Նոր կենսամարկերները կարող են բարձրացնել ախտորոշման ճշգրտությունը և օգնել նյարդաբանական ու հոգեկան խանգարումների, մասնավորապես՝ Ալցհայմերի հիվանդության, դեպրեսիայի և նյարդային զարգացման խանգարումների բուժմանը։ Հետազոտությունների արդյունքները ներկայացվել են Նյարդագիտության ընկերության Neuroscience 2026 ամենամյա գիտաժողովում, հայտնում է Medical Xpress-ը։
Նյարդաբանական և հոգեկան հիվանդություններով ամբողջ աշխարհում միլիարդավոր մարդիկ են տառապում, դրանք հաշմանդամության հիմնական պատճառներից են։ Կենսամարկերները՝ կենսաբանական ցուցանիշներ, որոնք օգնում են հայտնաբերել հիվանդությունները, գնահատել դրանց զարգացումը և հետևել բուժման արդյունավետությանը, արդեն լայնորեն կիրառվում են ուռուցքաբանության, սրտաբանության և գենետիկական խանգարումների ախտորոշման մեջ։ Սակայն նյարդային համակարգի աշխատանքի բարդությունը դժվարացնում է գլխուղեղի հիվանդությունների համար դրանց մշակումը։
Նոր հետազոտությունները ցույց են տալիս, որ նման վիճակների ախտորոշման և ընթացքի վերահսկման համար կարելի է օգտագործել նյարդապատկերման տվյալները, արյան մեջ առկա նյութերը, գենետիկական փոփոխությունները և հազիվ նկատելի շարժողական խանգարումները։
Մասնավորապես, հիպոկամպից բացի՝ գլխուղեղի այլ կառուցվածքների չափերի չափումը կարող է օգնել հայտնաբերել Ալցհայմերի հիվանդության հետ կապված նյարդային դեգեներացիայի վաղ նշանները և հետևել հիվանդության ցարգացմանը, հայտնել է Ջոնս Հոփքինսի համալսարանից Մեգան Մորիսը։
Մեկ այլ հետազոտություն ցույց է տվել, որ պահպանված ճանաչողական գործառույթներով որոշ տարեց մարդկանց գլխուղեղի կառուցվածքը կարող է բնորոշ լինել ավելի երիտասարդ տարիքին՝ նույնիսկ արյան մեջ նյարդային դեգեներացիայի կենսամարկերների բարձր մակարդակի դեպքում։ Այս արդյունքները կարող են օգնել ավելի լավ հասկանալ գլխուղեղի առողջ ծերացման մեխանիզմները։ Հետազոտությունը ներկայացրել է Մայամիի համալսարանի Միլերի բժշկական դպրոցից Կարլոն Հ. Ջոնսոնը։
Կոլումբիայի համալսարանի գիտնականները նաև փոփոխություններ են հայտնաբերել միտոքոնդրիումների հետ կապված գեներում՝ մեծ դեպրեսիվ խանգարում ունեցող մարդկանց գլխուղեղի և արյան նմուշներում։ Այս փոփոխությունները կարող են օգտակար լինել կենսամարկերների մշակման և նոր բուժական թիրախների որոնման համար։
Բացի այդ, Էմորիի համալսարանի հետազոտողները մշակել են արհեստական բանականության համակարգ, որը կարող է հայտնաբերել և քանակապես գնահատել հազիվ նկատելի շարժողական ախտանիշները ոչ մարդանման պրիմատների մոտ, որոնք ծառայում են որպես նյարդադեգեներատիվ հիվանդությունների և նյարդային զարգացման խանգարումների մոդելներ։
«Կենսամարկերները և բուժման արդյունքների գնահատման մեթոդներն անհրաժեշտ են ախտորոշումը կատարելագործելու, հիվանդությունների ընթացքը կանխատեսելու, դրանց զարգացման և բուժման նկատմամբ արձագանքին հետևելու համար»,— նշել է հետազոտող Քերոլ Թեյլոր-Բյորդսը՝ ԱՄՆ նյարդաբանական խանգարումների և ինսուլտի ազգային ինստիտուտի (NINDS) տրանսլյացիոն հետազոտությունների բաժնի ծրագրի ղեկավարը։
Նրա կարծիքով, ներկայացված հետազոտություններն օգնում են ավելի լավ հասկանալ տրամադրության խանգարումների, նյարդային զարգացման խանգարումների և նյարդադեգեներատիվ հիվանդությունների պատճառներն ու զարգացումը, նաև տարեց հասակում ճանաչողական գործառույթների պահպանման առանձնահատկությունները։










