Ազդրը ծալող մկանների ուժն ու չափը տարբեր կերպ են կապված գոտկատեղի խրոնիկական ցավից տառապող տարեցների ֆիզիկական կարողությունների հետ։ Ավելի ուժեղ մկանները կապված են քայլելիս ավելի մեծ դիմացկունության հետ, իսկ այդ մկաններից մեկի ավելի մեծ չափը՝ մեկ տարի անց աստիճաններով ավելի արագ բարձրանալու հետ։ Նման եզրակացություններին են հանգել Դելավերի համալսարանի հետազոտողները։ Աշխատանքը հրապարակվել է Physical Therapy and Rehabilitation Journal բժշկագիտական հանդեսում։
Գոտկատեղի խրոնիկական ցավն աշխարհում հաշմանդամության հիմնական պատճառներից մեկն է։ Տարեցները հատկապես խոցելի են դրա հետևանքների նկատմամբ․ նրանց ֆիզիկական կարողություններն ավելի արագ են նվազում, մեծանում է ընկնելու և հոսպիտալացվելու վտանգը։ Նախորդ հետազոտությունները նաև ցույց են տվել, որ գոտկատեղի խրոնիկական ցավ ունեցող տարեցների մոտավորապես երկու երրորդի մոտ նկատվում է կոնքազդրային հոդի մկանների թուլություն։
Գիտնականները որոշել են պարզել՝ արդյոք մկանների չափը թույլ է տալիս լրացնել դրանց ուժի մասին տեղեկությունը և ավելի ճշգրիտ գնահատել մարդու հետագա ֆիզիկական կարողությունները։
Հետազոտությանը մասնակցել է 60-85 տարեկան 250 մարդ, որոնք գոտկատեղի ցավ են ունեցել առնվազն երեք ամիս՝ շաբաթական առնվազն չորս օր։ Ազդրը ծալող մկանների ուժը չափել են ձեռքի դինամոմետրով, իսկ դրանց լայնական հատույթի մակերեսը՝ ուլտրաձայնային հետազոտությամբ։ Գիտնականները գնահատել են երեք մկան՝ զստագոտկային մկանը, դերձակամկանը և ազդրի ուղիղ մկանը։
Մասնակիցների ֆիզիկական կարողությունները ստուգել են վեց րոպեանոց քայլքի և աստիճաններով բարձրանալու թեստերի միջոցով։ Փորձարկումներն անցկացրել են հետազոտության սկզբում և կրկնել 12 ամիս անց։ Վերլուծության ժամանակ հաշվի են առել տարիքը, սեռը, մարմնի զանգվածի ինդեքսը, ցավի ուժգնությունը, առօրյա ակտիվության սահմանափակումները և այլ գործոններ։
Արդյունքները ցույց են տվել, որ մկանների ուժն ու չափը կապված են շարժունակության տարբեր ցուցանիշների հետ։ Ազդրի ծալման ուժի յուրաքանչյուր լրացուցիչ կիլոգրամին համապատասխանել է մեկ տարի անց վեց րոպեում անցած տարածության ավելացում՝ միջինը 2,44 մետրով։ Ընդ որում, զստագոտկային մկանի չափը քայլքի արդյունքների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություն չի տվել։
Աստիճաններով բարձրանալու դեպքում հակառակ օրինաչափությունն է նկատվել։ Զստագոտկային մկանի լայնական հատույթի յուրաքանչյուր լրացուցիչ քառակուսի սանտիմետրը կապված է եղել մեկ տարի անց թեստը կատարելու ժամանակի՝ 0,258 վայրկյանով կրճատման հետ։ Հետազոտողները ազդրի ծալիչ մկանների ուժի և այս փորձարկման արդյունքների միջև անկախ կապ չեն հայտնաբերել։
Գիտնականները ենթադրում են, որ տարբերությունները կարող են բացատրվել քայլելիս և աստիճաններով բարձրանալիս մկաններին ներկայացվող տարբեր պահանջներով։ Երկարատև քայլքը ենթադրում է ոտքերի բազմակի շարժումներ և մկանների կայուն աշխատանք։ Աստիճաններով բարձրանալը պահանջում է ավելի արագ շարժումներ կոնքազդրային հոդում, ինչպես նաև մարմինը վեր բարձրացնող մկանների ուժ և հզորություն։
Տարիքի հետ ավելի արագ են նվազում հզոր կծկումների համար պատասխանատու արագ մկանաթելերի քանակն ու չափը։ Դանդաղ մկանաթելերը, որոնք կարող են ավելի երկար աշխատել առանց հոգնելու, համեմատաբար ավելի լավ են պահպանվում։ Ուստի մկանների ուժը կարող է ավելի տեղեկատվական ցուցանիշ լինել քայլքի համար, մինչդեռ զստագոտկային մկանի չափը կարող է արտացոլել աստիճաններով բարձրանալու համար կարևոր մկանային հյուսվածքի պահպանվածության աստիճանը։ Սակայն այս հետազոտության շրջանակում մկանաթելերի կազմն անմիջականորեն չեն ուսումնասիրել, ուստի նման բացատրությունը մնում է վարկած։
Հեղինակները նշում են, որ մկանների չափն ու ուժը փոխլրացնող տեղեկություն են տալիս մարդու ֆիզիկական վիճակի մասին։ Վերականգնման ընթացքում դրանց համատեղ գնահատումը կարող է օգնել ընտրել վարժություններ՝ հաշվի առնելով կոնկրետ դժվարությունները, օրինակ՝ քայլելիս դիմացկունության նվազումը կամ աստիճաններով բարձրանալու խնդիրները։
Միաժամանակ հետազոտությունը չի ապացուցում, որ մկանային ուժի կամ չափի մեծացումն ինքնին կբարելավի շարժունակությունը։ Բացի դրանից, ուլտրաձայնային չափումները թույլ չեն տվել կծկվող մկանային հյուսվածքն առանձնացնել մկանների ներսում գտնվող ճարպից և շարակցական հյուսվածքից։ Հետագայում գիտնականները պետք է պարզեն՝ արդյոք ազդրի ծալիչ մկանների նպատակային մարզումն իսկապես բարելավում է գոտկատեղի խրոնիկական ցավ ունեցող տարեցների առօրյա ակտիվությունը։









