Հայաստանի առողջապահության համակարգում առկա կոռուպցիոն դրսեւորումները հիմնականում պայմանավորված են համակարգային խնդիրներով. Այս մասին ասվում է «Պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ բուժօգնության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի գնահատում» ուսումնասիրությունում, որը կատարել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը։
«Առողջապահության համակարգի բարեփոխումների ընթացքում սրվեցին համակարգի կառավարման, ֆինանսավորման, բժշկական ծառայությունների որակի հետ կապված խնդիրները՝ առողջապահական հավասար հնարավորությունների եւ ծառայությունների մատչելիության, սոցիալական արդարության ապահովման, որակի գնահատման չափորոշիչների եւ նորմատիվների կանոնակարգման, բժշկատնտեսագիտական չափորոշիչների հստակեցման եւ ներդրման հիմնախնդիրները, որոնք իրենց հետ բերեցին նաեւ կոռուպցիոն ռիսկերի վտանգ:
Ավելին, մինչ օրս ամբողջությամբ արմատախիլ չի արվել դեռեւս խորհրդային ժամանակներից գոյություն ունեցող «ոչ պաշտոնական» վճարումների սովորույթները:
Առողջապահության ոլորտում առկա համակարգային չլուծված խնդիրներն այսօր էլ կոռուպցիայի դրսեւորումների առումով ռիսկային իրավիճակներ ստեղծող հիմնական խորքային պատճառներն են: Այսինքն, առողջապահության համակարգում առկա կոռուպցիոն դրսեւորումներն ունեն հիմնականում օբյեկտիվ պատճառներ՝ պայմանավորված համակարգային խնդիրներով: Եվ դրանք վերացնելով հնարավոր է նվազեցնել համակարգում առկա կոռուպցիոն դրսեւորումները:
Հարկ է նշել նաեւ Կոռուպցիայի համաշխարհային բարոմետրի (ԿՀԲ)` կոռուպցիայի նկատմամբ հանրության վերաբերմունքը եւ կոռուպցիոն երեւույթների հետ շփման նրանց փորձը արտահայտող ցուցանիշները: Այսպես, 2013թ. 1.068 անձանց շրջանում անցկացված հարցման մեջ ընդգրկված հաստատություներից/ոլորտներից որպես ամենակոռումպացված երեք ոլորտներից մեկը ընկալվել են հենց առողջապահական հիմնարկությունները/ծառայությունները: Ըստ հարցման տվյալների՝ պատասխանողների 66%-ը բժշկական եւ առողջապահական ծառայությունները համարել է կոռումպացված/ծայրահեղ կոռումպացված», – ասվում է զեկույցում։






