Հայաստանում 7 տարեկան երեխաների 97 տոկոսն ըստ օրացույցի ստանում է բոլոր պատվաստումները մինչեւ դպրոց գնալը: Այդ մասին   NEWS.am Medicine-ի թղթակցին հայտնել է Հայաստանի Առողջապահության նախարարության իմունոկանխարգելման ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:  

Նրա խոսքով, մասնագետները պատվաստման ծրագրերի գնահատման երեք առանցքային տարիքային խումբ են առանձնացնում. մինչեւ 1 տարեկան, մինչեւ 2 տարեկան եւ մինչեւ 7 տարեկան երեխաներ: Հայաստանում մեկ տարեկան երեխաների 92 տոկոսը ստանում է իր տարիքի համար նախատեսված բոլոր պատվաստումները, իսկ այդ տարիքի երեխաների 98-99 տոկոսը ստանում է պատվաստումների մի մասը: 

Ավելի բարձր տարիքի երեխաների շրջանում պատվաստման ցուցիչն ավելի բարձր է. մասնավորապես, երկու տարեկանների 94 տոկոսը եւ յոթ տարեկանների 97 տոկոսը ըստ օրացույցի ստանում են բոլոր պատվաստումները: Գայանե Սահակյանը նշել է, որ յոթ տարեկան երեխաների շրջանում լավ ցուցանիշները կապված են այն բանի հետ, որ ծնողները, երեխաներին դպրոց ուղարկելուց առաջ, ձգտում են նրանց բոլոր պատվաստումներն անել` դպրոցում հնարավոր վարակներից պաշտպանելու համար: 

Իսկ մեկ տարեկան եւ բարձր տարիքի երեխաների շրջանում համեմատաբար ցածր ցուցանիշները կապված են հակավիրուսային պատվաստման առանձնահատկությունների հետ. առաջին պատվաստանյութն անհրաժեշտ է ներարկել   15 շաբաթական տարիքում, իսկ երկրորդը` 32 շաբաթական: Եթե երեխան այդ ընթացքում հիվանդ է կամ այլ հակացուցումներ ունի, պատվաստումը բաց են թողնում, եւ այդ երեխան արդեն չի մտնում նրանց թվի մեջ, որոնք ստացել են բոլոր պատվաստումները, նույնիսկ եթե մյուս  բոլոր պատվաստումներն իրոք ստացել է: 

Հիշեցնենք, որ միջազգային ստանդարտների համաձայն, երկրում երեխաների  գոնե  90 տոկոսը պիտի ստանա օրացույցով ենթադրվող բոլոր պատվաստումները, որպեսզի նրանց շրջանում կանխարգելվի վարակիչ հիվանդությունների, օրինակ` կարմրուկի տարածումը: