Գիտնականները հայտնաբերել են երկրորդ տեսակի շաքարային դիաբետի դեպքում ատամները պահող ոսկրային հյուսվածքը վերականգնելու միջոց։ International Journal of Oral Science ամսագրում հրապարակված հետազոտության համաձայն՝ պարաթիրեոիդ հորմոնը (ՊԹՀ) և աբալոպարատիդ դեղամիջոցն օգնել են վերականգնել դիաբետ ունեցող մկների ատամների շուրջ գտնվող ոսկրային հյուսվածքը։

Երկրորդ տեսակի շաքարային դիաբետը մեծացնում է պարոդոնտիտի՝ ատամները շրջապատող հյուսվածքների քրոնիկական բորբոքման վտանգը։ Հիվանդությունն արագացնում է ատամները պահող ալվեոլային ոսկրի քայքայումը՝ մեծացնելով դրանց շարժուն դառնալու և կորստի հավանականությունը։

Գիտափորձի ընթացքում Ինդիանայի համալսարանի բժշկական դպրոցի և Արքանզասի բժշկական գիտությունների համալսարանի հետազոտողներն ուսումնասիրել են երկու դեղամիջոցների ազդեցությունը դիաբետ ունեցող մկների վրա։ Երկու միջոցներն էլ մեծացրել են ոսկրային հյուսվածքի ծավալը և վերականգնել դրա բարձրությունը գրեթե մինչև առողջ կենդանիների մոտ դիտված մակարդակը։

Գիտնականները պարզել են, որ դեղամիջոցներն ակտիվացնում են ոսկրագոյացման գործընթացները՝ ազդելով ոսկրային հյուսվածքի նորացումը կարգավորող օստեոցիտ բջիջների վրա։ Ընդ որում, դիաբետ ունեցող մկների մոտ դեղամիջոցները չեն ուժեղացրել օստեոկլաստների՝ ոսկրը քայքայող բջիջների ակտիվությունը։ Առողջ կենդանիների մոտ դեղամիջոցները խթանել են ոսկրային հյուսվածքի ինչպես գոյացումը, այնպես էլ քայքայումը, ուստի դրա ընդհանուր ծավալն էապես չի փոխվել։

Արդյունքները վկայում են դիաբետ ունեցող պացիենտների ատամները պահպանելու, ինչպես նաև ատամնային իմպլանտների սերտաճումը բարելավելու նպատակով այս դեղամիջոցների կիրառման հնարավորության մասին։ Սակայն հետազոտությունն առայժմ իրականացվել է միայն կենդանիների վրա։ Մարդկանց մոտ նման բուժման արդյունավետությունն ու անվտանգությունը պարզելու համար անհրաժեշտ են հետագա փորձարկումներ։