Ուղեղի և սրտի փոխազդեցությունը կարող է օգնել կանխատեսել ծանր թթվածնային քաղցից հետո ողջ մնալու հավանականությունը։ Այս եզրակացությանն են եկել Փարիզի ուղեղի ինստիտուտի հետազոտողները՝ ուսումնասիրելով առնետների օրգանիզմի արձագանքը թթվածնի մատակարարման կրիտիկական նվազմանը։ Աշխատանքի արդյունքները հրապարակվել են eNeuro ամսագրում։

Ուղեղում թթվածնի պակասը կամ ուղեղային անօքսիան ամբողջ աշխարհում մահվան լուրջ պատճառներից մեկն է։ Նույնիսկ եթե հիվանդին հաջողվում է ողջ մնալ, թթվածնային քաղցի հետևանքները կարող են պահպանվել երկար ժամանակ և ներառել նյարդաբանական խանգարումներ, որոնք էապես վատթարացնում են կյանքի որակը։

Դիեգո Կանդիա-Ռիվերան, Սոֆիա Կարիոն-Ֆալգարոնան և նրանց գործընկերները ստուգել են՝ արդյոք սրտի և ուղեղի ակտիվության փոխազդեցության հիման վրա հնարավոր է կանխատեսել ծանր թթվածնային քաղցի պայմաններում արյան շրջանառության վերականգնումից հետո ողջ մնալու հավանականությունը։

Թթվածնի պակասի պատճառով մահվան շեմին հայտնվելուց հետո առնետների ուղեղի ակտիվությունը զգալիորեն նվազում էր, իսկ սրտի ռիթմի փոփոխականությունը՝ սրտի կծկումների միջև ընկած ժամանակահատվածների փոփոխության ցուցանիշը, բարձրանումր։

Հատկապես կարևոր է եղել սրտի ակտիվության փոխազդեցությունը ուղեղի երկու հատվածներից ստացվող ազդանշանների հետ՝ մարմնական զգացողությունների մշակմանը մասնակցող սոմատոսենսոր կեղևի և հիշողության ու տարածական կողմնորոշման մեջ առանցքային դեր ունեցող հիպոկամպի։ Այս փոխկապակցվածությունները թույլ էին տալիս բարձր ճշգրտությամբ կանխատեսել, թե որ կենդանիները ողջ կմնան։

Հետազոտողների կարծիքով, ստացված արդյունքները վկայում են ուղեղի և սրտի համաժամանակեցված աշխատանքի ու թթվածնային քաղցի կրիտիկական դրվագից հետո օրգանիզմի վերականգնվելու ունակության միջև կապի մասին։

Գիտնականները հույս ունեն, որ հետագա հետազոտությունները թույլ կտան ստուգել այս մոտեցման կիրառելիությունը մարդկանց շրջանում։

Հեռանկարում ուղեղի և սրտի փոխազդեցության վերլուծությունը կարող է օգնել բացահայտել ծանր թթվածնային քաղցից հետո վերականգնման տարբեր կանխատեսումներ ունեցող հիվանդներին։ Սակայն նման հնարավորությունը հաստատելու համար անհրաժեշտ են մարդկանց մասնակցությամբ հետազոտություններ։