Սննդամթերքի եւ դեղամիջոցների վերահսկողության ամերիկյան գործակալությունը (FDA) հավանություն է տվել ավելորդ քաշի դեմ պայքարի համար նոր սարքի կիրառմանը: Այն սնունդն անմիջապես ստամոքսից արտածծում է հատուկ խողովակի միջոցով:
Սարքը ստամոքսում տեղադրված հատուկ խողովակի միջոցով արտածծում է սնունդը` դրանով մարդուն ազատելով ավելորդ կալորիաներից: Սարքը սկսում է աշխատել սննդի ընդունումից մոտավորապես 30 րոպե անց, հիվանդին ազատելով ստամոքսի պարունակության 30 տոկոսից: Այդ ամբողջ պարունակությունը խողովակով անմիջապես զուգարան է գնում:
Սարքի էությունն այն է, որ այն սնունդը հեռացնում է մինչեւ օրգանիզմի կողմից ներծծվելը, հենց դա էլ մարդուն ազատում է ավելորդ քաշ հավաքելուց: Սարքը ստեղծված է սկավառակ հիշեցնող փականից, որը տեղադրվում է մարմնի արտաքին կողմից եւ աշխատում է որպես պոմպ: Առաջին փուլում վիրաբույժները հիվանդի մարմնում տեղադրում են խողովակը եւ այն միացնում են փականին: Սննդի ընդունումից հետո հիվանդն ինքն է տեղադրում լրացուցիչ արտաքին կոննեկտորը, որպեսզի խողովակը կենդանանա եւ սկսի գործել:
Դրանից հետո փականը բացվում է եւ ստամոքսի պարունակությունը սկսում է խողովակով դանդաղ դուրս հոսել ուղիղ դեպի զուգարան: Ակտիվացումից հետո սարքին մոտավորապես 10 րոպե է անհրաժեշտ հիվանդի սնունդը դուրս քաշելու համար: Դա եւս մի սարք է, որը ստեղծվել է միլիոնավոր ամերիկացիների` ավելորդ քաշի եւ ճարպակալման դեմ պայքարի համար, որոնք չեն կարողանում նիհարել ավելի ավանդական մեթոդիկաների օգնությամբ:



Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day