• Latest news

Երեխային պե՞տք է ասել, որ չարորակ ուռուցք ունի

14 փետրվարի, 2017  14:18

Հայաստանում ուռուցքաբանը, որպես կանոն, երեխայի ախտորոշման մասին հայտնում է նրա ծնողներին, որոնք պետք է արդեն որոշեն՝ պե՞տք է երեխային ասեն այս ախտորոշման մասին: Արդյոք երեխային պե՞տք է ասել, որ նրա մոտ չարորակ ուռուցք կա: Եթե՝ այո, ապա դա ո՞վ պետք է անի եւ ի՞նչ ձեւով: Այս հարցերի շուրջ ցրուցեցինք Օնկոհոգեբանների հայկական ասոցիացիայի անդամ Ալիսա Քամալյանի հետ:

Հայ ծնողներից շատերը չեն ցանկանում իրենց երեխաներին պատմել նրանց հիվանդության մասին: Ավելին՝ նույնիսկ մեծահասակ հիվանդներից շատերին փորձում են դա չասել: Հոգեբանի խոսքով՝ նման մոտեցումը, սակայն, այնքան էլ ճիշտ չէ. երեխաներին, այնուամենայնիվ, պետք է բացատրել, թե ինչով են հիվանդ եւ իրենց հետ ինչ է կատարվում: Նրա մոտ չմացության հետեւանքով ավելի շատ խնդիրներ կլինեն, քան եթե նա ամեն ինչի մասին իմանա:

Մասնագետը նշեց, որ եթե երեխան չի հասկանում, թե իր հետ ինչ է տեղի ունենում եւ ինչու է վերջին շրջանում իր կյանքն այդպես սաստիկ փոխվել, նրա մոտ, որպես կանոն, տագնապն աճում է, որի հետեւանքով նա կարող է հաճախակի վիճաբանել ծնողների հետ, քմահաճ դառնալ, չանել այն, ինչն իրենից պահանջում են, հրաժարվել դեղերն ընդունելուց: Այս ամենը բացասաբար կանդրադառնա նրա բուժման գործընթացի վրա:

Իսկ եթ երեխան հստակ հասկանա իրավիճակն ու բուժման իմաստը, նա իրեն ավելի գիտակից եւ համարժեք կպահի, նշեց հոգեբանը: Ավելին՝ նման իրավիճակում երեխան ծնողներին ավելի կվստահի, երբ իր հետ անկեղծ են եւ իրեն վստահում են, եւ դա ծնողների հանդեպ նրա վերաբերմունքը կամրապնդի եւ կլավացնի: Իսկ եթե երեխան իր ախտորոշմանը պատահաբար տեղեկանա, նա ավելի շուտ կկորցնի ծնողների նկատմամբ վստահությունը, քանի որ նրանք իրենից ճշմարտությունը թաքցրել են կամ անգամ իրեն խաբել են:

Մասնագետի կարծիքով՝ հատկապես այդ պատճառով չափազանց ցանկալի է երեխաներին ասել իրենց ախտորոշման մասին: Դա կարող է հոգեբանն անել, սակայն ցանկալի է, որ այդ խոսակցությանը ծնողները եւս մասնակցեն: Կատարյալն այն կլինի, որ ծնողներն ու հոգեբանը միասին որոշեն, թե հիվանդության մասին ինչպես ավելի ճիշտ կլինի ասել կոնկրետ երեխային, իսկ հետո դա անեն միասին:

Ալիսա Քամալյանի խոսքով՝ այն, թե տեղեկությունը հատկապես ինչպես կներկայացվի երեխային, կախված է երեխայի տարիքից եւ անհատականությունից. բնական է, որ 4 տարեկան երեխայի հետ պետք է այլ կերպ խոսել, իսկ 14 տարեկանի հետ՝ այլ: Առաջին հերթին պետք է պարզել, թե երեխան իր հիվանդության մասին ինչ գիտի: Հետաքրքիր է, որ ծնողները հաճախ երեխայի տեղեկացվածության աստիճանի մասին սխալ պատկերացում ունեն. հաճախ հոգեբանի հետ զրույցում ծնողները պնդում են, որ իրենց երեխան օնկոլոգիական հիվանդությունների մասին ընդհանրապես ոչ մի բան չգիտի եւ մասնավորապես՝ իր հիվանդության մասին, սակայն ավելի ուշ երեխայի հետ առանձին զրույցում հոգեբանը պարզում է, որ երեխան շատ բան գիտի իր ընկերների հետ զրույցներից, համացանցից եւ այլ աղբյուրներից:

Այս բոլոր գիտելիքների վրա ուշադրություն դարձնելով՝ հոգեբանն ու ծնողները պետք է առավելագույնս զգույշ երեխային պատմեն հիվանդության, բուժման մասին եւ պատասխանեն նրա բոլոր հարցերին, որ նա տեղի ունեցողի առավելագույն հստակ պատկեր ունենա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել