• Latest news

Հոնկոնգյան գրիպը Հայաստան կարող է գալ Ռուսաստանից մեկ ամիս անց. ԱՆ մասնագետ

21 հոկտեմբերի, 2016  15:19

Հայաստան հոնկոնգյան գրիպը կհասնի շուրջ մեկ ամիս անց՝ Ռուսաստանում տարածվելուց հետո, սակայն անհանգստանալու եւ խուճապի մատնվելու կարիք չկա: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 21-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի հատուկ վտանգավոր եւ օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը:

Նրա խոսքով՝ մարդու համար ոչ մի նշանակություն չունի, թե հատկապես գրիպի ինչ վիրուսով է վարակվում՝ գրիպի А տեսակի H1N1, H3N2 ենթատեսակներով, թե B տեսակի շտամներով: Գրիպի բոլոր տեսակները միանման են տարածվում՝ օդակաթիլային ճանապարհով, եւ ախտահարում են միեւնույն օրգանային համակարգերը, ունեն բացառապես նույն կլինիկական նշանները եւ միանման են բուժվում: Գլխավորը ժամանակին մասնագետներին դիմելն ու նրանց հրահանգներին հետեւելն է: Իսկ վիրուսի տեսակների նույնականացումը, ըստ նրա, հետաքրքրում է միայն համաճարակաբաններին:

Լիանա Թորոսյանը նշեց, որ գրիպի բոլոր տեսակները կարող են միանման թեթեւ կամ բարդացումներով ընթանալ, իսկ շատ բան կախված է ինչպես հիվանդի պահվածքից, այնպես էլ ուղեկցող հիվանդությունների առկայությունից: Մասնագետը հավելեց, որ հիմնականում բարդացումներ են լինում քրոնիկական հիվանդություններ ունեցող մարդկանց շրջանում: Անկախ տեսակից՝ գրիպի նենգությունը հատկապես այն է, որ այն հրահրում է մարդու հիմնական հիվանդությունը, եւ այն սկսում է գլուխ բարձրացնել:

Ըստ մասնագետի՝ հենց այդ պատճառով քրոնիկական հիվանդություններով մարդիկ կամ տարեցները, երեխաները եւ հղիները, որոնց դիմադրողականությունը ցածր է, գրիպի եւ շնչուղիների սուր ինֆեկցիաների շրջանում պետք է առանձնահատուկ զգույշ լինեն:

Հիշեցնենք, որ ռուս մասնագետների կանխատեսումներով՝ հոնկոնգյան գրիպը Ռուսաստան կներթափանցի ձմռանը, հիվանդության բռնկում է սպասվում ամանորյա տոների ավարտին:

Հոնկոնգյան գրիպի հարուցիչն է А (H3N2) տեսակի վիրուսը: Այս հիվանդության մասին առաջին անգամ հայտնի է դարձել 1968 թվականին, երբ Հոնկոնգում գրիպի համաճարակ է սկսվել, որից հետո այն տարածվել է նաեւ ուրիշ երկրներում: Վիրուսի շտամը հանկարծակի է երեւան եկել եւ, ինչպես հետո է պարզվել, եղել է թռչունների շրջանում տարածված գրիպի վիրուսների փոխակերպում: Մահվան ելքով դեպքերի մեծ մասը բաժին է ընկել ԱՄՆ-ին, այնտեղ 1970-ական թվականներին վիրուսի հետեւանքով մահացել է 33 հազար 800 մարդ:

1968 թվականի համաճարակից հետո А (H3N2) տեսակի գրիպի վիրուսների շրջանառությունը բազմիցս գրանցվել է հյուսիսային կիսագնդում (անցյալ տարի դա А/Switzerland/9715293/2013 (H3N2) շտամն էր), բայց դրանք զանգվածային հիվանդացություն չեն առաջացրել: Իսկ այս տարի տարածաշրջանին վիրուս է սպառնում, որը նկատվել է Հոնկոնգում (2014 թվականին), եւ ունի փոքր-ինչ այլ հակագենային կառուցվածք, եթե համեմատենք նախորդ շտամի հետ, հետեւաբար հյուսիսային կիսագնդի բնակիչների իմունիտետին այն ծանոթ չէ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է