Բերանի տհաճ հոտը կարող է կապված լինել ոչ միայն բերանի խոռոչի անբավարար հիգիենայի, այլև քթահոսության և քթի խոռոչների բորբոքման հետ։ Այս մասին Daily Mirror պարբերականի հետ զրույցում հայտնել է դեղագետ Ռեյչել Ջոնսը։
Մասնագետի խոսքով՝ սինուսիտի դեպքում լորձը կարող է հոսել կոկորդի հետին պատով։ Դա գրգռում է առաջացնում, հարուցում հազ և երբեմն բերանի տհաճ հոտի կամ համի պատճառ դառնում։
«Մեկ այլ գործոն է քթի փակվածությունը։ Երբ մարդը դժվարությամբ է շնչում քթով, նա ավելի հաճախ է բացում բերանը։ Դրա հետևանքով լորձաթաղանթը չորանում է, թքարտադրությունը նվազում է, իսկ տհաճ հոտը կարող է ուժեղանալ։ Թուքն օգնում է մաքրել բերանի խոռոչը և զսպել բակտերիաների բազմացումը, ուստի դրա պակասը նպաստում է տհաճ հոտի առաջացմանը», — բացատրել է մասնագետը։
Ջոնսը նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ քթի խոռոչների բորբոքումը երբեմն ցավ է առաջացնում վերին աղորիքներում։ Հայմորյան խոռոչները գտնվում են անմիջապես դրանց արմատների վերևում, ուստի այդ հատվածում ճնշումն ու բորբոքումը կարող են ընկալվել որպես ատամնացավ։
«Սինուսիտին բնորոշ այլ ախտանշաններից են գլխացավը և ճնշման զգացումը ճակատի, այտերի ու աչքերի շրջանում։ Տհաճ զգացողությունները կարող են ուժեղանալ գլուխն ու մարմինն առաջ թեքելիս», — նշել է փորձագետը։
Վիճակը թեթևացնելու համար դեղագետը խորհուրդ է տվել բավարար քանակությամբ ջուր խմել և պահպանել բերանի խոռոչի հիգիենան։ Եթե տհաճ հոտը պահպանվում է կամ ուղեկցվում է այլ ախտանշաններով, կարևոր է պարզել դրա պատճառը․ այն կարող է կապված լինել ոչ միայն քթի խոռոչների հիվանդությունների, այլև ատամների ու լնդերի խնդիրների հետ։










