Գիտնականների միջազգային խումբը հայտնաբերել է խոշոր ԴՆԹ վիրուսների նախկինում անհայտ խումբ, որոք ստացել են էգովիրուս անվանումը։ Պարզվել է, որ դրանք պոքսվիրուսների մինչ այժմ հայտնի էվոլյուցիոն ամենամոտ ազգակիցներն են։ Պոքսվիրուսների ընտանիքին է պատկանում նաև բնական ծաղիկի վիրուսը։ Հետազոտողների գնահատմամբ՝ էգովիրուսները կարող են առկա լինել ամբողջ աշխարհում մոտ 180 մլն մարդու մարսողական համակարգում։ Աշխատանքը հրապարակվել է Nature ամսագրում։

Գիտնականները վերլուծել են շրջակա միջավայրի նմուշներից և մարդկանց ու կենդանիների միկրոբիոմներից ստացված ավելի քան 85 հազար գենետիկական տվյալների հավաքածու։ Արդյունքում՝ նրանք հայտնաբերել են վիրուսների առանձին էվոլյուցիոն ճյուղ և վերականգնել նոր խմբի 12 ներկայացուցչի գենոմները, ինչպես նաև ամբողջականության տարբեր աստիճանի ավելի քան 200 լրացուցիչ գենոմ։

Էգովիրուսների գենետիկական մարկերներ հայտնաբերվել են հիմնականում մարսողական համակարգից վերցված նմուշներում։ Դրանք առկա են եղել մարդու աղիքային միկրոբիոմի ուսումնասիրված նմուշների 2,3 տոկոսում, ինչպես նաև խոզերից, այծերից, հավերից, կովերից և գոմեշներից վերցված նմուշներում։ Վերջինների շրջանում տարածվածությունը հատկապես բարձր է եղել՝ 26 տոկոս։ Վիրուսային գենետիկական նյութ հայտնաբերվել է նաև որոշ վայրի կաթնասունների, այդ թվում՝ լեմուրների, շնակապիկների և ռնգեղջյուրների մոտ։

Հետազոտողները ենթադրում են, որ էգովիրուսները կարող են երկար ժամանակ բնակվել աղիներում, այլ ոչ թե պարզապես այնտեղ հայտնվել սննդի կամ ջրի հետ։ Միաժամանակ, դեռ պարզված չէ՝ արդյոք դրանք կարող են վնաս պատճառել մարդկանց կամ կենդանիներին։

Հայտնագործությունը կարող է օգնել հասկանալ պոքսվիրուսների էվոլյուցիան։ Վարկածներից մեկի համաձայն՝ էգովիրուսների և պոքսվիրուսների ընդհանուր նախնին վարակում էր միաբջիջ էուկարիոտներին, որոնք մոտ 700 մլն տարի առաջ ապրում էին հնագույն կենդանիների մարսողական համակարգում։ Հետագայում ժամանակակից պոքսվիրուսներին սկիզբ տված էվոլյուցիոն ճյուղը կարող էր ձեռք բերել կենդանիների բջիջները վարակելու ունակություն։

Սակայն հետազոտողները դեռ չեն ստացել ուղիղ ապացույցներ, թե որ օրգանիզմներն են էգովիրուսների տերերը։ Գենետիկական վերլուծությունը մատնանշում է աղիներում բնակվող որոշ միաբջիջ էուկարիոտների հետ հնարավոր կապը, սակայն այս վարկածը հաստատելու համար անհրաժեշտ են հետագա հետազոտություններ։