• Latest news

Ինչու հնարավոր չէ քաղցկեղից պաշտպանվել. հետազոտություն

24 մարտի, 2017  21:39

Քաղցկեղի որոշ տեսակներ գործնականում անհնար է կանխել, պարզել են ամերիկացի գիտնականները: Դրանք առաջացնող փոխակերպումները նվազագույն չափով են կախված միջավայրի գործոններից եւ ավելի մեծ չափով՝ ցողունային բջիջների կիսվելիս ԴՆԹ-ի պատճենման սխալներից:

Քաղցկեղը փոխակերպումների աստիճանական կուտակման հետեւանք է, որոնք նպաստում են բջիջների անվերահսկելի բազմացմանը եւ ուռուցքների առաջացմանը: Այս փոխակերպումներն առաջացնում ե՛ւ արտաքին, ե՛ւ ներքին գործոնները: Արտաքին գործոններն են՝ ծխելը, սխալ սնվելը ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունը, նստակյաց կենսակերպը: Արտաքին գործոնների ներգործությունը կարելի է մեղմել, եւ հենց դա է համարվում քաղցկեղի կանխարգելում: Սակայն փոխակերպումները կարող են ժառանգաբար փոխանցվել: Դրանից զատ, դրանք առաջանում են բջիջների կիսվելու ժամանակ ԴՆԹ-ում պատճենման սխալների պատճառով:

Ամեն անգամ, երբ ցողունային բջիջը կիսվում է, ԴՆԹ-ում տեղի է ունենում գրեթե 3 փոխակերպում: Բնականաբար, փոփոխությունները վաղ թե ուշ ընդգրկում են քաղցկեղային հիվանդությունների հետ կապված գեները: Բջիջը որքան հաճախ է կիսվում, այնքան վտանգը մեծ է: Գիտնականները կարող են գնահատել տարբեր օրգաններում չարորակ ուռուցքի առաջացման համեմատական վտանգը: Քաղցկեղի առաջացման մեջ փոխակերպումների 3 աղբյուրներից (շրջակա միջավայր, ժառանգականություն եւ բջիջների կիսվելը) յուրաքանչյուրի ավանդը որոշելը ավելի բարդ խնդիր է:

Քաղցկեղով տառապող որոշ հիվանդների մոտ հիվանդության զարգացման համար բավական է ժառանգականությունը եւ բջիջների կիսվելը, ուրիշ հիվանդների մոտ որոշ փոխակերպումներ ժառանգաբար են փոխանցվել (որոնք կարելի է անվանել H-փոխակերպումներ), մյուսները՝ էնդոծին են, առաջացել են ԴՆԹ-ի պատճենման ժամանակ (R-փոխակերպումներ), իսկ երրորդները արտաքին գործոնների հետեւանք են (E-փոխակերպումներ): Այս ամենը սաստիկ բարդացնում է ընդհանուր պատկերը, սակայն հետազոտողներն, այնուամենայնիվ, գտել են բոլոր երեք աղբյուրների ավանդը գնահատելու եղանակը: Նրանց ենթադրությամբ՝ R-փոխակերպումները հավասարապես են տեղաբաշխված տվյալ տաիքի բոլոր մարդկանց շրջանում: Մինչդեռ ժառանգական եւ շրջակա միջավայրի գործոնները կարող են լայնորեն տատանվել եւ յուրաքանչյուր մարդու վրա տարբեր կերպ ազդել:

Գիտնականները վերլուծել են 69 երկրում քաղցկեղով հիվանդանալու դեպքերը, ինչը թույլ է տվել ընդգրկել շրջակա միջավայրի պայմանները, որոնց մեջ ապրում են ընդհանուր առմամբ 4,8 միլիարդ մարդ: Հիվանդությունների մասին տվյալները ստացվել են Քաղցկեղի հետազոտության միջազգային գործակալության (IARC) արխիվից: Պարզվել է, որ բոլոր երկրներում ցողունային բջիջների կիսվելու թվի եւ քաղցկեղով հիվանդանալու հավանականության միջեւ հստակ համահարաբերակցություն է նկատվել: Որքան տարիքը մեծ է, այնքան համահարաբերակցությունն ուժեղ է:

