Երուսաղեմի Եբրայական համալսարանի և Վեյցմանի գիտությունների ինստիտուտի հետազոտողները մշակել են արյան անալիզի մեթոդ, որը թույլ է տալիս 95% ճշգրտությամբ հայտնաբերել կրծքագեղձի քաղցկեղը զարգացման վաղ փուլերում։
Բացի այդ, թեստն օգնում է գնահատել բուժումից հետո հիվանդության ռեցիդիվի ռիսկն ու կարող է ի հայտ բերել քաղցկեղի վերադարձի բարձր հավանականությունը նույնիսկ այն պացիենտների մոտ, որոնց ավանդական մեթոդներով դասում են ցածր ռիսկային խմբին։
Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature ամսագրում։ Աշխատանքն իրականացվել է Ռեհովոտի «Կապլան» բժշկական կենտրոնի բժիշկների հետ համատեղ։
Արյան մեջ ուռուցքային բջիջների հետքերը հայտնաբերող հեղուկ բիոպսիաները համարվում են ուռուցքաբանության ամենահեռանկարային ուղղություններից մեկը։ Սակայն վաղ փուլերում այդ հետքերի քանակը չափազանց փոքր է, ինչը դժվարացնում է ուռուցքի հայտնաբերումն ու մեծացնում կեղծ դրական արդյունքների ռիսկը։
Նոր տեխնոլոգիան հիմնված է էպիգենետիկ փոփոխությունների՝ գեների ակտիվությունը կարգավորող քիմիական նշիչների ուսումնասիրության վրա։ Եթե ԴՆԹ-ն կարելի է համեմատել բաղադրատոմսերի գրքի հետ, որը բջիջների համար հրահանգներ է պարունակում, ապա էպիգենետիկ նշիչները նման են էջանիշների ու նշումների, որոնք հուշում են, թե որ հրահանգները և որքան ակտիվ պետք է կիրառել։
Երբ բջիջները, այդ թվում՝ քաղցկեղային, մահանում են, դրանք արյան մեջ արտանետում են նուկլեոսոմներ՝ սպիտակուցների շուրջ փաթաթված ԴՆԹ-ի բեկորներ։ Հետազոտողներն օգտագործել են գիտնական Էֆրատ Շեմայի խմբի մշակած տեխնոլոգիան, որը ֆլուորեսցենտային նշիչների և առանձին մոլեկուլների մանրադիտման միջոցով թույլ է տալիս վերլուծել միլիոնավոր նուկլեոսոմների էպիգենետիկ առանձնահատկությունները։
Սկզբում գիտնականներն ուսումնասիրել են նորագոյացությունների վիրահատական հեռացման պատրաստվող 12 կնոջ ուռուցքային հյուսվածքների նմուշներ։ Այնուհետև նրանք առանձնացրել են ուռուցքներին բնորոշ էպիգենետիկ հատկանիշներն ու սովորել դրանք հայտնաբերել արյան մեջ։
Մեթոդը ստուգելու նպատակով հետազոտողներն օգտագործել են կրծքագեղձի քաղցկեղով 77 պացիենտի արյան նմուշ, որոնց առնվազն հինգ տարի վերահսկել են Ֆլորիդայի Մեյո կլինիկայում, ինչպես նաև առողջ 30 կնոջ նմուշ։ Արհեստական բանականության մոդելներին սովորեցրել են տարբերել այս երկու խմբերի նմուշները։ Վաղ քաղցկեղի հայտնաբերման ճշգրտությունը, երբ ուռուցքը դեռևս կրծքագեղձի սահմաններում էր և չէր գերազանցում 2 սմ-ը, հասել է 95%-ի։
Հետազոտության ընթացքում գիտնականները պարզել են, որ նույնիսկ առանձնապես ոչ ագրեսիվ համարվող ուռուցքներում կարող է առկա լինել շրջակա հյուսվածքներ ներթափանցելու բարձր ունակությամբ բջիջների փոքր պոպուլյացիա։ Այդ բջիջներն աչքի են ընկել բնորոշ էպիգենետիկ պրոֆիլով։
Կրծքագեղձի քաղցկեղի լաբորատոր մոդելների վրա կատարված գիտափորձերը ցույց են տվել, որ ագրեսիվ բջիջները կարող են առաջանալ ի սկզբանե ոչ ագրեսիվներից։ Գիտնականների խոսքով՝ դրանց միջև եղած տարբերությունները, ըստ երևույթին, մեծապես պայմանավորված են էպիգենետիկ փոփոխություններով, այլ ոչ միայն գենետիկ մուտացիաներով։
Հետազոտողները ենթադրել են, որ հենց նման բջիջներն են նպաստում ռեցիդիվներին. բուժումը ոչնչացնում է ուռուցքի հիմնական զանգվածը, սակայն առանձին բջիջներ պահպանվում են և հետագայում նոր աճի սկիզբ դառնում։










