Հայաստանի առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը Առողջապահության համաշխարհային կազմակերպության 69-րդ նստաշրջանի փոխնախագահը կլինի, ինչը նրան հնարավորություն կընձեռի ավելի լավ հասկանալ առողջապահության ոլորտում համաշխարհային առաջնահերթությունները: Այդ մասին լրագրողներին հայտնել է ԱՀԿ-ի Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Ժուժաննա Յակաբը:
«Նորին գերազանցություն առողջապահության նախարարն այս տարի Առողջապահության համաշխարհային վեհաժողովի 69-րդ նստաշրջանի փոխնախագահը կլինի: Դա նրան հնարավորություն կտա ավելի լավ հասկանալ առողջապահության ոլորտում համաշխարհային առաջնահերթությունները եւ կապ ստեղծել Հայաստանում եւ այլ երկրներում հանրային առողջության առաջնահերթությունների միջեւ», - ասել է նա:
Ժուժաննա Յակաբը Երեւան է ժամանել առողջապահության ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկելու Առողջապահության նախարարության եւ ԱՀԿ-ի միջեւ համագործակցությունը եւ մի շարք այլ այժմեական հարցեր, ինչպես նաեւ նախարարին եւ նրա գործընկերներին ներկայացնելու ԱՀԿ-ի երեւանյան գրասենյակի նոր ղեկավար Եգոր Զայցեւին:
Հիշեցնենք, որ Հայաստանի առողջապահության նախարարին առաջարկվել էր 2016-ի մայիսին Ժնեւում տեղի ունենալիք Առողջապահության համաշխարհային վեհաժողովի 69-րդ նստաշրջանի փոխնախագահի պաշտոնը: Մի քանի շաբաթ առաջ ԱՀԿ-ի եվրոպական գրասենյակի ղեկավար Ժուժաննա Յակաբի անունից առաջարկությունը նախարար Արմեն Մուրադյանին էր փոխանցել ԱՀԿ-ի եվրոպական գրասենյակի քաղաքականության վարչության ղեկավար Պիրոժկա Օստլինը, որը Երեւան էր եկել` մասնակցելու «Հանրային առողջապահության նոր մարտահրավերներ» նախարարական համաժողովին:






