Զիկա տենդը կարող է մոտ ամիսներին տարածվել Եվրոպայի երկրներով, սակայն նման զարգացման ռիսկն այնքան էլ բարձր չէ: Այդ մասին հայտնել են ԱՀԿ-ի Եվրոպական տարածաշրջանային բյուրոյից: 

«Եվրոպական տարածաշրջանում Զիկա վիրուսի տարածման ռիսկ գոյություն ունի, այն տարբեր է յուրաքանչյուր երկրում: Մենք առավելագույն սպառնալիքին ենթակա երկրներին կոչ ենք անում առաջնային դարձնել Զիկայի խոշոր բռնկումը բացառելու միջոցառումները», — հայտնել է ԱՀԿ ԵՏԳ-ի տնօրեն Ժուժաննա Յակաբը: 

Արեւմտյան ԶԼՄ-ները հայտնում են, որ ԱՀԿ ԵՏԳ-ն եվրոպական տարածաշրջանի համար Զիկա վիրուսի ներկայացրած ռիսկը գնահատում է որպես ցածր կամ չափավոր: Առավելագույն սպառնալիք Զիկան ներկայացնում է այն տարածաշրջանների համար, որտեղ տարածված են Կուսակի ցեղի մոծակները, մասնավորապես` Մադեյրա կղզում եւ Սեւ ծովի հյուսիս-արեւելյան առափնյա հատվածում:  

Հիշեցնենք, որ ԱՀԿ-ի եվրոպական տարածաշրջանն ընդգրկում է ավելի քան  50  երկիր ընդհանուր գրեթե 900 մլն բնակչությամբ: ԱՀԿ-ի եվրոպական գրասենյակը այն  եզրակացությանն է հանգել, որ Զիկա վիրուսի տարածումը կանխարգելող միջոցների բացակայության դեպքում Զիկան չափավոր ռիսկ է ներկայացնում տարածաշրջանի   18 երկրի համար: Մնացած երկրներում այն ցածր է, շատ ցածր կամ հավասար է զրոյի: