Ծնողների՝ ոչ աշխատանքային ժամերին բջջային հեռախոսի օգտագործումը կապված է երեխաների խոսքի ավելի թույլ զարգացման հետ։ Նման եզրակացության է հանգել RISE-Health-ի և Ավեյրուի համալսարանի հետազոտությունը, որն ուսումնասիրել է ընտանեկան փոխհարաբերությունների և թվային սարքերի օգտագործման ազդեցությունը նախադպրոցական տարիքի երեխաների հնչյունաբանական զարգացման վրա։

Երեխաների իրավունքների համաշխարհային օրը հետազոտության հեղինակները զգուշացնում են, որ «ծնողների կողմից ոչ աշխատանքային ժամերին բջջային հեռախոսի օգտագործումը, երեխայի կողմից գիշերը պլանշետի օգտագործումը և չափազանց սերտ, փոխկախված հարաբերությունները կապված են երեխաների խոսքի զարգացման ուշացման հետ»։

«Ծնողները շատ կարևոր դեր ունեն այն հարցում, թե ամեն օր շփման ինչ հնարավորություններ են ստեղծում։ Զրուցելը, խաղալը, երգելն ու պատմություններ պատմելը երեխային հնարավորություն են տալիս իմաստալից իրավիճակներում լսել և փորձարկել խոսքի հնչյունները։ Պակաս կարևոր չէ երեխային պատասխանելու և նախաձեռնություն ցուցաբերելու ժամանակ տալը», — բացատրում է RISE-Health-ի հետազոտող Մարիա Ինեշ Գոմեշը, որի խոսքերը մեջբերված են մամուլի հաղորդագրությունում, փոխանցում է Euronews-ը։

Համաձայն «Էկրանների օգտագործումը և ընտանեկան փոխհարաբերությունները՝ որպես երեխաների հնչյունաբանական զարգացման կանխատեսիչներ» հետազոտության, որին մասնակցել է պորտուգալերենի եվրոպական տարբերակով խոսող 3–5 տարեկան երեխաներ ունեցող 93 ընտանիք, «ազդեցությունը կախված է ոչ միայն էկրանի առջև անցկացրած ժամանակից, այլև բովանդակության տեսակից ու օգտագործման համատեքստից, քանի որ թվային սարքերի վրա ծնողների ուշադրության շեղումը կարող է նվազեցնել լեզվի զարգացման համար կենսական նշանակություն ունեցող անմիջական շփումների քանակը»։

Հետազոտողը նաև ընդգծում է, որ ստացված արդյունքները «մեծահասակներին հորդորում են վերանայել սեփական թվային սովորությունները և երեխաներին ժամանակ հատկացնել՝ նրանց նկատմամբ ցուցաբերելով ուշադրություն ու հասանելիություն՝ առանց էկրանների միջամտության»։

Աշխատանքային օրվա ավարտից հետո բջջային սարքերի օգտագործումից բացի, ծնողների և երեխաների միջև չափազանց մեծ կախվածությունը նույնպես կապված է հնչյունաբանական զարգացման հետ։

RISE-Health-ի մասնագետների խոսքով՝ «չափազանց փակ ընտանեկան հարաբերությունները, որոնց բնորոշ է կախվածության բարձր աստիճանը, կարող են սահմանափակել երեխայի ինքնուրույնությունն ու այն լեզվական իրավիճակների բազմազանությունը, որոնց նա մասնակցում է, մինչդեռ դրանք անհրաժեշտ են խոսքի հնչյունները վարժելու և յուրացնելու համար»։

«Երբ մեծահասակը հաճախ պատասխանում է երեխայի փոխարեն կամ կանխում է նրա ասելիքը, երեխային ավելի քիչ հնարավորություն է մնում մասնակցելու, շփվելու և զարգացնելու իր ինքնուրույնությունը, մասնավորապես՝ հնչյունաբանական զարգացման առումով», — ընդգծում է Մարիա Ինեշ Գոմեշը։

Հետազոտության համակարգողի խոսքով՝ համայնքապետարանների, ակադեմիաների և դպրոցների հետ համագործակցությամբ «ծնողավարմանն աջակցող և թվային գրագիտության մատչելի ծրագրերի մշակումը» կարող է օգնել ծնողներին կազմակերպել օրվա ռեժիմը, ընտրել համապատասխան թվային բովանդակություն, վերահսկել սարքերի օգտագործումը և ժամանակ հատկացնել շփմանն ու խաղերին։