Օրվա ընթացքում մի քանի կարճ զբոսանքներն ավելի լավ են մեղմել արյան շաքարի մակարդակի տատանումները, քան նույն ընդհանուր տևողությամբ մեկ երկար զբոսանքը։ Այս եզրակացությանն են եկել գիտնականները՝ ավելորդ քաշ կամ ճարպակալում ունեցող մեծահասակների մասնակցությամբ վեցշաբաթյա հետազոտության արդյունքում։ Արդյունքները հրապարակել է Obesity ամսագիրը։

Փորձին մասնակցել է 30 մարդ, որոնք սովորաբար օրական ավելի քան վեց ժամ նստած էին անցկացնում։ Հետազոտողները նրանց բաժանել են երկու խմբի և առաջարկել շաբաթական հինգ օր՝ օրական 45 րոպե, արագ քայլել։ Մի խումբը քայլել է 45 րոպե անընդմեջ, իսկ մյուսը՝ օրվա ընթացքում հինգական րոպեով։

Ավելի հաճախ շարժվող մասնակիցների արյան գլյուկոզայի մակարդակն ավելի քիչ է տատանվել և ավելի երկար մնացել թիրախային միջակայքում։ Գիտնականները սենսորներով հետևել են գլյուկոզայի մակարդակին փորձից առաջ և հետո՝ մասնակիցների առօրյա պայմաններում։

Միաժամանակ հետազոտողները ինսուլինի նկատմամբ զգայունության փոփոխություն չեն հայտնաբերել։ Այդ զգայունությունը ցույց է տալիս, թե հյուսվածքներն ինչպես են արձագանքում արյան շաքարը կարգավորող հորմոնին՝ ինսուլինին։

Քայլելիս մկանները գլյուկոզա են ծախսում։ Պարբերաբար վեր կենալն ու շարժվելը նրանց հնարավորություն են տալիս օրվա ընթացքում մի քանի անգամ ակտիվ աշխատել։ Հեղինակների կարծիքով՝ սա կարող է բացատրել քայլելու երկու ռեժիմների տարբեր ազդեցությունը։

Հետազոտությունը տևել է ընդամենը վեց շաբաթ և ընդգրկել 30 մասնակցի։ Ուստի արդյունքները վերաբերում են միայն դիտարկման ընթացքում գլյուկոզայի մակարդակի փոփոխություններին։ Գործնական եզրակացությունն այն է, որ կարևոր է ոչ միայն քայլելու ընդհանուր տևողությունը, այլև այն, թե ինչպես է այդ ժամանակը բաշխվում օրվա ընթացքում։