• Latest news

Հայաստանում ստեղծվելու է ռեֆերենս լաբորատորիա

24 մարտի, 2014  14:48

Հայաստանում մոտ ապագայում ստեղծվելու է ռեֆերենս լաբորատորիա, որի շնորհիվ հնարավոր կլինի գնահատել երկրում գործող լաբորատորիաների որակն ու արված հետազոտությունների ճշգրտությունը: Այս մասին NEWS.am Medicine-ին պատմեց ԱՆ բժշկական օգնության քաղաքականության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ծաղիկ Վարդանյանը։

«Ռեֆերենս լաբորատորիայի ներդրումը Հայաստանում օրակարգային խնդիր է, այսօրվա ժամանակի պահանջն է: Ինչու՞: Որովհետեւ բոլորս հաճախ ենք լսում,որ մարդիկ նույն անալիզը հանձնում են տարբեր լաբորատորիաներում եւ ստանում են տարբեր, երբեմն նույնիսկ լրիվ հակառակ պատասխաններ», - ասաց Վարդանյանը, ավելացնելով, որ ռեֆերենս լաբորատորիան կօգնի վերականգնել երկրում արվող լաբորատոր հետազոտությունների նկատմամբ մարդկանց վստահությունը:

Վարդանյանի խոսքով՝ Հայաստանի բոլոր լաբորատորիաները փորձանմուշային ձեւով կապված են լինելու միմյանց միջեւ, ինչի շնորհիվ սխալ պատասխանների տոկոսը եւ հավանականությունը նկատելիորեն նվազելու է: «Միայն այդ դեպքում մենք համոզված կլինենք, որ մեր անալիզների պատասխանները հավաստի են», - ասաց Վարդանյանը:

Ինչպես նշեց նախարարության ներկայացուցիչը, դեռեւս հայտնի չէ, թե երբ է լաբորատորիան սկսելու գործել, սակայն նախարարի հրամանն արդեն ստորագրված է, իսկ աշխատանքային խումբը՝ կազմված:

Ռեֆերենս լաբորատորիան, ինչպես նշեց Վարդանյանը, պետք է ապարատային մեծ հագեցվածություն ունենա, այդ պատճառով արդեն բանակցություններ են վարվում մի շարք կազմակերպությունների հետ, որոնցից մեկը մոտ ապագայում լաբորատորիային գործիքներ եւ սարքավորումներ կտրամադրի:

Բացի լավ գործիքավորում ունենալուց, լաբորատորիան պետք է նաեւ սերտիֆիկացում անցնի եւ միջազգային պահանջներին համապատասխանի, որպեսզի իրավունք ունենա գործել որպես ռեֆերենս լավորատորիա:

«Առանց այդ սերտիֆիկատի կստացվի, որ մենք ինքներս մեզ հռչակում ենք ռեֆերենս լաբորատորիա: Նույնիսկ ամենաճանաչված կլինիկաների ռեֆերենս լաբորատորիաները սերտիֆիկացվում են եւ ժամանակ առ ժամանակ իրենց սերտիֆիկատը պաշտպանում են», - նշեց Ծաղիկ Վարդանյանը:

Այսօր Հայաստանում կան այլ ռեֆերենս լաբորատորիաներ, որոնք, ի տարբերություն այս նախագծի, նեղ մասնագիտացված են եւ ունեն միայն մեկ ուղղվածություն, օրինակ, զբաղվում են միայն տուբերկուլյոզի հետազոտություններով:

«Երբ ռեֆերենս լաբորատորիան միայն մեկ ուղղություն ունի, այն կազմակերպելը շատ ավելի հեշտ է, բայց նախատեսված կլինիկական-բիոքիմիականը ավելի ծավալուն է, ավելի մեծ ներդրումներ եւ մասնագիտական ներուժ է պահանջում», - ավելացրեց Ծաղիկ Վարդանյանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել