Նոր հետազոտության մասնակիցների կեսը, որոնք երկարատև COVID-19 ունեին, սկզբնական վարակումից ավելի քան չորս տարի անց հայտնել է շնչառության ռիթմի և ձևի հնարավոր խանգարումների ախտանիշների մասին։ Դրանք ավելի հաճախ հանդիպել են երիտասարդների, կանանց և վարակի սուր փուլում չհոսպիտալացված մարդկանց շրջանում։
Այս խանգարումները ներառում են նորմալ շնչառությունից տարբեր շեղումներ, օրինակ՝ չափազանց հաճախակի կամ մակերեսային շնչառություն, որը կարող է հևոց առաջացնել։ Դրանք կապված են երկարատև COVID-19-ի ավելի բազմաթիվ և արտահայտված ախտանիշների հետ։
Respiratory Research ամսագրում հրապարակված հետազոտության ընթացքում գիտնականները վերլուծել են երկարատև COVID-19 ունեցող 288 մարդու տվյալները։ Հետազոտությունը ղեկավարել են Ստոկհոլմի Կարոլինսկայի համալսարանական հիվանդանոցի մասնագետները։
Վարակումից չորս տարի անց 143 մասնակցի՝ մոտ կեսի մոտ, հետազոտողները հայտնաբերել են շնչառության հնարավոր խանգարումների նշաններ։ Դրանց մասին վկայել են շնչառական ախտանիշների ինքնագնահատման Նեյմեգենյան հարցաշարի բարձր միավորները։ Բարձր են համարվել 64 հնարավորից 23 և ավելի միավորները։ Հեղինակներն ընդգծում են, որ հարցաշարի արդյունքներն ինքնին կլինիկական ախտորոշում չեն հաստատում։
Այն մասնակիցները, որոնք հետագայում բարձր միավորներ են ստացել, դեռևս 2020 թվականի մայիսից 2022 թվականի դեկտեմբերն անցկացված սկզբնական հետազոտության ժամանակ ֆիզիկական թեստերում ավելի վատ արդյունքներ են ցույց տվել։ Նրանք վեց րոպեում զգալիորեն ավելի կարճ տարածություն են անցել և մեկ րոպեում ավելի քիչ անգամ են աթոռից վեր կացել։ Նրանց ներշնչական մկանները նույնպես ավելի թույլ են կծկվել։ Մինչդեռ թոքերի ֆունկցիայի ստանդարտ ցուցանիշները երկու խմբերում համադրելի են եղել։
2024 թվականի կրկնակի հետազոտության ժամանակ վարակի սուր փուլում չհոսպիտալացված մասնակիցների՝ հարցաշարով բարձր միավոր ստանալու հավանականությունը մոտ վեց անգամ ավելի մեծ է եղել։ Ռիսկի անկախ գործոններ են եղել նաև ավելի երիտասարդ տարիքը, սկզբնական հետազոտության ժամանակ արտահայտված հևոցը և թոքերի ֆունկցիայի թեստի առաջին վայրկյանում արտաշնչվող օդի ավելի փոքր ծավալը։
Բարձր միավորներ ստացած մասնակիցների 38%-ը հայտնել է պոստուրալ օրթոստատիկ տախիկարդիայի համախտանիշի (POTS) ախտորոշման մասին։ Ցածր միավորներ ստացած խմբում այդ ցուցանիշը կազմել է ընդամենը 8%։ Այս համախտանիշի դեպքում պառկած կամ նստած դիրքից կանգնելիս սրտի զարկերի հաճախությունը չափազանց մեծանում է՝ առանց զարկերակային ճնշման էական նվազման։
Շնչառության հնարավոր խանգարումներ ունեցող մասնակիցներն ավելի հաճախ են հայտնել արտահայտված հևոցի, դեպրեսիայի ախտանիշների և երկարատև COVID-19-ի այլ դրսևորումների մասին։ Բարձր միավորներ ստացած մասնակիցների 44%-ը հիվանդության պատճառով արձակուրդում է եղել՝ մյուս խմբի 14%-ի համեմատ։
Հետազոտողները նշում են, որ կրկնակի հետազոտությանը մասնակցել է սկզբնական խմբի միայն մի մասը։ Ուստի հնարավոր է՝ ընտրանքը լիովին չի արտացոլում ամբողջ խմբի վիճակը։ Պահպանվող ախտանիշներ ունեցող մարդիկ կարող էին ավելի հաճախ համաձայնել մասնակցել։ Իսկ հիվանդության ծանր դրսևորումներ ունեցողները կարող էին չպատասխանել, քանի որ դժվարացել են լրացնել հարցաթերթիկը։
Հեղինակների եզրակացությամբ՝ արդյունքները ցույց են տալիս, որ COVID-19-ից հետո պահպանվող շնչառական գանգատները լայն տարածում ունեն։ Սակայն դրանք չեն հաստատում, որ բարձր միավորներ ստացած բոլոր մասնակիցներն ունեն կլինիկորեն ախտորոշված շնչառական խանգարումներ։
Խնդիրն ավելի լավ հասկանալու համար անհրաժեշտ են հետազոտություններ, որոնք պացիենտների սուբյեկտիվ գնահատականները կհամադրեն շնչառության ռիթմի ու ձևի և թոքերի ֆունկցիայի օբյեկտիվ չափումների հետ։










