Վաղ սկսվող (մինչև 65 տարեկանը) Ալցհայմերի հիվանդության լիարժեք դրսևորումից հինգ տարի առաջ կարող են հաճախանալ դեպրեսիայի, գլխապտույտի և գլխացավի դրվագները։ Նման եզրակացության են հանգել Օուլուի և Արևելյան Ֆինլանդիայի համալսարանների հետազոտողները։ Աշխատանքի արդյունքները հրապարակվել են Alzheimer's & Dementia բժշկագիտական հանդեսում։
Գիտնականներն ուսումնասիրել են 407 բուժառուի բժշկական գրառումները, որոնց միջին տարիքը ախտորոշման պահին կազմել է 61 տարեկան։ Այդ տեղեկությունները համեմատել են նույն տարիքի, սեռի և տարածաշրջանի՝ նեյրոդեգեներատիվ հիվանդություններ չունեցող 4035 մարդու տվյալների հետ։
Ախտորոշումից հինգ տարի առաջ գլխապտույտ գրանցվել է հետագայում հիվանդացածների 5,9%-ի մոտ՝ վերահսկիչ խմբի 2,1%-ի դիմաց։ Դեպրեսիա հանդիպել է համապատասխանաբար 5,7%-ի և 2,3%-ի, իսկ գլխացավեր՝ 4,9%-ի և 1,6%-ի մոտ։ Հետագայում հիվանդացածների մոտ նաև ավելի հաճախ են գրանցվել գլխի վնասվածքներ, ուղեղի կաթվածներ, էպիլեպսիա և դելիրիում՝ գիտակցության հանկարծակի մթագնման վիճակ։
«Ախտորոշումից 11–15 տարի առաջ խմբերի միջև տարբերություններ չեն եղել։ Իսկ դրանից 6–10 տարի առաջ հետագայում հիվանդացածների մոտ ավելի հաճախ են գրանցվել ականջներում աղմուկ և լսողության նվազում»,- նշվում է հետազոտության մեջ։
Միևնույն ժամանակ բարձր զարկերակային ճնշումն ու խոլեստերինի բարձր մակարդակն ավելի տարածված չեն եղել վաղ սկսվող Ալցհայմերի հիվանդությամբ մարդկանց շրջանում։ Ախտորոշումից հինգ տարի առաջ դրանք հայտնաբերվել են հետագայում հիվանդացածների 10,6%-ի և վերահսկիչ խմբի մասնակիցների 9,3%-ի մոտ։
Հեղինակներն ընդգծում են, որ հետազոտությունը կապ է բացահայտում, սակայն չի ապացուցում, որ թվարկված խանգարումներն առաջացնում են հիվանդությունը։ Դրանցից որոշները կարող են լինել ուղեղում տեղի ունեցող փոփոխությունների վաղ դրսևորումներ, սակայն առանձին վերցրած ոչ մի ախտանիշ թույլ չի տալիս կանխատեսել հիշողության հետագա խնդիրները։










