• Latest news

Ճանաչենք հիվանդությունները. բոտուլիզմ

8 նոյեմբերի, 2016  17:41

Հնարավոր է՝ որոշ հիվանդությունների մասին ձեր կյանքի ընթացքում ընդհանրապես չեք լսել, եթե, իհարկե, բժիշկ չեք: Սակայն կան հիվանդություններ, որոնց յուրաքանչյուրը կարող է բախվել, եւ չի կարելի դրանց մասին չիմանալ:

NEWS.am Medicine-ը նոր խորագրի ներքո ներկայացնում է այն հիվանդությունները, որոնց մասին յուրաքանչյուր մարդ պետք է իմանա, որպեսզի դրանց ներկայացրած վտանգների մասին պատկերացում ունենա, իմանա ինչպես պաշտպանվել դրանցից եւ ինչ պետք է անել, եթե, այնուամենայնիվ, հիվանդացել եք:

Այսօրվա թեման բոտուլիզմն է:

Բոտուլիզմ

Բոտուլիզմը մահացու, ինֆեկցիոն թունավորման հիվանդություն է: Հիվանդության հարուցիչն է Clostridium botullini-ն, որը հողի եւ շատ կենդանիների աղիների մեջ է ապրում: Կենդանու կղանքի հետ մանրէն հայտնվում է հողի մեջ, որտեղից ընկնում է սննդամթերքի, առավել հաճախ՝ բանջարեղենի եւ սնկերի մեջ:

Բակտերիան ինքնին մարդու համար վտանգավոր չէ, սական թթվածնի քիչ պարունակությամբ միջավայրում  (օրինակ՝ պահածոներում) այն սկսում է թույներ արտադրել, որոնք օրգանիզմ ընկնելով՝ ստամոքսի լորձաթաղանթի եւ աղիների միջոցով արյան մեջ են ներծծվում եւ ախտահարում են նյարդային համակարգի տարբեր հատվածները: Հիվանդությունը բավական արագ է զարգանում, առաջացնում է նյարդային ազդակի փոխանցման խանգարում  եւ ամբողջ օրգանիզմում մկանների կաթված: Բուժման բացակայության դեպքում շնչուղիների կաթվածը հանգեցնում է հիվանդի մահվան:

Բոտուլաթույնը աշխարհում հայտնի բնական ամենաուժեղ թույներից մեկն է. այն 375 հազար անգամ ավելի ուժեղ է, քան բոժոժավոր օձի թույնը, իսկ մարդու համար մահացու չափաքանակն է մարմնի 50 կգ զանգվածի համար 5 նգ-ը:

Դեպքերի գերակշիռ մասում բոտուլիզմով թունավորվելու պատճառը պահածոյացված սնկերն են եւ տնային պայմաններում պատրաստված բանջարեղենը: Քանի որ տարայի մեջ բոտուլաթույնը բներով է կուտակվում, նույն տարայի մթերքից օգտված ոչ բոլոր մարդիկ են հիվանդանում:

Ախտանշաններ

Բոտուլիզմի դեպքում գաղտնի շրջանը կարող է տեւել մի քանի ժամից մինչեւ մի քանի օր (դեպքեր են եղել, երբ հիվանդությունը երեւան է եկել թունավորվելուց հետո 12 օր անց): Կարծիք կա, որ որքան ծանր է հիվանդությունը, այնքան գաղտնի շրջանը կարճատեւ է:

Բոտուլիզմի առաջին նշաններն են սրատեսության խանգարումը՝ աչքերում մշուշ է առաջանում, մոտիկ գտնվող իրերի վատ տարբերակումը, երկտեսությունը, շլությունը: Այնհետեւ կարող են առաջանալ խոսքի խանգարում, թուլություն, բերանի չորություն, կլլման խանգարում, ձայնի փոփոխություն, սրտխառնոց եւ փսխում, ջրիկ կղանք եւ այլ ախտանշաններ: Մարմնի ջերմաստիճանը կարող է նորմալ կամ բարձր լինել:

