Սրտամկանի ինֆարկտով հիվանդանոցում գտնվելու ընթացքում գրիպի դեմ պատվաստված բուժառուների մահացության ցուցանիշը հաջորդ մեկ տարում ավելի ցածր է եղել, քան նույն սեզոնին չպատվաստվածների շրջանում։ Այս եզրակացությանն են եկել շվեդական բժշկական ռեգիստրի տվյալների հիման վրա անցկացված համազգային հետազոտության հեղինակները, որի արդյունքները հրապարակվել են The Lancet Regional Health – Europe ամսագրում։

Հետազոտողներն ուսումնասիրել են 12 711 բուժառուի տվյալներ, որոնք 2021–2025 թվականների գրիպի չորս սեզոնների ընթացքում՝ նոյեմբերից մարտ ընկած ժամանակահատվածում, ինֆարկտից հետո դուրս են գրվել Շվեդիայի հիվանդանոցներից։ Հոսպիտալացման ընթացքում պատվաստվել է նրանց ընդամենը 6%-ը։ Չպատվաստվածների 84,9%-ին պատվաստում պարզապես չի առաջարկվել, իսկ դրանից հրաժարվել է միայն 1,5%-ը։

Բուժման արդյունքներն ավելի ճշգրիտ համեմատելու համար գիտնականները կազմել են 723-ական մարդուց բաղկացած երկու համադրելի խումբ՝ հաշվի առնելով տարիքը, սեռը, սիրտ-անոթային ռիսկի գործոնները, հիվանդությունների պատմությունն ու ստացած բուժումը։ Մասնակիցների միջին տարիքը մոտ 65 էր, շուրջ 78%-ը տղամարդիկ էին, իսկ մոտ 90%-ը տարել էր պսակաձև զարկերակներում արյան հոսքի վերականգնման՝ միջմաշկային կորոնար միջամտություն։

Դիտարկման ընթացքում, որը միջինը տևել է 323 օր, մահացել է 18 պատվաստված և 33 չպատվաստված բուժառու։ Դուրս գրվելուց հետո 12 ամսվա ընթացքում հաշվարկային մահացությունը կազմել է համապատասխանաբար 2,7% և 4,9%։ Այսպիսով, պատվաստումը մահվան հարաբերական ռիսկը նվազեցրել է 47%-ով։

Ապրելիության տարբերությունը նկատելի է դարձել արդեն դուրս գրվելուց հետո առաջին շաբաթներին։ Միևնույն ժամանակ, ուսումնասիրված մյուս ցուցանիշների՝ հոսպիտալացում պահանջող կրկնակի ինֆարկտների և պսակաձև զարկերակների վրա չպլանավորված կրկնակի միջամտությունների հարցում վիճակագրորեն էական տարբերություն չի արձանագրվել։

Արդյունքները համահունչ են ավելի վաղ անցկացված IAMI ռանդոմիզացված հետազոտության տվյալներին, որը ցույց էր տվել, որ ինֆարկտից հետո գրիպի դեմ պատվաստումը նվազեցնում է անբարենպաստ ելքերի՝ ցանկացած պատճառով մահվան, կրկնակի ինֆարկտի և ստենտի թրոմբոզի ընդհանուր ռիսկը։ Հենց այս տվյալների հիման վրա պատվաստումը ներառվել է սուր կորոնար համախտանիշով բուժառուների վարման եվրոպական ու ամերիկյան ուղեցույցներում։

Շվեդական հետազոտության հեղինակները ենթադրում են, որ պատվաստման օգուտը միայն գրիպից պաշտպանելով չի սահմանափակվում։ Քանի որ ապրելիության տարբերությունն ի հայտ է եկել դեռ նախքան պատվաստումից հետո հակամարմինների առավելագույն մակարդակի ձևավորումը, գիտնականները չեն բացառում, որ պատվաստանյութը կարող է ազդել ինֆարկտից հետո ընթացող բորբոքային գործընթացների վրա և նպաստել սրտամկանի վերականգնմանը։