Դեռահասության շրջանում չիպսերի, աղի օղաբլիթների և այլ աղի խորտիկների հաճախակի օգտագործումը կարող է մեծացնել աղիների բորբոքային հիվանդությունների (ԱԲՀ) առաջացման վտանգը։ Այս եզրակացությանն են հանգել շվեդ գիտնականները՝ վերլուծելով գրեթե 112 հազար մարդու տվյալները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Gut ամսագրում։
Հետազոտողներն ուսումնասիրել են սկանդինավյան երեք խոշոր հետազոտությունների տվյալները, որոնց մասնակիցները հարցաթերթիկներ էին լրացրել մանկության և դեռահասության տարիներին իրենց սննդակարգի վերաբերյալ։ Այնուհետև գիտնականները կամավորների սննդակարգը համադրել են մինչև 2024 թվականը նրանց մոտ ախտորոշված հիվանդությունների մասին տեղեկությունների հետ։
Պարզվել է, որ աղի խորտիկներ հաճախ օգտագործած դեռահասների մոտ ԱԲՀ առաջացման հավանականությունը 32 տոկոսով ավելի բարձր էր, քան դրանք ավելի հազվադեպ օգտագործածների մոտ։ Ընդ որում, խոցային կոլիտի՝ հիվանդության, որի դեպքում բորբոքումն ախտահարում է հաստ և ուղիղ աղիների ներքին լորձաթաղանթը, առաջացման վտանգը բարձր էր 51 տոկոսով։ Մրգերն ու ձուկը, ընդհակառակը, պաշտպանիչ ազդեցություն են ունեցել։
Ավելի վաղ կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ աղեստամոքսային տրակտում աղի բարձր խտությունն առաջացնում է օսմոտիկ սթրես և ճնշում դրա նկատմամբ զգայուն օգտակար միկրոօրգանիզմներին, առաջին հերթին՝ լակտոբացիլներին (Lactobacillus)։ Երբ լակտոբացիլների քանակը նվազում է, կրճատվում է կարճ շղթայով ճարպաթթուների արտադրությունը, որոնք սնուցում են աղիների բջիջները և զսպում բորբոքումը։
Հեղինակներն ընդգծել են, որ հետազոտությունը բացահայտել է միայն վիճակագրական կապեր և չի ապացուցում, որ աղի խորտիկներն անմիջականորեն առաջացնում են ԱԲՀ։ Արդյունքները հաստատելու համար անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ։









