Սխալ սննդակարգն ու անառողջ կենսակերպն ամենամեծ վտանգն են մարդու համար: Այս մասին ասված է Lancet ամսագրում հրապարակված հետազոտության մեջ: Հեղինակները պարզել են, որ մահացության դեպքերի 70%-ը վնասակար սովորույթների հետեւանք է:
Հետազոտության հեղինակները տեղեկություններ են հավաքել 1990-2015 թվականների ընթացքում 195 երկրներում մահվան 249 պատճառի, 315 հիվանդությունների եւ վնասվածքի, ինչպես նաեւ վտանգի 79 գործոնի մասին: Մալարիայի եւ գրիպի նման վարակիչ հիվանդություններից մահացության ցուցանիշը զգալիորեն կրճատվել է, մինչդեռ կտրուկ աճել է անառողջ կենսակերպի պատճառով մահացության դեպքերի մասնաբաժինը:
Ընդհանուր առմամբ՝ անցյալ տարի մահվան դեպքերի 71.3%-ի պատճառը ոչ վարակիչ հիվանդություններն են եղել. 1990 թվականին այդ ցուցանիշը 57.6% էր: Մահվան դեպքերի ամենատարածված պատճառների ցանկում ներառվել են սիրտ-անոթային հիվանդությունները, քաղցկեղն ու դիաբետը, որոնց առաջացման վրա մեծապես ազդում են սննդակարգն ու կենսակերպը: Հետազոտողները պարզել են, որ բարձր զարկերակային ճնշումը, որը նույնպես ճարպակալման եւ ֆիզիկական ծանրաբեռնվածության պակասի պատճառ է, վտանգի առաջատար գործոններից է. սրան բաժին է հասնում աշխարհում մահացության դեպքերի ավելի քան 9%-ը:
Հիպերտոնիայի պատճառներից են ծխելը (6,3%), արյան մեջ գլյուկոզայի բարձր մակարդակը (6.1%), մարմնի զանգվածի բարձր ինդեքսը (5%): Չնայած զարգացած երկրների բնակիչները սկսել են ավելի երկար ապրել, նրանց ծերությունը մթագնում է երկարատեւ անառողջ ժամանակաշրջանը: Կանայք տարբեր հիվանդություններից տառապում են միջինը կյանքի 10 տարվա ընթացքում, իսկ տղամարդիկ՝ կյանքի վերջին 9 տարիներին: Ամեն դեպքում, կյանքի առողջ ժամանակահատվածի տեւողությունն աճել է 191 երկրում՝ վերջին 15 տարիներին միջինն ավելանալով 6.1 տարով:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day