Մարդիկ այս ախտանշանները հաճախ ընդունում են որպես ալկոհոլային կամ սովորական թունավորման նշաններ եւ ժամանակին չեն դիմում բժշկի, ինչը զգալիորեն նվազեցնում է նրանց առողջանալու հավանականությունը:

Առաջին օգնություն

Բոտուլիզմի ժամանակ առաջին օգնություն չի պահանջվում. անհրաժեշտ է շտապ բժշկի դիմել: Փսխում առաջացնելը, ստամոքսի եւ աղիների լվացումն անիմաստ են, քանի որ թույնը ստամոքսից արագորեն արյան մեջ է ներծծվում. այն արյան մեջ է հայտնվում առաջին ախտանշանների հայտնվելուց ավելի վաղ:

Բուժում

Ախտորոշումը սովորաբար ինֆեկցիոնիստի կողմից կատարվում է կլինիկական պատկերի հիման վրա եւ հաստատվում է սնունդի մնացորդի բակտերիոլոգիական հետազոտությամբ, որի օգտագործումից հետո հիվանդի ինքնազգացողությունը վատացել է:

Հիմնական բուժումը հակաբոտուլինային շիճուկի ներարկումն է, որը թույնը չեզոքացնում է: Դա կատարվում է հիվանդանոցային պայմաններում, ուստի բոտուլզմն անհնար է տանը բուժել եւ վտանգավոր է հիվանդի կյանքի համար:

Հիվանդանոցային բուժման ընթացքում նաեւ փոխարինում են բոտուլաթույնի հետեւանքով առաջացած վնասվածքները՝ շնչառական մկանունքի չգործելու դեպքում միացնում են արհեսատական շնչառության սարք, կլլման խանգարման դեպքում կազմակերպում են զոնդի միջոցով արհեստական կերակրում եւ այլն:

Բոտուլիզմի դեպքում հիվանդանոցային բուժումը տեւում է գրեթե երեք շաբաթ:

Հարկ է նշել, որ բոտուլիզմի ժամանակ իմունիտետը չի զարգանում, ինչը նշանակում է, որ այս հիվանդությամբ կարելի է բազմիցս հիվանդանալ:

Կանխարգելում

Բոտուլիզմով չհիվանդանալու համար խորհուրդ է տրվում չօգտագործել պահածոյացված մթերքներ եւ տնային պայմաններում պատրաստված մթերապաշարներ: Գործարաններում պահածոները հատուկ պայմաններում են պատրաստվում՝ հատուկ տեխնոլոգիաների օգտագործմամբ եւ բարձր ջերմաստիճանների պայմաններում, հետեւաբար՝ դրանցից բոտուլիզմով վարակվելու հավանականությունը շատ փոքր է: Տանը պարզապես անհնար է այս պայմանների եւ պահածոների լիակատար անվտանգության ապահովումը, նույնիսկ եռացնելը Clostridiumbotullini բակտերիան չի սպանում:

Եթե, այնուամենայվիվ, պատրաստվում եք տանը պատրաստված պահածո ուտել, մասնագետները խորհուրդ են տալիս ուտելուց առաջ այն 20-25 րոպե եռացնել:

Նշենք, որ տանը պատրասված մուրավաները սովորաբար անվտանգ են եւ բոտուլիզմի պատճառ չեն դառնում, եթե դրանց մեջ շաքարի պարունակությունը 50 տոկոսից ավելի է:

Վերջաբանի փոխարեն

Բոտուլիզմը մահացու հիվանդություն է, սակայն այն կանխելը բավական հեշտ է՝ բավական է ուղղակի տանը պատրաստված պահածոյացված եւ մթերված մթերք չուտելը: Հիվանդության առաջին ախտանշանների դեպքում  անհրաժեշտ է բժշկի դիմել եւ նրան հայտնել, որ տնային պահածո եք կերել: Ոչ մի դեպքում չի կարելի տնային պայմաններում բոտուլիզմը բուժելու փորձ կատարել. առանց հատուկ շիճուկի ներարկման, որը միայն հիվանդանոցներում է առկա, հիվանդն ավելի շուտ կմահանա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել