Հնդկահավի, հավի և տավարի միսը, շվեյցարական պանիրը և չիայի սերմերը կարող են նպաստել ուտելուց հետո քնկոտության առաջացմանը՝ դրանցում պարունակվող տրիպտոֆանի շնորհիվ։ Ազդեցությունը կարող է հատկապես նկատելի լինել, եթե այս մթերքները համակցվեն մեծ քանակությամբ ածխաջրերի հետ։ Այս մասին MedicalXpress-ին պատմել է Բոուլդերի Կոլորադոյի համալսարանի ինտեգրատիվ ֆիզիոլոգիայի ամբիոնի դոցենտ Նիքոլ Սթոբը։

Տրիպտոֆանն անփոխարինելի ամինաթթու է, որն անհրաժեշտ է սերոտոնինի և մելատոնինի արտադրության համար։ Վերջինը մասնակցում է քնի և արթնության ցիկլի կարգավորմանը։ Սակայն տրիպտոֆանով հարուստ մթերքներն ինքնին պարտադիր չէ, որ արտահայտված քնկոտություն առաջացնեն։

Սթոբի խոսքով՝ կարևոր է ածխաջրերի հետ համակցումը։ Մեծ քանակությամբ ածխաջրեր օգտագործելուց հետո ենթաստամոքսային գեղձն ինսուլին է արտազատում։ Այն նպաստում է մյուս ամինաթթուների հյուսվածքներ ներթափանցմանը, մինչդեռ տրիպտոֆանն ավելի մեծ չափով մնում է արյան մեջ և ավելի շատ հնարավորություն ստանում հասնելու ուղեղ։ Այնտեղ այն օգտագործվում է սերոտոնինի և քնի հետ կապված այլ միացությունների սինթեզի համար։

«Ուստի, միսը կամ պանիրը՝ հացի, կարտոֆիլի, ձավարեղենի կամ քաղցր մթերքների հետ, կարող է ավելի մեծ չափով նպաստել քնկոտությանը։ Ընդ որում՝ ազդեցության արտահայտվածությունը կախված է կերած սննդի քանակից և բաղադրությունից։ Ուտելուց հետո հոգնածության մեկ այլ պատճառ է սննդի մեծ ծավալը», — զգուշացրել է փորձագետը։

Մասնագետը հիշեցրել է, որ այսպես կոչված հետճաշային քնկոտությունը սովորաբար ուժեղանում է սնունդ ընդունելուց մոտ մեկ ժամ անց։ Հետազոտությունները նաև ցույց են տալիս, որ ճարպերի կամ զտված ածխաջրերի բարձր պարունակությամբ մթերքները կարող են ուժեղացնել բորբոքային գործընթացները, որոնք ևս կապված են հոգնածության զգացման հետ։