաշն ու հասակը համադրել են սնվելու հաճախականության, օրվա առաջին ու վերջին անգամ ուտելու ժամերի և ընթրիքի ու նախաճաշի միջև ընկած ժամանակահատվածի հետ։ Մասնակիցների մի մասի դեպքում հետազոտողներն ունեցել են նաև մոտ հինգ տարի անց կրկին հավաքված տվյալներ։

Վերլուծությունը ցույց է տվել, որ օրվա առաջին սնունդն ավելի ուշ ընդունելը կապված է մարմնի զանգվածի ավելի բարձր ինդեքսի, իսկ գիշերային ավելի երկար ընդմիջումը՝ ավելի ցածր ցուցանիշի հետ։ Ընդ որում, ընդմիջումը երկարացնելու եղանակները տարբեր են եղել. ոմանք երեկոյան ավելի վաղ են ավարտել սնվելը, իսկ մյուսներն առաջին անգամ ուտելը հետաձգել են մինչև օրվա կեսը։ Նախաճաշը փաստացի բաց թողնող տղամարդկանց առանձին խմբում երկար ընդմիջումը քաշի առումով որևէ առավելություն չի տվել։

Հեղինակների ենթադրությամբ՝ կարևոր է, որ սնվելու ռեժիմը համապատասխանի օրգանիզմի ներքին ժամացույցին։ Օրվա ընթացքում նյութափոխանակությունն ու ախորժակի կարգավորումը փոխվում են, ուստի նույն տևողությամբ ընդմիջումը կարող է համընկնել օրական ռիթմի տարբեր փուլերի հետ։