Ինֆարկտի և ինսուլտի բարձր ռիսկի վաղ նշանները կարող են ի հայտ գալ սրտանոթային խնդրից մի քանի տասնամյակ առաջ։ Այս եզրակացության են հանգել Էդինբուրգի համալսարանի հետազոտողները՝ վերլուծելով ավելի քան 100 հազար մարդու 1985-2019 թվականների տվյալները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են JAMA Network Open ամսագրում։

Հետազոտողներն ուսումնասիրել են ԱՄՆ-ում, Նորվեգիայում և Մեծ Բրիտանիայում անցկացված չորս երկարաժամկետ պոպուլյացիոն հետազոտությունների տվյալները։ Նրանք հետևել են, թե տարիների ընթացքում ինչպես են փոխվել սրտանոթային հիվանդությունների ռիսկի տարբեր գործոնները, այդ թվում՝ զարկերակային ճնշումը, արյան մեջ շաքարի մակարդակը, երիկամների գործառույթը, ֆիզիկական ակտիվությունը և արյան ցուցանիշները։

Առավել նկատելի տարբերություններից մեկը վերաբերում էր սիստոլիկ զարկերակային՝ սրտի կծկման պահին զարկերակներում առկա ճնշմանը։ Այն մարդկանց մոտ, որոնց մոտ հետագայում ախտորոշվել են սրտանոթային հիվանդություններ, այս ցուցանիշը խնդրից արդեն 30 տարի առաջ միջինը 4 միլիմետր սնդիկի սյունով բարձր էր։ Խնդրի առաջանալուն զուգընթաց տարբերությունն աճել է՝ հասնելով 7 միլիմետր սնդիկի սյան։

Հետազոտողները տարբերություններ են հայտնաբերել նաև տղամարդկանց և կանանց միջև։ Երիտասարդ տարիքում կանանց զարկերակային ճնշումը սովորաբար ավելի ցածր էր, քան տղամարդկանցը, սակայն մոտ 65 տարեկանում հարաբերակցությունը փոխվել է. կանանց ցուցանիշներն ավելի հաճախ են բարձր եղել։

Ավելի երիտասարդ տարիքում ինֆարկտ կամ ինսուլտ տարած մարդկանց մոտ խնդրից տասնամյակներ առաջ ավելի հաճախ են նկատվել շաքարային դիաբետ և մարմնի զանգվածի բարձր ինդեքս։

Տարբերություններ են հայտնաբերվել նաև արյան կենսամարկերներում։ Մասնավորապես, NT-proBNP-ի՝ սպիտակուցային մարկերի մակարդակի փոփոխությունները հնարավոր էր հայտնաբերել սրտանոթային խնդրից մոտ 10 տարի առաջ։ Այս մարկերն օգտագործվում է սրտի վիճակը գնահատելու, այդ թվում՝ սրտային անբավարարությունն ախտորոշելու և դրա ընթացքին հետևելու համար։ Տարբերվում էին նաև երիկամների գործառույթի ցուցանիշների և ֆիզիկական ակտիվության երկարաժամկետ փոփոխությունները։

Հեղինակների կարծիքով՝ ոչ թե մեկ առանձին ցուցանիշի, այլ ռիսկի մի քանի գործոնների փոփոխությունների ընթացքին հետևելը կարող է օգնել ավելի ճշգրիտ գնահատել սրտանոթային հիվանդությունների հավանականությունը։ Դա թույլ կտա լուրջ ախտանիշների ի հայտ գալուց շատ առաջ հայտնաբերել այն մարդկանց, որոնք կարող են կանխարգելիչ միջոցառումների կարիք ունենալ։

«Ռիսկի փոփոխելի գործոնները սկսում են տարբերվել սրտանոթային խնդրից 30 տարի առաջ։ Սա մեծ հնարավորություններ է բացում ողջ կյանքի ընթացքում վաղ կանխարգելման ռազմավարություններ մշակելու համար», — նշել է Էդինբուրգի համալսարանի Աշերի ինստիտուտին կից Սրտի բրիտանական սրտի հիմնադրամի գիտաշխատող Դորիեն Կիմենայը։

Սրտի բրիտանական սրտի հիմնադրամի գլխավոր գիտական և բժշկական տնօրեն Բրայան Ուիլյամսն ընդգծել է, որ շատ ինֆարկտներ և ինսուլտներ հնարավոր է կանխել, սակայն մարդիկ հաճախ բարձր ռիսկի մասին իմանում են չափազանց ուշ։ Նրա կարծիքով՝ ապագայում վտանգը վաղ հայտնաբերելու համար կարող են կիրառվել ոչ միայն զարկերակային ճնշման և խոլեստերինի մակարդակի չափումները, այլև արյան մեջ որոշակի սպիտակուցների հետազոտությունը։

Հեղինակները նշել են, որ հետազոտությունը բացահայտում է երկարաժամկետ օրինաչափություններ, սակայն ինքնին չի ապացուցում, որ հայտնաբերված փոփոխությունները թույլ են տալիս ճշգրիտ կանխատեսել ինֆարկտը կամ ինսուլտը կոնկրետ մարդու մոտ։ Բացի այդ, գիտնականները չեն վերլուծել էթնիկ խմբերի միջև տարբերությունները, ուստի այս հարցը հետագա ուսումնասիրության կարիք ունի։

Առայժմ մասնագետները խորհուրդ են տալիս պարբերաբար ստուգել զարկերակային ճնշումն ու խոլեստերինի մակարդակը, ռիսկի գործոնների առկայության դեպքում բժշկի հետ քննարկել լրացուցիչ հետազոտությունների և կանխարգելիչ միջոցառումների անհրաժեշտությունը։