GLP-1 ընկալիչների ագոնիստների հիմքով քաշի նվազեցման դեղամիջոցների ընդունումը կարող է փոխել կաթնագեղձերի տեսքը մամոգրամներում և մեծացնել կրկնակի հետազոտության անհրաժեշտության հավանականությունը։ Այս եզրակացությանն են եկել հետազոտողները, որոնք աշխատանքի արդյունքները ներկայացրել են Հյուսիսային Ամերիկայի ռադիոլոգիական ընկերության (RSNA) տարեկան ժողովում, գրում է Medical Xpress-ը։
Գիտնականներն ուսումնասիրել են 34-ից 79 տարեկան 107 կնոջ տվյալներ, որոնք առնվազն մեկ տարի քաշի նվազեցման նպատակով ընդունել են GLP-1 դեղամիջոցներ։ Մասնակիցները միջինում նիհարել են 18,1 կգ-ով։ Հետազոտողները համեմատել են նրանց մամոգրամները, որոնք արվել էին բուժման մեկնարկից առաջ և դրանից առնվազն մեկ տարի անց՝ գնահատելով կաթնագեղձերի հյուսվածքի խտությունն ու այլ փոփոխություններ։
Ավտոմատացված գնահատման տվյալներ ունեցող 104 կանանցից 65-ի կաթնագեղձերի խտությունն աճել է առնվազն մեկ կատեգորիայով՝ ըստ BI-RADS դասակարգման։ Որքան մեծ է եղել կորցրած քաշը, այնքան ավելի նկատելի է եղել այդ փոփոխությունը։ Ընդ որում, մասնակիցներից ոչ մեկի մոտ խտությունը չի նվազել։ Ութ կնոջ ցուցանիշն աճել է միանգամից երկու կատեգորիայով՝ գերազանցապես ճարպային հյուսվածքից մինչև անհամասեռ խիտ հյուսվածք։
Հետազոտողները ենթադրում են, որ այս ազդեցությունը կարող է բացատրվել կաթնագեղձերի ճարպային հյուսվածքի կորստով։ Մամոգրամում մնացած գեղձային և շարակցական հյուսվածքները համեմատաբար ավելի տեսանելի են դառնում, նույնիսկ եթե դրանց բացարձակ ծավալը չի ավելանում։ Երեք մասնագետի գնահատականներով՝ նկատվել է մասնակիցների 57,9–78,5%-ի կրծքի չափերի փոքրացում։ Նաև կանանց 9,3–17,8%-ի մաշկը հաստացել է։
Սքրինինգային մամոգրաֆիայից հետո 24 մասնակցի՝ 22,4%-ին, անհրաժեշտ են եղել լրացուցիչ հետազոտություններ։ Սա ավելի քան երկու անգամ գերազանցում է ԱՄՆ-ում մամոգրաֆիայից հետո կրկնակի հետազոտության կանչերի միջին ցուցանիշը, որը կազմում է մոտ 10%։ Չորս դեպքում առաջարկվել է բիոպսիա, սակայն բոլոր արդյունքները վկայել են բարորակ փոփոխությունների մասին։ Մյուս հետազոտությունները նույնպես քաղցկեղ չեն հայտնաբերել կամ ցույց են տվել բարորակ փոփոխություններ։
Ըստ հետազոտության գլխավոր հեղինակ, Բոստոնի Brigham and Women's Hospital հիվանդանոցի ռադիոլոգ Եվա Գոմբոսի՝ քաշի զգալի կորուստը կարող է այնքան փոխել կաթնագեղձի կազմությունն ու ձևը, որ պատկերներում ի հայտ գան անհամաչափություններ և լրացուցիչ ստուգում պահանջող այլ առանձնահատկություններ։
Միևնույն ժամանակ գիտնականներն ընդգծում են. նիհարելուց հետո մամոգրամում խտության բարձրացումն անպայմանորեն չի նշանակում գեղձային հյուսվածքի քանակի ավելացում կամ կրծքագեղձի քաղցկեղի ռիսկի աճ։ Նման փոփոխությունների երկարաժամկետ հետևանքները դեռևս պարզ չեն և պահանջում են հետագա ուսումնասիրություն։
Հետազոտողները խորհուրդ չեն տալիս այս արդյունքների պատճառով հրաժարվել GLP-1 դեղամիջոցներից։ Կանայք պետք է շարունակեն կրծքագեղձի քաղցկեղի պլանային սքրինինգը և ճառագայթային ախտորոշման մասնագետներին տեղեկացնեն նման դեղամիջոցների ընդունման ու քաշի զգալի կորստի մասին։ Այս տեղեկությունը կօգնի ավելի ճշգրիտ մեկնաբանելու պատկերները և դրանք համեմատելու նախորդ հետազոտությունների արդյունքների հետ։










