• Latest news

Յոդի անբավարարությամբ պայմանավորված հիվանդությունների կանխարգելումը

22 մարտի, 2014  17:12

Վահանաձեւ գեղձի հիվանդությունները շատ տարածված են այն երկրներում, որտեղ յոդի անվաբավարարություն կա, ընդ որում՝ առավել հաճախ նման հիվանդություններով տառապում են կանայք: Հայաստանը, ցավոք, եւս այն երկրների թվում է, որոնց հողի ու ջրի մեջ գործնականում յոդ չկա, ուստի հայերին եւ հատկապես՝ հայուհիներին խորհուրդ է տրվում ամեն հնարավոր բան անել օրգանիզմում յոդի պակասի կանխարգելման համար:

Այն մասին, թե ինչպես կարելի է խուսափել վահանաձեւ գեղձի՝ յոդի անբավարարությամբ պայմանավորված հիվանդություններից, NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի Առողջապահության նախարարության գլխավոր էնդոկրինոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Էդվարդ Թորոմանյանը:

Կանխարգելիչ հետազոտություններ

Եթե մարդը վահանաձեւ գեղձի հիվանդությունների գենետիկ նախատրամադրվածություն ունի, բժիշկ Թորոմանյանը խորհուրդ է տալիս ժամանակ առ ժամանակ կանխարգելիչ ստուգում անցնել. եթե խնդիրը վաղ փուլում հայտնաբերվի, այն հաղթահարելը շատ ավելի հեշտ կլինի:

Եթե հիվանդը ոչ մի գանգատ չունի,  լիովին բավարար է վահանաձեւ գեղձի սովորական ուլտրաձայնային հետազոտություն անցնել ու էնդոկրինոլոգի այցելել: Դա կարեւոր է հատկապես 40-ն անց կանանց դեպում, քանի որ նրանք առավել ենթակա են վահանաձեւ գեղձի հիվանդությունների ռիսկին:

Յոդացված աղ

Բժշկի խոսքով՝ շատ կարեւոր է նաեւ սննդի մեջ յոդացված աղ օգտագործել, քանի որ մեր երկրում դա յոդ պարունակող փոքրաթիվ սննդամթերքներից է: Հայաստանում սննդային աղը յոդացվում է 1997-1998 թվականներից, եւ դա հնարավորություն է տալիս գոնե մի քիչ փոխհատուցել մյուս մթերքներում յոդի պակասը:

Դեղամիջոցներ հղիների համար

Յոդի պահանջը զգալիորեն մեծանում է հղի կանանց դեպքում, քանի որ նրանց օրգանիզմը «երկուսի փոխարեն» է գործում: Ուստի հղիներին վահանաձեւ գեղձի հիվանդությունների եւ հնարավոր բարդությունների կանխարգելման համար հաճախ յոդ պարունակող դեղեր են նշանակում: Սակայն նման դեղեր ինքնուրույն ընդունել խորհուրդ չի տրվում. դրանք պետք է բժիշկը նշանակի:

Ի՞նչ պետք չէ անել

Որոշ մարդիկ յոդի անբավարարության կանխարգելման համար պարանոցի շրջանում մաշկի վրա յոդի ցանց են անում, բայց դա, ինչպես նշեց բժիշկը, անիմաստ է, քանի որ վահանաձեւ գեղձը կլանում է սննդում օգտագործվող յոդի մեծ մասը, իսկ մաշկի միջոցով յոդը չի հասնում օրգանիզմ:

Նույն պատճառով անիմաստ է վրան թարմ ընկույզ քսելը, կամ այն մեծ քանակությամբ սննդում օգտագործելը: «Եթե հողի ու ջրի մեջ յոդ չկա, այն որտեղի՞ց լինի ընկույզի մեջ»,- ասաց բժիշկ Թորոմանյանը:

Ցավոք, Հայաստանում աճող ընկույզի մեջ յոդ գրեթե չկա, այն մգացնում է դրանում առկա տանինի հաշվին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել