• Latest news

Ապրիլյան պատերազմում երկու ոտքը կորցրած Դավիթը կկարողանա նույնիսկ սար բարձրանալ. բժիշկ

29 հունիսի, 2016  20:10

Դավիթին փողոցում տեսնելով` պատահական անցորդը հազիվ թե կռահի, որ նրա երկու ոտքն անդամահատել են եւ որ դեռեւս մի քանի օր առաջ նա չէր կարողանում քայլել: Ապրիլյան պատերազմի ընթացքում վիրավորված Դավիթն այսօր պրոթեզի օգնությամբ քայլում է, ճիշտ է, ոչ առանց հենակների օգնության, բայց ապագայում կկարողանա քայլել նաեւ առանց դրանց. համոզված է ինքը` Դավիթը եւ նրա բժիշկը: 

Դավիթի երկու ոտքը պրոթեզավորած բժիշկ-օրթոպեդ Մկրտիչ Գինոսյանը NEWS.am Medicine-ի թղթակցին պատմել է, որ անցյալ հինգշաբթի Դավիթն առաջին անգամ կանգնել է պրոթեզների վրա, բայց հաջորդ երկու օրը ստիպված է եղել ընդմիջում տալ եւ չքայլել, որովհետեւ սպիները դեռեւս թարմ էին եւ չափազանց զգայուն: Արդեն  4 օր է` Դավիթը պրոթեզով քայլում է եւ այժմ սովորում է քայլել առանց հենակների եւ կողմնակի օգնության: Մասնագետի խոսքով, եթե Դավիթը նույն ոգով շարունակի, եթե իր վրա աշխատի նույնքան, որքան այժմ, մոտ ապագայում կկարողանա ոչ միայն առանց աջակցության քայլել, այլեւ սպորտով զբաղվել եւ ապրել լիարժեք կյանքով:   

«Երբ մարդու վերջույթն անդամահատում են, նա չի պատկերացնում, թե հետո ինչ է անելու, բայց այս երեք օրվա ընթացքում Դավիթն ինքն է հասկացել եւ մեզ ցույց է տվել, որ շատ բանի կարող է հասնել: Նա կկարողանա քայլել, մարզվել, սպորտով զբաղվել, սար բարձրանալ», - ասել է Մկրտիչ Գինոսյանը: 

Դավիթն այսօր եկել է բժշկի հետ հերթական հանդիպմանը` ցույց տալու, թե ինչի է կարողացել հասնել վերջին օրերին: Բժիշկը շտկել է պրոթեզների երկարությունը, որպեսզի Դավիթի համար ավելի հարմար լինի կանգնելը եւ քայլելը: Եվ բացատրել է, թե տանն ինչ վարժություններ պետք է անի ֆիզիկական վիճակը պահպանելու համար: 

«3 ամիս ես ընդհանրապես չեմ քայլել, իսկ այժմ, երբ սկսել եմ քայլել, ինձ լիարժեք մարդ եմ զգում», - NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում խոստովանել է Դավիթ Գրիգորյանը:

Նրա խոսքով, երբ ինքն առաջին անգամ կանգնել է պրոթեզների վրա, իր համար ծայրաստիճան անսովոր էր, բայց եւ ուրախալի` հաշմանդամի սայլակում երկար շաբաթներից հետո: 

«Ինձ համար մի քիչ բարդ է, բայց ես դա կհաղթահարեմ», - խոստացել է Դավիթը:

Դավիթի համար անհատական պրոթեզ է պատրաստվել, ինչպես որ, իմիջիայլոց, արվում է վերջույթների պրոթեզավորման կարիք ունեցող յուրաքանչյուր հիվանդի համար: Մկրտիչ Գինոսյանը բացատրել է, որ «պատրաստի» շաբլոնային պրոթեզներ չկան եւ չեն կարող լինել. անհրաժեշտ է վերցնել յուրաքանչյուր կոնկրետ հիվանդի չափերը, գիպսային մոդելներ անել, իսկ հետո արդեն` հիվանդին իդեալականորեն համապատասխանող պրոթեզը:  

«Սրանք կոշիկներ չեն, որ միեւնույն չափսով կարենք եւ բոլորին տանք կրելու. յուրաքանչյուր հիվանդ իր խնդիրներն ունի, իր կազմվածքը եւ այդ ամենն անհրաժեշտ է հաշվի առնել պրոթեզները պատրաստելիս», - նշել է մասնագետը:

Դավիթը, ապրիլյան իրադարձությունների ընթացքում վնասվածքներ ստացած այլ տղաների նման, պրոթեզներ է ստացել պետպատվերի շրջանակում: Սակայն լինում են նաեւ ավելի որակյալ պրոթեզներ, որոնք նկատելիորեն կթեթեւացնեին նրանց կյանքը, բայց որոնք չեն կարող տրամադրվել պետպատվերով:   

«Մեր զինվորներն ավելի որակյալ պրոթեզների են արժանի` ավելի գործառնական ներբաններով, չէ որ նրանցից շատերը վերադարձել են ծառայության, դիրքերում են, իսկ այնտեղ սովորական առօրյա կյանք չէ, այնտեղ բարդ պայմաններ են եւ ավելի որակյալ պրոթեզները կթեթեւացնեին նրանց կյանքը», - նշել է մասնագետը:

Հիշեցնենք, որ Դավիթը վիրավորվել է ղարաբաղյան Թալիշ գյուղում զինվորական ծառայության ընթացքում: Մարտակերտի հոսպիտալում անդամահատել են նրա երկու ոտքը, ինչից հետո նրան Ստեփանակերտ են տեղափոխել, որտեղից էլ արդեն` Երեւան, որտեղ շարունակել են նրա բուժումը: 

Այժմ Դավիթն ապրում է հարազատ Ոսկեւան գյուղում: Նրանց տան դռների բացվածքները բավականին նեղ են եւ նրա հաշմանդամի սայլակը բավականին դժվարությամբ է անցնում դրանցով: Նրա կյանքը գոնե մի քիչ ավելի թեթեւացնելու համար անհրաժեշտ է փոխել տան բոլոր դռները, իսկ բացվածքները` լայնացնել, սակայն դա մեծ ծախսերի հետ է կապված, որոնք ընտանիքը դեռեւս չի կարող թույլ տալ իրեն: 

Հարցն այն է, որ Դավիթը ոչ միշտ է պրոթեզներով քայլելու. երեկոները, բժիշկների խորհրդով, նա պետք է հանի պրոթեզները եւ տեղաշարժվի սայլակի օգնությամբ, այդ պատճառով դռների բացվածքի ընդլայնումն անհրաժեշտություն է, առանց որի նրա համար շատ բարդ կլինի: 

Զինվորի ընտանիքին օգնելու պատրաստ մարդիկ կարող են փոխանցումներ անել այս հաշվին.

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ

AMD 220151812629000

EUR 220151630070002

RUR 220151630203958

USD 220151633553001

[18:29:00] Nune  Abrahamyan: Ստացող` Արմենուհի Հակոբյան

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել