• Latest news

Ծխելն ամենեւին էլ չի օգնում հաղթահարել սթրեսը. մասնագետ

12 հոկտեմբերի, 2016  21:33

Բազմաթիվ ծխողներ պնդում են, որ ծխախոտը, իբր, օգնում է հաղթահարել սթրեսն ու հանգստանալ: World Young Doctors Organization-ի անդամ, նեւրապաթոլոգ Անուշ Գասպարյանի խոսքով, սակայն, այս պնդումը ոչ մի ընդհանուր բան չունի իրականության հետ:

Ըստ մասնագետի՝ հնարավոր է, ծխելու ընթացքում 1-2 րոպե մարդը կենտրոնանում է այդ գործընթացի ուղղությամբ եւ չի մտածում այն մասին, թե ինչն է իրեն անհանգստացնում, սակայն ծխախոտի «հակասթրեսային արդյունքն» այսքանով սահմանափակվում է: Իսկ ծխախոտում առկա քիմիական նյութերը ոչ միայն չեն օգնում պայքարել սթրեսի դեմ, այլ հակառակը, կարող են ուժեղացնել այն՝ վնասելով նյարդերն ու մեծացնելով, այսպես կոչված, սթրեսային հորմոնների ազդեցությունը: Ավելին, ծխելուց որոշ ժամանակ անց ուղեղը սնուցող անոթները սեղմվում են՝ անհարմարություն առաջացնելով եւ հանգեցնելով ճանաչողական ֆունկցիաների վատթարացման եւ ուժեղ գլխացավերի:

«Եթե մարդը նյարդային խանգարում, դեպրեսիա, գլխացավ կամ ցանկացած այլ տեսակի ցավեր ունի, պարզապես իրավունք չունի ծխել»,- նշեց Անուշ Գասպարյանը՝ հավելելով, որ ծխելն իրականում վատթարացնում է այս բոլոր վիճակները, խորացնում դեպրեսիան ու նեւրոզները, ուժեղացնում ցավերը:

Մասնագետները, ըստ Գասպարյանի, հաճախ են հանդիպում գլխացավ, տագնապ, ձեռքերի դող եւ նյարդային խանգարումների այլ դրսեւորումներով հիվանդների: Նրանց մեծ մասը, որպես կանոն, ծխողներ են: Նրանք վստահ են, որ ծխելը բարելավում է իրենց վիճակը, բայց չեն էլ կասկածում, որ իրականում հակառակն է տեղի ունենում:

Որպեսզի նյարդային համակարգն առողջ եւ սթրեսի հանդեպ կայուն լինի, մասնագետները խորհուրդ են տալիս հրաժարվել ծխելուց (այդ թվում՝ պասիվ) ու առողջ կենսակերպ վարել՝ ճիշտ սնվել եւ սպորտով զբաղվել: Ի տարբերություն ծխելու՝ սա իսկապես օգնում է հաղթահարել սթրեսն ու ամրապնդել առողջությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll