Թոքաբորբը համարվում է համար մեկ ինֆեկցիոն մարդասպանը, այսինքն մահացության ցուցանիշով ամենաբարձրն է։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 12–ին, «Արմենպրեսի» սրահում մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրեն, ինֆեկցիոն հիվանդությունների գծով առողջապահության նախարարի խորհրդատու Արմեն Օհանյանը՝ հիշեցնելով, որ այսօր Թոքաբորբի դեմ պայքարի միջազգային օրն է։
«Ավելի ակնառու լինելու համար՝ վերջին գոյություն ունեցող հավաստի տվյալներով տարեկան մոտ 2.5 միլիոն մարդու կյանք է խլում թոքաբորբը ամբողջ աշխարհում։ Ընդ որում շուրջ 600 հազարը մինչև հինգ տարեկան երեխաներն են։ Ուստի այս հանգամանքները հաշվի առնելով կարևորվել է ունենալ առանձին օր թոքաբորբի նվիրված, որպեսզի այդ օրը բոլոր մասնագետները խոսեն դրա մասին, քննարկեն, գտնեն ավելի լավ լուծումներ և կարողանան ավելի շատ կյանքեր փրկել։
Վաղը շատ հետաքրքիր միջոցառում ենք անում, որ դարձյալ բնականաբար նվիրված է թոքաբորբին։ Այս անգամ փորձել ենք մի փոքր ստանդարտ ֆորմատից դուրս գալ և ներգրավվել բոլոր հարակից մասնագետներին, որոնք, այսպես թե այնպես, գործ են ունենում, թե հենց բուն թոքաբորբի, թե թոքերի այլ ախտահարումների հետ, որոնք որ կարող են երբեմն նմանակել թոքաբորբին և առաջացնել շփոթություններ։ Այսինքն հիմնական անդրադարձը լինելու է ինչպես թոքաբորբի բուժմանը, կանխարգելմանը, այնպես էլ նրան, թե ինչպես տարբերակենք, զանազանենք մեկ հիվանդությունը մյուսից։
Մասնավորապես, օրինակ, ռևմատոլոգիական հիվանդությունների դեպքում թոքերի ախտահարումը ինչպես տարբերակենք բուն թոքաբորբից, դեղորայքային վնասումների ժամանակ թոքերի ախտահարումը ինչպես տարբերակենք ինֆեկցիոն թոքաբորբերից, սրանով ինքը բավականին ավելի ունիկալ է լինելու։
Նաև վերջում պանելային քննարկում ենք նախատեսում, որի ժամանակ հնարավորություն կունենան բժշիժկ մասնագետները իրենց կարծիքը հայտնեն, և քննարկումների արդյունքում կամփոփենք համաժողովը մի փաստաթղթով, որը միտված կլինի նոր առաջարկներ ներկայացնելու առողջապահության նախարարությանը։ Շեշտը դնելու ենք առավել ճշգրիտ ախտորոշման և պացիենտի առավել ճշգրիտ վարման վրա»,–ասաց նա։
Իր հերթին ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի գործողությունների ստանդարտ ընթացակարգերի մասնագետ Քնարիկ Սարգսյանն իր հերթին նշեց, որ թոքաբորբի միջազգային օրը հատկապես միտված է տեղեկատվության տարածմանը. «Այն իրազեկման օր է բնակչության շրջանում, որպեսզի մարդիկ կարողանան ճանաչել, ունենալ ճիշտ գիտելիք, որովհետև ճանաչելով մենք կարող ենք շատ ավելի հեշտությամբ կանխարգելել և ավելի ճիշտ մոտեցում ցուցաբերել։
Մինչև հինգ տարեկան երեխաները հանդիսանում են ռիսկի խումբ ծանր ընթացքի, ուստի մենք պետք է շատ մեծ կարևորություն տանք երեխաներին և այլ ռիսկի խմբում գտնվող անձանց, որպեսզի կարողանանք ժամանակին կանխարգելել և ճիշտ մոտեցում ցուցաբերել բարդություններից և մահվան դեպքերից խուսափելու համար»։
Նշվեց նաև, որ հիմնական թիրախային խումբ են կազմում մինչև 5 տարեկան, 65+ տարիքի անձինք, այն պացիենտները, որոնք ունեն քրոնիկական հիվանդություններ, այդ թվում թոքային պաթոլոգիաներ, սրտանոթային հիվանդություններ, շաքարային դիաբետ, ճարպակալում, ինչպես նաև իմունային համակարի խնդիր ունեցողներ։










