• Latest news

Հայաստանի անչափահասներն ամենաերջանիկն են եվրոպական տարածաշրջանում

13 մայիսի, 2016  18:06

11-13 տարեկան հայ պատանիները սիրում են դպրոցը եւ իրենց ավելի երջանիկ են զգում, քան իրենց հասակակիցները եվրոպական այլ երկրներում: Նման եզրակացության են հանգել «Հայաստանում դպրոցական տարիքի երեխաների առողջության նկատմամբ պահվածքը» հետազոտության հեղինակները, որն անցկացվել է 2013-2014 թթ-երին եւ որի արդյունքները, որոնք մշակվել են միջազգային փորձագետների հետ այլ երկրների արդյունքների հետ համադրմամբ, այսօր ներկայացվել են հայ մասնագետներին: 

Հայաստանի Առողջապահության նախարարության գլխավոր մանկաբույժ, «Արաբկիր» բժշկական կենտրոնին կից երեխաների եւ պատանիների առողջության ինստիտուտի ղեկավար Սերգեյ Սարգսյանը NEWS.am Medicine-ի թղթակցին պատմել է, որ դպրոցական տարիքի երեխաների պահվածքի վերոհիշյալ հետազոտությունն անցկացնում են աշխարհի   44 երկրում. մեծ մասամբ եվրոպական երկրներում, Ռուսաստանում, Մոլդովայում, Ուկրաինայում, ԱՄՆ-ում, Կանադայում եւ իհարկե` Հայաստանում: Այդ բոլոր երկրներում միասնական մեթոդոլոգիա է օգտագործվում, ինչի շնորհիվ հնարավոր է համեմատել բոլոր երկրների տվյալները եւ համաեվրոպական պատկեր ստանալ առողջության, դպրոցականների խնդիրների եւ պահվածքի վերաբերյալ, ինչի հիման վրա հնարավոր է շտկել պետական քաղաքականությունը, որն ուղղված է երեխաների եւ պատանիների առողջության պահպանմանը:  

Հետազոտության շրջանակում մասնագետներն ուսումնասիրել են Հայաստանի 145 կրթական հաստատությունից երեխաների կենսակերպը եւ պահվածքը, պարզել են, թե նրանք ինչ խնդիրներ ունեն դպրոցում եւ տանը, ինչպես են սնվում, ծխում են արդյոք, ալկոհոլ օգտագործո՞ւմ են, սեքսով զբաղվո՞ւմ են, վնասվածքներ ստացե՞լ են, բռնության զոհ դարձե՞լ են եւ այլն: 

Հայաստանում անցկացված հետազոտությունը եւ ստացված տվյալների համեմատությունը այլ երկրների տվյալների հետ ցույց է տվել, որ 11-13 տարեկան հայ դպրոցականները, իրենց խոսքով, լիովին երջանիկ են եւ կյանքից գոհ` անհամեմատ ավելի, քան այլ երկրների երեխաները: Նրանք սիրում են դպրոցը եւ հաճույքով սովորում են, նրանք ընտանիքում նորմալ հարաբերություններ ունեն եւ լավ ընկերներ: Հետաքրքիր է սակայն, որ 15-17 տարեկան դպրոցականներն արդեն պակաս երջանիկ են:  

Ինչ վերաբերում է հիմնական խնդիրներին, որոնք ի հայտ է բերել հետազոտությունը, արժե նախ եւ առաջ նշել, որ հայ դպրոցականների սննդակարգը ընդհանուր առմամբ անառողջ է համարվում, նրանք չափից շատ են քաղցրեղեն ուտում: Մյուս կողմից, նրանք ավելի շատ միրգ են ուտում, քան այլ երկրներից երեխաները: 

Սերգեյ Սարգսյանը նաեւ նշել է, որ հայ պատանիների շրջանում շատ տարածված է ծխելը. իհարկե, ծխող անչափահասների թվով Հայաստանն առաջին տեղում չէ, բայց վիճակագրությունն այնուամենայնիվ, անհանգստացնող է:  

Ինչ վերաբերում է առողջական խնդիրներին, ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեկան, 44 երկրի պատանիների մոտ դրանք քիչ են տարբերվում: 

«Հայաստանում դպրոցական երեխաների առողջության հանդեպ պահվածքը» Հայասանում առաջին անգամ իրականացվել է 2005-2006 թթ-ին, հետո` 2010-ին: Նորագույն հետազոտությունը, որը ներկայացվել է այսօր, անցկացվել է 2013-2014 թթ-ին, տվյալները մեկ տարի մշակվել են միջազգային փորձագետների հետ, ինչը, Սերգեյ Սարգսյանի խոսքով, մեծացնում է դրանց հավաստիությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll