Համացանցում հում կաթի ժողովրդականությունը վերջին տասը տարում կտրուկ աճել է, գրել է The Conversation-ը։
Դրան նպաստում են բլոգերներն ու ինֆլյուենսերները, որոնք պնդում են, որ չպաստերիզացված կաթն ավելի օգտակար է, քան սովորականը։ Սակայն գիտական տվյալները չեն հաստատում դրա առավելությունների մասին պնդումների մեծ մասը, մինչդեռ վտանգավոր բակտերիաներով վարակվելու ռիսկը լավ հայտնի է։
Հում կաթը կովերի, ոչխարների, այծերի, գոմեշների և այլ կենդանիների կաթն է, որը չի պաստերիզացվել։ Այդ գործընթացի ընթացքում կաթը տաքացնում են մինչև 72 °C՝ առնվազն 15 վայրկյանով, որպեսզի ոչնչացնեն հիվանդածին միկրոօրգանիզմները։
Չպաստերիզացված կաթում կարող են լինել լուրջ հիվանդություններ առաջացնող բակտերիաներ, այդ թվում՝ լիստերիաներ և սալմոնելաներ։ Նման վարակները կարող են հանգեցնել ծանր բարդությունների և նույնիսկ մահվան։ Հատկապես խոցելի են հղի կանայք, փոքր երեխաները, տարեցները և թուլացած իմունիտետ ունեցող մարդիկ։
Ավստրալիայում սննդի մեջ օգտագործելու նպատակով հում կաթի վաճառքն արգելված է՝ դրա հետ կապված ռիսկերի պատճառով։ 2009 թվականին մասնագետները քննարկել են կովի կաթի պարտադիր պաստերիզացումը չեղարկելու հնարավորությունը, սակայն եկել են այն եզրակացության, որ առողջությանը սպառնացող վտանգը չափազանց մեծ է։ Բացառություններ են գործում անվտանգության այլ միջոցների կիրառմամբ պատրաստված որոշ չպաստերիզացված պանիրների, ինչպես նաև կոսմետիկ նպատակներով վաճառվող հում կաթի համար։ Վերջինի օգտագործումը սննդի մեջ արգելված է։
Հում կաթի ավելի բարձր սննդային արժեքի մասին պնդումները նույնպես չեն հաստատվում հետազոտություններով։ Պաստերիզացումը չի վատթարացնում սպիտակուցի որակը և գործնականում չի ազդում հանքանյութերի, այդ թվում՝ կալցիումի պարունակության վրա։ Տաքացնելիս հնարավոր է ջերմության նկատմամբ զգայուն որոշ վիտամինների քանակի աննշան նվազում, սակայն դա էապես չի փոխում մթերքի ընդհանուր սննդային արժեքը։
Չկան նաև համոզիչ ապացույցներ, որ հում կաթը նվազեցնում է կովի կաթի սպիտակուցների նկատմամբ ալերգիայի, ասթմայի կամ այլ ալերգիկ հիվանդությունների ռիսկը։ Թեև գյուղական բնակավայրերում ապրելը և գյուղատնտեսական միջավայրի հետ շփումը կապվում են երեխաների շրջանում ալերգիայի ավելի ցածր տարածվածության հետ, հետազոտողները կարծում են, որ դա կարող է բացատրվել շրջակա միջավայրի գործոնների համակցությամբ, այլ ոչ թե չպաստերիզացված կաթի օգտագործմամբ։
Չի հաստատվում նաև այն պնդումը, որ հում կաթը թեթևացնում է լակտոզայի անմարսելիության ախտանշանները։ Հետազոտությունը ցույց է տվել, որ պաստերիզացված կաթի համեմատ այն չի նվազեցնում ախտանշանները և չի ազդում այս վիճակի մեխանիզմների վրա։ Կաթի երկու տեսակն էլ լակտոզա են պարունակում, իսկ հում կաթում չկա դրա քայքայման համար անհրաժեշտ լակտազա ֆերմենտը։
Հում կաթի կողմնակիցներն այն նաև անվանում են օգտակար բակտերիաների աղբյուր։ Սակայն նման կաթում դրանց քանակը մեծ չէ։
Օրինակ՝ բիֆիդոբակտերիաների առկայությունը կարող է վկայել կղանքային աղտոտման մասին, քանի որ այդ միկրոօրգանիզմները սովորաբար մեծ քանակությամբ հանդիպում են կենդանիների աղիներում։ Առանձին բակտերիաների առկայության հնարավոր օգուտը չի փոխհատուցում հիվանդածին միկրոօրգանիզմներով վարակվելու ռիսկը։










