Հազվադեպ հիվանդությամբ տառապող Մերի Թոփսակալյանի ընտանիքին առայժմ չի հաջողվել հայթայթել արտասահմանում աղջկա բուժման համար անհրաժեշտ գումարը: Սակայն հավաքված գումարը կծախսվի գերմանական կլինիկաներից մեկում հետազոտության եւ անալիզների վրա՝ հիվանդության իրական պատճառները բացահայտելու համար: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցին պատմեցին Մերիի հարազատները:

Աղջկա հարազատները դիմել են գերմանական 3 կլինիկա եւ պատրաստվում են երեխային տանել այնտեղ, որտեղ գներն ավելի ցածր կլինեն: Ներկայումս Մերիի ընտանիքը պատասխանի է սպասում այդ կլինիկաներից ու մեծ հույս ունի, որ աղջկան Գերմանիա կտանի արդեն ապրիլին:

Հիշեցնենք, որ Մերի Թոփսակալյանը տառապում է շատ հազվադեպ հիվանդությամբ, որը Հայստանում գործնականում հնարավոր չէ ո՛չ ախտորոշել, ո՛չ բուժել: Գրեթե անընդհատ աղջիկն անբացատրելի ցնցումների մեջ է, որոնք խանգարում են նրա շարժական ակտիվությանը (Մերին արդեն մի քանի ամիս է՝ չի կարողանում քայլել եւ գամված է անվասայլակին) եւ բացասաբար են անդրադառնում նրա ուղեղի եւ մտավոր կարողությունների վրա: Մերիին բուժող բժշկի խոսքով՝ նրան կարող են ախտորոշել միայն գերմանական առաջատար կլինիկաներից մեկում, որտեղ, հնարավոր է, բուժում նշանակեն կամ վիրահատեն:

7-ամյա Մերին Հայաստանում փորձել է բոլոր հնարավոր դեղամիջոցները, բայց նրա վիճակը գնալով վատանում է http://med.news.am/arm/news/886/7-amya-merin-hayastanum-pordzel-e-bolor-hnaravor-dexamijocnery-bayc-nra-vitchaky-gnalov-vatanum-e.html

Հանգանակված միջոցների մեծ մասը նվիրաբերել են որեւէ կերպ Մերիին կամ նրա ընտանիքին ճանաչող մարդիկ, բայց բոլորովին անծանոթ մարդիկ եւս նվիրատվություն են արել: «Արաբկիր» բժշկական կենտրոնի աշխատակազմը եւս գումար է հավաքել աղջկա բուժման համար:

Մերիի ընտանիքը նաեւ օգնության խնդրանքով դիմել է հարյուրավոր տարբեր կազմակերպությունների ու ընկերությունների, բայց միայն 3-ը կամ 4-ն են համաձայնվել օգնել: Աղջկա հարազատները դիմել են նաեւ բարեգործական կազմակերպությունների, բայց ոչ մեկը չի արձագանքել. մի մասն ասել են, որ միջոցներ չունեն, մյուսները՝ որ իրենք « նման հարցերով չեն զբաղվում», երրորդները՝ որ անհատների չեն օգնում:

Ինչպես Մերիի հարազատները նշեցին՝ այս ամսվա ընթացքում նրա ինքնազգացողությունը չի լավացել: Գարնանային փոփոխական եղանակը շատ վատ է անդրադառնում նրա վրա, իսկ երեկ երեկոյան նա այնքան վատ է զգացել, որ նրան դեղի լրացուցիչ չափաքանակ են տվել:

Աղջկա հետագա ճակատագիրը կախված կլինի Գերմանիայում արված հետազոտությունների եւ անալիզների արդյունքներից: Եթե պարզվի, որ աղջկան վիրահատություն է անհրաժեշտ, հավաքված գումարն այառժմ բավարար չէ, բայց Մերիի ընտանիքը հույս ունի, որ մինչ այդ կհաջովի հավաքել անհրաժեշտ գումարը:

Ցանկացողները կարող են դրամական միջոցներ հատկացնել հետեւյալ հաշվեհամարներով՝

ԱԳԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ

(ACBA-CREDIT AGRICOLE BANK)

AMD 220301196139000

USD 220301740126001

(Թոփսակալյան Համբարձում)