• Latest news

Ի՞նչ է պատահել «Սլավմեդում». պատմում են մահացած ծննդկանի հարազատները

5 օգոստոսի, 2016  23:53

Պատին կախված մեծ դիմանկարից նայում է գեղեցիկ, ժպտացող աղջկա դեմքը: Մեկ այլ լուսանկարում նա հարսանեկան հանդերձանքով է՝ ամուսնու հետ: Ամեն անգամ այս սենյակ մտնելիս հարազատները նայում են լուսանկարներին. նրանք դեռեւս չեն հաշտվում 28-ամյա Տաթեւ Գասպարյանի մահվան մտքին, նրանց շարունակ թվում է, թե ուր որ է նա կբացի դուռը, կմտնի սենյակ եւ կժպտա, ինչպես լուսանկարում:

Տաթեւը մահացել է հուլիսի 27-ին՝ «Սլավմեդ» բժշկական կենտրոնում կեսարյան հատումով ծննդաբերելուց  հետո: Տաթեւը բացարձակ առողջ էր, եւ վիրահատությունը «համենայնդեպս» կատարվեց, «հանուն երեխայի անվտանգության»:

Վիրահատությունից կարճ ժամանակ անց նրա վիճակը վատացավ, իսկ երեւան եկած բարդացումները հանգեցրին նրա մահվան:

Թե ինչ է տեղի ունեցել այդ սարսափելի օրը՝ NEWS.am Medicine-ի թղթակցին պատմել է Տաթեւի մայրը՝ Հասմիկ Ղազարյանը:

Դա Տաթեւի առաջին հղիությունն էր, եւ նա, լինելով կիրթ եւ գրագետ կին, հղիությանը մեծ պատասխանատվությամբ էր վերաբերվում, ամեն ինչ անում էր ինչպես հարկն է, ուշադիր էր իր հանդեպ:

Նա հաշվառվել է «Սլավմեդ» բժշկական կենտրոնում. հարազատների խոսքով՝ նրան գրավել է կենտրոնի գեղեցիկ ինտերիերը եւ բարեհամբույր անձնակազմը: Որպես բժիշկ նա ընտրել է մի երիտասարդ կնոջ՝ Լիանա Դաղբաշյան անունով (Տաթեւի մայրն այդպես էլ ոչ մի անգամ չի տեսել այդ կնոջը): «Հեչ պարտադիր չէ հաճախել ձեր խորհրդային բժիշկներին», - ժպտալով ասել էր Տաթեւը:

Ի դեպ, խորհրդատվությունը վճարովի էր. 9 ամսվա ընթացքում նրանք կլինիկային վճարել են 60 հազար դրամ՝ 20 հազարական դրամ յուրաքանչյուր երեք ամիսը մեկ:

Տաթեւի հղիությունը նորմալ էր ընթանում՝ առանց որեւէ խնդրի եւ պաթոլոգիայի: Նա իրեն լավ էր զգում, նույնիսկ մի քանի անգամ հաճախել է հղիների համար յոգայի պարապմունքների:

Տաթեւը պատրաստվում էր ինքնուրույն ծննդաբերել, սակայն նրան համոզեցին կեսարյան հատում կատարել. պորտալարը երկու անգամ փաթաթվել էր պտղի պարանոցին, եւ բժիշկների խոսքով՝ բնական ճանապարհով ծննդաբերելիս 50 տոկոսով բարդությունների հավանականություն կար: Տաթեւը դրական էր տրամադրված եւ համաձայնեց կեսարյան հատմանը:

Վիրահատությունը նշանակեցին հուլիսի 26-ին, քանի որ այդ օրը վիրահատությանը կարող էր ներկա լինել նաեւ ծննդատան վարիչ Վարդան Ռափյանը: Հասմիկ Ղազարյանի հետ զրույցում նա նշել է, որ իր պարտքն է համարում ներկա լինել կեսարյան բոլոր հատումներին:

Վիրահատությունը կարծես նորմալ անցավ, եւ տղա լույս աշխարհ եկավ: Վիրահատությունից անմիջապես հետո Տաթեւն իրեն լավ էր զգում, երկու անգամ փոքրիկին կերակրել է, նույնիսկ կատակում էր, որ եթե կեսարյան հատումն այդքան թեթեւ եւ առանց ցավերի է, ապա ինքը կարող է եւս 3 կամ 4 երեխա ունենալ:

Հետո Տաթեւի ինքնազգացողությունն սկսեց վատանալ, ճնշումը ընկել էր, սակայն հերթապահ բուժքույրը դրան մեծ նշանակություն չտալով՝ խորհուրդ տվեց սուրճ խմել եւ շոկոլադ ուտել: Տաթեւն այդպես էլ արեց, սակայն նույնիսկ մի քանի գավաթ սուրճից ու կոնֆետից հետո նրա ինքնազգացողությունը չլավացավ. նա թուլացավ, համարյա անգիտակից վիճակում էր, իսկ որովայնը սկսեց տաքանալ եւ այրվել:

