Երեւանի մի քանի մասնավոր բժշկական կենտրոններ, որոնք նախկինում ծառայություններ էին մատուցում նաեւ պետպատվերի շրջանակում, 2017 թվականին պետական ֆինանսավորում չեն ստանա: Պետպատվերից զրկվածների ցանկում են ԿՀՄԻ ԲԱԿ-Երեւանը, «Ալֆա-Բետտա» ախտորոշման կենտրոնը, «Ցիտո Լաբը», «Բարեկամ» ՍՊԸ-ն (Կանխարգելիչ բժշկության կենտրոն, ղեկավարը Երեւանի գլխավոր սրտաբան Պարունակ Զելվեյանն է), Ժամանակակից վիրաբուժության կենտրոնն ու այլն: Ի դեպ՝ պետական աջակցությունից զրկվել է նաեւ «Երեւան» բուժկենտրոնը, բայց ներկայում այն չի էլ գործում:

«Ալֆա-Բետտա» ախտորոշման կենտրոնում NEWS.am Medicine-ին հաղորդեցին, որ իրենք ֆինանսավորում չեն ստացել ոչ միայն 2017 թվականի համար, այլեւ իրենց չեն վճարել անցյալ տարի մատուցած բուժծառայությունների դիմաց գումարի մի մասը՝ 8 մլն դրամի չափով: Կենտրոնում նշեցին, որ իրենց մոտ պետպատվերը սպառվել է դեռեւս 2016 թվականի կեսերին, սակայն ապրիլյան պատերազմից հետո իրենք բուժծառայություններ են մատուցել զինծառայողներին ու նրանց ընտանիքներին՝ իրենց բաժին հասնող պետպատվերից ավելիի չափով, իսկ նախարարությունում խոստացել են, որ հետագայում կվճարեն այդ ծախսերը: Բայց այդպես էլ չեն վճարել, իսկ առողջապահության նոր փոխնախարար Սամվել Մարգարյանն այդ ծառայությունները «բարեգործական» է կոչել:

ԿՀՄԻ ԲԱԿ-Երեւանի տնօրեն Արսեն Թորոսյանը NEWS.am Medicine-ին հաղորդեց, որ դժվարամատչելի հետազոտությունների մասով նախարարությունն այս տարի իրենց ոչինչ չի հատկացրել, սակայն առողջապահության նախարարության «թեժ գիծը», չգիտես ինչու, շարունակում է պետպատվերի շրջանակում իրենց մոտ հիվանդների ուղարկել:

Հիշեցնենք, որ ԿՀՄԻ ԲԱԿ-Երեւանը միակն է, որը 2016 թվականի հոկտեմբերին նախ չհամաձայնեց դժվարամատչելի հետազոտությունների գների նոր նվազեցմանը, որոնք առաջարկում էր առողջապահության նախարարությունը, իսկ հետո հարկադրված համաձայնեց: Սակայն բյուջետային միջոցների վերաբաշխան ընթացքում այն լրացուցիչ ֆինանսավորում չստացավ: Իսկ հիմա պետպատվեր չեն տրամադրում նաեւ 2017 թվականի համար: Ի դեպ՝ «Ուլտրաիմիջինգ» ընկերությունը, որը նմանատիպ ծառայություններ է մատուցում, 51 մլն կստանա:

Ըստ e-gov.am կայքի տվյալների՝ 2017 թվականի Երեւանի բուժհաստատություններից պետպատվերի շրջանակում ամենաշատ գումարը կստանա «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ՝ ավելի քան 5 մլրդ դրամ: Այնուհետեւ «Էրեբունի» ԲԿ-ն՝ 3.43 մլրդ, «Արաբկիր» համալիրը՝ 2.89 մլրդ եւ «Հերացու անվան Երեւանի բժշկական համալսարան» հիմնադրամը՝ 2.13 մլրդ դրամ:

«Արմենիա» ԲԿ-ն 1.73 մլրդ կստանա, Պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ինստիտուտը՝ 1.74 մլրդ դրամ: «Սուրբ Աստվածամայր» մանկական հիվանդանոցին 1.42 մլրդ դրամ է հատկացվել, «Նորք-Մարաշ» սրտաբանական կենտրոնին՝ 1.23 մլրդ: Երեւանի շտապ օգնության ծառայությունը 1.34 մլրդ դրամ կստանա, Ուռուցքաբանության ազգային կենտրոնը՝ 954 մլն դրամ, «Նուբարաշեն» հոգեբուժարանը՝ 790 մլն, «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը՝ 542 մլն դրամ:

«Աստղիկ» ԲԿ-ն պետպատվերի շրջանակում 1.5 մլրդ դրամ կստանա, «Շենգավիթ» ԲԿ-ի պետական ֆինանսավորումը կկազմի 645 մլն դրամ, «Իզմիրլյան» ԲԿ-ինը՝ 384 մլն, «Նաիրի» ԲԿ-ինը («Արմամաքս»)՝ մոտ 201 մլն դրամ, «Մեդլայն» ԲԿ-ինը՝ 204 մլն, Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայինը՝ 307 մլն, Մոր եւ մանկան առողջության պահպանման կենտրոնինը՝ 767 մլն դրամ:

Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանին պատկանող «Վարդանանց» ԲԿ-ն կստանա 136 մլն դրամ, «Սլավմեդը»՝ 108 մլն, «Արամյանց» ԲԿ-ն՝ 168 մլն դրամ: Հասարակության լայն շրջանակներին քիչ հայտնի «Առողջ ապագա» ԲԿ-ն 273 մլն դրամ կստանա՝ տուբերկուլոզի բուժման ծառայությունների դիմաց: Այս կենտրոնը, ըստ մամուլի տեղեկությունների, պատկանում է առողջապահության նախկին փոխնախարար Վահան Պողոսյանի եւ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանի կանանց: Տուբերկուլոզի դեմ պայքարի կենտրոնը 799 մլն դրամ կստանա, ՁԻԱՀ-ի դեմ պայքարի կենտրոնը՝ 263 մլն դրամ:

Հիշեցնենք, որ 2016 թվականի աշնան սկզբին պաշտոնը ստանձնելիս առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը հայտարարեց, որ պետպատվերի համակարգը կվերանայվի, եւ գումարները կհետեւեն հիվանդներին: Սակայն կառավարության ծրագրով առաջարկված նոր համակարգը կարող է սկսել գործել միայն 2018 թվականին: 2017-ին, ըստ ցանկի, պետպատվերի բաշխման համակարգում ոչինչ չի փոխվել: Կառուցվածքով այս ցուցակը նախորդ տարվա ցուցակից փաստացի չի տարբերվում, ուղղակի որոշ անցանկալիների զրկել են ֆինանսավորումից։