Քաշը նվազեցնելն ու այն պահպանելը կարող է շատ ավելի բարդ լինել, քան թվում է առաջին հայացքից։ Դիետաները, բարիատրիկ վիրաբուժությունը, նիհարեցնող հաբերն ու ներարկումները տարբեր հնարավորություններ են տալիս, սակայն ճիշտ մեթոդի ընտրությունը կախված է մարդու առողջական վիճակից, ապրելակերպից և անհատական առանձնահատկություններից։ Այս մասին HealthDay-ին տված հարցազրույցում պատմել է «Eli Lilly» դեղագործական ընկերության կարդիոմետաբոլիկ առողջության գծով ավագ փոխնախագահ Ռեյչել Բաթերհեմը։

Մասնագետի խոսքով՝ ճարպակալումը չի կարելի կամքի ուժի պակասի հետևանք համարել։ Մարդկության պատմության մեծ մասի ընթացքում սնունդը դժվարամատչելի է եղել, ուստի օրգանիզմը հարմարվել է անընդհատ ուտելիք փնտրելուն և առաջին իսկ հնարավորության դեպքում սնվելուն։ Այսօր, երբ շուրջբոլորը լի է սննդային գայթակղություններով, այդ մեխանիզմը նպաստում է քաշի ավելացմանը։ Իսկ դիետայի ժամանակ օրգանիզմը սննդի կրճատումն ընկալում է որպես սովի վտանգ և սկսում է դիմադրել քաշի կորստին։

«Մարդիկ կարող են նիհարել, բայց հետո գործի են դրվում կենսաբանական մեխանիզմներ, որոնք պայքարում են դրա դեմ»,— բացատրել է Բաթերհեմը։

Բուժումն ընտրելիս նա խորհուրդ է տալիս նախ վերանայել սովորությունները՝ կրճատել խորը վերամշակում անցած սննդամթերքի օգտագործումը, ուշադրություն դարձնել ֆիզիկական ակտիվությանը, քնին ու սթրեսի մակարդակին։ Կարևոր է նաև գնահատել, թե ավելորդ քաշն ինչպես է ազդում առողջության վրա։ Հատկապես վտանգավոր է որովայնի շրջանում ճարպի կուտակումը, քանի որ այն ուղղակիորեն կապված է զարկերակային բարձր ճնշման, երկրորդ տիպի շաքարախտի և սիրտ-անոթային հիվանդությունների հետ։ Ռիսկն ավելի բարձր է նաև այն դեպքում, երբ ընտանիքում ծանր ճարպակալման ու դրան ուղեկցող հիվանդությունների նախապատմություն կա։

«Ի վերջո, կարևոր են առողջության համար հետևանքները, այլ ոչ թե կշեռքի թվերը»,— ընդգծել է մասնագետը։

Բաթերհեմը նախկինում ղեկավարել է Մեծ Բրիտանիայի բարիատրիկ վիրաբուժության կենտրոններից մեկը։ Նրա խոսքով՝ նման վիրահատությունից հետո ախորժակը նկատելիորեն նվազում է, ինչը մասամբ պայմանավորված է քաղցի զգացումը կարգավորող հորմոնների, այդ թվում՝ GLP-1-ի մակարդակի փոփոխությամբ։ Հենց այս մեխանիզմների ուսումնասիրությունն էլ հիմք է դարձել ճարպակալման դեմ նոր դեղամիջոցների ստեղծման համար։

Սակայն դեղորայքային բուժումը հաճախ ստիպված են լինում երկար շարունակել։ Դեղերի ընդունումը դադարեցնելուց հետո քաշը սովորաբար վերադառնում է՝ ճիշտ այնպես, ինչպես բարձրանում է զարկերակային ճնշումը համապատասխան դեղերը դադարեցնելիս։

Բոլորի համար հարմար միասնական մեթոդ չկա։ Օրինակ՝ հաճախ ճամփորդող մարդը կարող է ներարկումների փոխարեն նախընտրել հաբերը։ Բուժումն ընտրելիս բժիշկը պետք է բուժառուի հետ քննարկի հնարավոր արդյունքներն ու սահմանափակումները՝ հաշվի առնելով նաև նրա առօրյան ու հարազատների աջակցությունը։

Ճարպակալման դեմ ժամանակակից դեղամիջոցների մեծ մասն ազդում է GLP-1-ի՝ աղիքային այն հորմոնի վրա, որն օգնում է նվազեցնել ախորժակը։ Բայց այս դեղերը բոլորին չեն հարմար։ Ամենատարածված կողմնակի ազդեցությունները կապված են ստամոքս-աղիքային տրակտի խանգարումների հետ, ուստի մարսողական խնդիրներ ունեցող մարդիկ պետք է հատկապես զգույշ լինեն։ Այս խմբի դեղերն արգելված են նաև հղիության ընթացքում, այնպես որ հղիություն պլանավորելիս անհրաժեշտ է բուժման հարցը նախապես քննարկել բժշկի հետ։

Դեղաչափի չափազանց արագ ավելացումը կարող է սրտխառնոց, փորլուծություն կամ փորկապություն առաջացնել, ուստի դրա աստիճանական բարձրացումն ավելի հեշտ է տանվում։ Բուժման ընթացքում կարևոր է նաև բավարար քանակությամբ սպիտակուց և հեղուկ օգտագործել։

Բաթերհեմի խոսքով՝ դեղամիջոցի ճիշտ ընտրության, դեղաչափի աստիճանական կարգավորման և բժշկի վերահսկողության դեպքում բուժառուները սովորաբար լավ արդյունքների են հասնում։