Իսկ գործոնների երեք խմբերից յուրաքանչյուրում ավանդն ինչպե՞ս որոշել: Ենթադրենք, թե Երկրի բոլոր բնակիչների ժառանգական փոխակերպումները շտկել են, եւ ամբողջ մարդկությանը վերաբնակեցրել շրջակա միջավայրի կատարյալ պայմաններով «B» մոլորակ: Նշանակում է այս մոլորակում E- եւ H-փոխակերպումները հավասար են զրոյի, եւ բոլոր փոխակերպումները տեղի են ունենում ցողունային բջիջների կիսվելու ժամանակ ԴՆԹ-ի պատճենման սխալների պատճառով:

Ենթադրենք, թե «В» մոլորակի կենսոլորտը փոշիացրել է հզոր մուտագենը, որն ընդգրկել է բնակության բոլոր վայրերը: Միատեսակ հավանականությամբ բոլոր մարդիկ իրենց կյանքի ամբողջ ընթացքում այս գործոնի ազդեցությանը կենթարկվեին: Ենթադրենք, թե մուտագենը ցողունային բջիջներում մեծացնում է սոմատիկ փոխակերպումների կուտակման արագությունը, արդյունքում քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը 10 անգամ մեծանում է: Այսինքն՝ բոլոր չարորակ ուռուցքների 90 տոկոսն առաջանում է միջավայրի ազդեցությամբ, եւ սա կարելի է կանխել մուտագենի հետ շփվելուց խուսափելու դպքում:

Ենթադրենք, թե քաղցկեղի առաջացման համար բավական են հարվածող երեք փոխակերպումները: Հիվանդությունների 10 տոկոսն, այսպիսով, առաջանում է այն պատճառով, որ երեք փոխակերպումներն էլ կապված են պատճենման ժամանակ սխալների հետ: Մյուսները E- եւ R-փոխակերպումների տարբեր համադրությունների հետեւանք են: «В» մոլորակի պոպուլյացիայում հարվածող բոլոր R-փոխակերպումների բաժինը կկազմի 40 տոկոս, եւ այս ցուցանիշը ոչ մի կերպ չի հաջողվի նվազեցնել:

Այս տեսական օրինակը այնքան էլ չի տարբերվում այն իրավիճակից, որը ստեղծվել է թոքերի ադենոկարցիոմայի դեպքում: Քաղցկեղի այս տարատեսակի 90 տոկոսից կարելի է խուսափել, եթե մարդիկ ծխախոտի ծուխ չշնչեն: Ենթաստամոքսային գեղձի ծորանի քաղցկեղը հնարավոր է կանխել միայն 37 տոկոս դեպքում (77 տոկոս R-փոխակերպումներ, 18 տոկոս E-փոխակերպումներ): Հարվածող սոմատիկ փոխակերպումների հետեւանքով ավելի հաճախ գլխի, շագանակագեղձի եւ ոսկորների քաղցկեղ է առաջանում, որոնք, ի տարբերություն թոքերի, մաշկի կամ մարսողության քաղցկեղի, գործնականում անհնար է կանխել կենսակերպը փոխելով: Մասնագետների կարծիքով՝ ընդհանուր առմամբ, քաղցկեղային բոլոր հիվանդությունների 42 տոկոսից կարելի է խուսափել՝ բացառելով շրջակա միջավայրի ազդեցությունը:

Բնակչության ծերանալու հետեւանքով քաղցկեղը աշխարհում մահվան պատճառների առաջնորդն է: Փորձագետների կարծիքով՝ առաջնային կանխարգելումը մահացությունը նվազեցնելու լավագույն միջոցն է: Սակայն չարորակ ուռուցքների ոչ բոլոր տեսակներից է հնարավոր պաշտպանվել՝ նվազեցնելով արտաքին գործոնների բացասական ազդեցությունը: Այս դեպքում երկրորդ կանխարգելման անհրաժեշտություն կա, այսինքն՝ բժշկական վաղ միջամտության:

Հետազոտությունը հրապարակվել է Science ամսագրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է