«Հնարավո՞ր է անոթ էր վնասվել, եւ արյունը լցվում էր որովայնի մեջ», - հարցնում է յուրաքանչյուր ոք, ով լսում է այս ախտանշանների մասին: Կլինիկայում, սակայն, ոչ մեկն իրեն այդ հարցը չտվեց: Նրան միայն ցավազրկող էին տալիս եւ խորհուրդ տալիս սուրճ խմել:

Վիրահատությունից մոտ 6 ժամ անց հերթապահ բժիշկը ուլտրաձայնային հետազոտություն կատարեց եւ ասաց, որ ամեն ինչ կատարյալ է, արգանդը կրճատվում է: Ավելի ուշ նա խոստովանեց, որ մասնագետ չէ եւ այնքան էլ չի հասկանում սոնոգրաֆիայից: Հրավիրեցին սոնոգրաֆիայի մասնագետի՝ փորձառու տարեց կնոջ, ում անունը Տաթեւի հարազատները չեն մտապահել. նա խնդրեց սոնոգրաֆիական մեկ այլ սարք բերել եւ Տաթեւին հետազոտելով՝ ասաց, որ նրա մոտ, հնարավոր է, ներքին արյունահոսություն է՝ նրա որովայնի մեջ արյուն էր կուտակվում:

Երբ Տաթեւին վիրահատարան էին տանում, նրա հարազատներին ասել էին, թե ընդամենը միայն մազանոթներն են պայթել եւ մաշկի տակ մի փոքր արյուն է կուտակվել, որը արագ կմաքրեն, իսկ 20-30 րոպե հետո կկարողանան նրան տեսակցել:

«Զբաղվիր երեխայով, ես շուտով կվերադառնամ», - սա Տաթեւի վերջին բառերն էին, որոնցով նա դիմել է մորը:

Նրան վիրահատարան են տարել գիշերվա մոտ ժամը 1.20-ին, սակայն ո՛չ 20 րոպե հետո, ո՛չ նույնիսկ մեկ ժամ հետո հարազատներին այդպես էլ չկանչեցին նրան տեսակցելու:

Գիշերվա ժամը 3-ին մոտ նրանց մոտեցավ բժիշկներից մեկը եւ ասաց, որ աղջկա ամուսինը շտապ գնա դոնորական երկրորդ խմբի դրական ռեզուսով արյուն բերելու: Արդեն հիմա, մտաբերելով այն ամենը, ինչ կատարվել է այդ օրը, Տաթեւի հարազատները զարմանում են, թե ինչո՞ւ վիրահատություններ կատարող հիվանդանոցում չկար դոնորական արյան պաշար: Ի՞նչ պիտի անեին, եթե, օրինակ, ամուսինն այդ պահին այնտեղ չլիներ, եւ մեկը չէր լինի, ում արյուն բերելու ուղարկեին:

Տաթեւի մոր հոգում ծնված տագնապը շարունակել է աճել: Նա փորձել է հասկանալ, թե ինչ է կատարվում եւ ինչու են դստերն այդքան երկար պահում վիրահատարանում, սակայն նրան միայն հանգստացրել են՝ ասելով, որ նրան շուտով կբերեն: Նրան նաեւ ասել են, որ Տաթեւը մոտ 2 լիտր արյուն է կորցրել: «Դե, մեկ լիտր կեսարյան հատման ժամանակ, մեկ լիտր էլ՝ հետո», պատասխանել են նրան, երբ հարցրել է՝ ինչո՞ւ այդքան շատ:

Արդեն լուսանում էր, սակայն հարազատներին այդպես էլ Տաթեւի մոտ չտարան: Անհանգստացած հարազատները սկսել են խոսել, որ խնդիր կա, որը չեն կարողանում կլինիկայի մասնագետները լուծել, եւ ավելի լավ կլինի, եթե այլ բժիշկների հրավիրեն:

«Մի՛ անհանգստացեք, մենք հանրապետական հիվանդանոցից արդեն ռեանիմատոլոգների ենք հրավիրել», - պատասխանել են նրանց:

«Դե, ինչ կարող ենք ասել, նրա վիճակը ծանր է», - խոստովանել են ավելի ուշ:

Բժիշկները մի փոքր էլ են սպասել Տաթեւի վիճակի կայունացմանը, սակայն հետո, այնուամենայնիվ, նրան «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխելու որոշում են կայացրել: Այնտեղ պարզվել է, որ Տաթեւի թոքերն արդեն համարյա չեն գործում, երկու անգամ սրտի կանգ էր գրանցվել: Նրա ամուսնուն հաջողվել է պարզել, որ  նրա թոքերն այտուցվել էին, ու  արյան կորստի եւ դոնորական արյան ու ինֆուզորային լուծույթի սխալ ներարկման հետեւանքով թրոմբոէմբոլիա էր առաջացել: Իսկ անոթը, որից սկսվել էր արյունահոսությունը, վնասվել էր կեսարյան հատման ժամանակ. արհեստական տրոմբը, որը պետք է փակեր անոթը, հավանաբար պոկվել էր:

Կոնկրետ ի՞նչն է սխալ եղել կեսարյան հատման ժամանակ, հատկապես ի՞նչ անոթ է վնասվել, եւ ինչո՞ւ տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ, «Սլավմեդում» հարազատներին ոչ մեկը չի պարզաբանել: Կնոջ մահվան պատասխանատվությունը եւս ոչ մեկը չի ստանձնել. հակառակը՝ մասնագետները սկսել են մեղքը մեկը մյուսի վրա բարդել: Որքանով հարազատներին հայտնի է (իհարկե, վիրահատությունից հետո Տաթեւն ինքն էլ է այդ մասին ասել) կեսարյան հատումը կատարել են երկու մասնագետներ՝ Լիանա Դաղբաշյանը եւ Վարդան Ռափյանը: Ինքը՝ Ռափյանը, եւս սկզբում ասել է, որ ակտիվ մասնակցել է վիրահատությանը: Սակայն երբ նման շրջադարձ եղավ, սկսեց պնդել, որ այնտեղ չի եղել, իսկ ամբողջ պատասխանատվությունը պետք է Լիանա Դաղբաշյանը կրի: Նույնիսկ փորձել են մեղադրել լաբորատորիային, որը սխալ է մշակել աղջկա անալիզները եւ ցույց չի տվել, որ աղջկա մոտ իբր արյան մակարդելիության հետ կապված խնդիր է եղել:

Ուշագրավն այն է, որ վիրահատությունից առաջ Տաթեւի հարազատներին չեն զգուշացրել կեսարյան հատման հետ կապված հնարավոր վտանգների մասին, չնայած նրանց եւ իրեն՝ ծննդկանին պարտավոր էին պարզաբանել կեսարյանի եւ բնական ծննդաբերության բոլոր դրական եւ բացասական կողմերը: Այդ դեպքում նրանք ավելի կշռադատված որոշում կկայացնեին՝ արդյո՞ք արժե կեսարյան հատում կատարել:

Տաթեւիկի որդին այժմ իրեն լավ է զգում:  «Սլավմեդի» նեոնատոլոգները, հարազատների փոխանցմամբ, առաջին իսկ վայրկյաններից  փոքրիկի հանդեպ շատ ուշադիր են եղել, եւ նրանց վերաբերմունքից ու արհեստավարժությունից հարազատներն անչափ գոհ են:

Այժմ երեխային ամբողջ ընտանիքն է խնամում՝ հայրը, տատիկները, մորաքույր-հորաքույրները եւ մյուս բոլոր հարազատները: Երբեմն բժշկական կենտրոնից նրան այցելում է նեոնատոլոգ-բժիշկը, օգնում հարազատներին:

Երբ տղան մեծանա եւ հարցնի՝ ինչ է եղել մոր հետ, նրան կպատմեն ամբողջ ճշմարտությունը: Բայց թե հատկապես ինչպես դա կանեն՝ կախված է, թե որ տարիքում նա այդ մասին կհարցնի: Հարազատները ջանում են նրան սիրով եւ ջերմությամբ շրջապատել, ապահովել անհրաժեշտ ամեն ինչով եւ այնպես անել, որ նա արժանավոր տղամարդ դառնա:

Նրանք նաեւ հույս ունեն, որ 28-ամյա առողջ, կենսախինդ, «իր իսկ ոտքով հիվանդանոց եկած» աղջկա մահվան մեղավորները կպատժվեն: Նրանք արդեն համապատասխան մարմիններ բողոք են ներկայացրել եւ այժմ սպասում են քննության արդյունքներին՝ հուսալով, որ այն օբյեկտիվ կլինի եւ իսկապես կբացահայտի մեղավորներին, առավել եւս, որ Տաթեւը վերջին ամիսներին այդ կլինիկայում մահացած միակ ծննդկանը չէ:

Իրենք՝ հարազատները կարծում են, որ Տաթեւի մահվան պատճառը ոչ այնքան բժշկական սխալն էր, որքան անփութությունը, անուշադրությունը եւ անտարբերությունը: Բացառված չէ, որ կեսարյան հատման ժամանակ նույնիսկ անոթի վնասումից եւ սկսված արյունահոսությունից հետո աղջկան կարելի էր փրկել, եթե նրա մոտ երեւան եկած ախտանիշներին ավելի մեծ ուշադրություն դարձվեր, եթե խնդիրն ավելի վաղ նկատեին եւ եթե ճիշտ որոշումներ ընդունեին:

Չնայած Հայաստանում բժշկական սխալներին առնչվող օրենսդրության մեջ լուրջ խնդիրներ կան, Տաթեւի ծնողները եւ ամուսինը հույս են փայփայում, որ, այնուամենայնիվ, արդարությունը կհաղթի, մեղավորները կհայտնաբերվեն եւ պատասխան կտան օրենքի առաջ:

Եթե խնդիրը գտնվի եւ վերացվի, եթե դրա մասին բոլորն իմանան, դա կօգնի հետագայում խուսափել երիտասարդ եւ առողջ ծննդկանների մահվան դեպքերից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել