Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը կեղծ «Պրեստանս» (պերինդոպրիլ արգինին+ամլոդիպին) դեղի լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզել է, որ դեղի բաղադրությունը առերեւույթ նման է տվյալ դեղի գրանցված տարբերակի դեղահատերի բաղադրությանը, սակայն ունի էական շեղումներ, որոնց հստակ թվաբանական ցուցանիշներն առաջիկայում կտրամադրի ֆրանսիական «Սերվիե» ընկերությունը, ով հանդիսանում է դեղի արտադրողը եւ ապրանքային նշանի սեփականատերը: Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեցին ՀՀ առողջպահության նախարարության Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնում։
Հիշեցնենք որ, ինչպես ավելի վաղ հայտնել էր Փորձագիտական կենտրոնը, հայտնաբերված կեղծ դեղը գրանցանմուշների հետ մի շարք անհամապատասխանություններ ունի, մասնավորապես`
1. Առաջնային եւ երկրորդային փաթեթի պիտակի գունային անհամապատասխանություններ,
2. պիտակի տպագրական տառերի չափերի անհամապատասխանություն,
3. երկրորդային փաթեթի փաթեթանյութի անհամապատասխանություն,
4. ներդիր թերթիկի անհամապատասխանություն. այն գունավոր տպիչով արտահանված է,
5. սերիայի նշագրման անհամապատասխանություն՝ գրանցված նմուշի սերիան վեցանիշ թիվ է, իսկ կեղծ դեղի սերիան` յոթանիշ:
Բայց ինչպես պարզվեց հետագայում, յոթանիշ սերիայով դեղը արտադրվում է Ռուսատանի Servier գործարանում, եւ ստացվում է, որ դրանք պարզապես չգրանցված, ոչ թե կեղծ դեղեր են: Մնում է սպասել Servier ընկերության եզրակացությանը։
Հիշեցնենք նաեւ, որ առողջապահության նախարարությունը Servier ընկերության հետ համատեղ կազմակերպում է 7 սերիական նիշ պարունակող «Պրեստանս» դեղերի փոխանակում օրիգինալ «Պրեստանսով»։
Այդ նպատակով 15-օրյա ժամկետում քաղաքացիները պետք է Երեւանում դիմեն ՀՀ առողջապահության նախարարության դեղերի վարչություն, իսկ մարզերում` մարզպետարանների առողջապահության վարչություններ` ներկայացնելով գնված դեղը։






