Պարբերական ծոմապահությունն օգնել է լիովին կարգավորել արյան շաքարի մակարդակը երկրորդ տիպի շաքարային դիաբետ ունեցող մկների մոտ՝ նույնիսկ առանց մարմնի քաշի նվազման։ Նման եզրակացության են հանգել Միչիգանի համալսարանի հետազոտողները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Molecular Metabolism բժշկագիտական հանդեսում։
Երկրորդ տիպի շաքարային դիաբետի դեպքում օրգանիզմի բջիջներն ավելի թույլ են արձագանքում ինսուլինին, ուստի ենթաստամոքսային գեղձի բետա-բջիջները ստիպված են ավելի շատ ինսուլին արտադրել՝ արյան գլյուկոզայի մակարդակը վերահսկելու համար։ Մշտական բարձր ծանրաբեռնվածությունը կարող է հանգեցնել դրանց աշխատանքի խանգարման և հիվանդության ընթացքի վատթարացման։
Հետազոտողները որոշել են ստուգել՝ արդյոք սննդի ընդունումների միջև երկարատև ընդմիջումը կարո՞ղ է օգնել բետա-բջիջներին վերականգնվել։ Փորձի համար օգտագործել են գենետիկ մուտացիա ունեցող մկների, որոնց օրգանիզմում ինսուլինի նախորդող նյութի՝ պրոինսուլինի մոլեկուլների մի մասը սխալ է ձևավորվում։ Ճարպերի բարձր պարունակությամբ սննդակարգի պայմաններում կենդանիների մոտ մի քանի շաբաթվա ընթացքում դիաբետ էր զարգանում։
Այնուհետև մկներին բաժանել են երկու խմբի։ Մի խումբը մշտապես ցածր կալորիականությամբ կեր էր ստանում, իսկ մյուսը շարունակում էր սնվել ճարպոտ սննդով, բայց միայն օրը մեջ։ Հինգ շաբաթ անց երկու խմբերի կենդանիների մարմնի քաշը շարունակում էր նույնը մնալ, սակայն օրընդմեջ սնվող մկների արյան շաքարի մակարդակը լիովին կարգավորվել էր։
Ընդ որում, երկու խմբերն էլ ընդհանուր առմամբ նույն քանակությամբ կալորիաներ էին ընդունում և այրում։ Օրընդմեջ ծոմ պահող մկների բետա-բջիջներում ավելի շատ ինսուլին էր կուտակվում։ Հետազոտողների կարծիքով՝ սննդի ընդունումների միջև ընդմիջումները ենթաստամոքսային գեղձի բջիջներին հնարավորություն էին տալիս վերականգնվել և հորմոն պաշարել՝ հետագայում այն անհրաժեշտ քանակությամբ արտազատելու համար։
Սակայն ազդեցությունն անմիջապես չի դրսևորվել. շաքարի բնականոն մակարդակը վերականգնելու համար մի քանի շաբաթ է պահանջվել։ Գիտնականները զգուշացնում են նաև, որ նախկին սննդային սովորություններին վերադառնալը կարող է հանգեցնել դիաբետի կրկին զարգացման։
Հետազոտողները հույս ունեն պարզել՝ արդյոք պարբերական ծոմապահությունը կարո՞ղ է օգնել հիվանդության ավելի ծանր ձևեր ունեցող մարդկանց։ Առայժմ փորձն անցկացվել է միայն մկների վրա, ուստի դրա արդյունքները չի կարելի ուղղակիորեն տարածել բուժառուների վրա։ Բացի դրանից, խորացած դիաբետի դեպքում պահպանված և գործող բետա-բջիջների քանակը կարող է անբավարար լինել դրանց աշխատանքը վերականգնելու համար։










