Զիկա վիրուսը կարող է փոխանցվել ոչ միայն մոծակների խայթոցի միջոցով եւ սեռական եղանակով, այլեւ, ամենայն հավանականությամբ, օրալ սեքսի եւ նույնիսկ համբույրների, զգուշացնում են բժիշկները: 

Ֆրանսիայում վերջերս դեպք են արձանագրել, երբ   24-ամյա կինը Զիկա տենդով է վարակվել Բրազիլիայից վերադարձած զուգընկերոջից հենց օրալ սեքսի միջոցով:  Այդ դեպքի մասին  Institut National de la Santé et de la Recherche Médicale-ի ֆրանսիացի բժիշկները գրել են գիտական հայտնի New England Journal of Medicine ամսագրին ուղղված նամակում:

Նրանց խոսքով, կնոջ մոտ վարակումից հետո մկաններում եւ հոդերում ցավեր են սկսվել, ինչպես նաեւ մաշկին ցան է առաջացել: Շաբաթվա ընթացքում նա իրեն վատ է զգացել եւ ցանը տարածվել է փորով, ձեռքերով եւ ոտքերով: 

Ինքը` կինը, որի անունը չի նշվում, ոչ մի անգամ չի եղել այդ երկրներից որեւէ մեկում, որտեղ այժմ տարածված է Զիկա վիրուսը, սակայն նրա   46-ամյա զուգընկերը մինչ այդ եղել էր Բրազիլիայում, որտեղ նրա մոտ տենդի ախտանիշներ էին առաջացել: Այս տարվա փետրվարի   10-ին նա Ֆրանսիա է վերադարձել եւ նա եւս հիվանդության ոչ մի ախտանիշ չի ունեցել:  

Փետրվարի 10-ից 20-նն ընկած ժամանակահատվածում զույգը յոթ անգամ սեքսով է զբաղվել` հեշտոցային, առանց սերմնաժայթքման եւ օրալ` սերմնաժայթքումով:  

Երբ կինը դիմել է բժիշկներին, նրանք ստուգել են երկու զուգընկերոջն էլ եւ Զիկա վիրուսի բարձր խտություն են հայտնաբերել տղամարդու թքում:  Կնոջ թքի եւ մեզի մեջ եւս նրանք հայտնաբերել են այդ վիրուսը, սակայն հեշտոցի քսուքում դա չի եղել, ինչը բժիշկներին հիմքեր է տվել ենթադրելու, որ դրանով վարակումը տեղի է ունեցել հենց բերանի խոռոչի միջոցով` կամ օրալ սեքսի ընթացքում, կամ` համբույրների: 

Առայժմ գիտնականներին ամեն ինչ հայտնի չէ այդ վիրուսի մասին եւ նրանք երիտասարդ կանանց խորհուրդ են տալիս զգուշություն պահպանել, չմեկնել այնպիսի երկրներ, որտեղ տարածված է վիրուսը, ինչպես նաեւ պաշտպանվել այնպիսի զուգընկերների հետ սեքսի ընթացքում, որոնք եկել են այդ երկրներում: 

Հիշեցնենք, որ Զիկա վիրուսը շատ վտանգավոր է հղի կանանց համար, որովհետեւ պտղի մոտ միկրոցեֆալիա եւ այլ բնածին արատներ է առաջացնում: