• Latest news

Կեգելի վարժությունները կօգնեն հղիներին հեշտ ծննդաբերել

1 ապրիլի, 2014  20:40

Դեռեւս 20-րդ դարի կեսերին ամերիկացի գինեկոլոգ Առնոլդ Կեգելը մշակել է հատուկ վարժություններ, որոնք օգնում են ամրապնդել հեշտոցի մկանները, կարգավորել սեռական ֆունկցիան եւ բուժել կանանց միզասեռական օրգանների մի շարք հիվանդություններ: Կարելի՞ է հղի կանանց կատարել Կեգելի վարժությունները: Ինչպե՞ս դա կանդրադառնա նրանց ինքնազգացողության եւ երեխայի առողջության վրա: Այս հարցի շուրջ NEWS.am Medicine-ի թղթակիցը զրուցել է «Շենգավիթ» բժշկական կենտրոնի գինեկոլոգ Անի Սիրունյանի հետ:

Ըստ գինեկոլոգի՝ Կեգելի վարժությունները կարող են կատարել բոլոր կանայք եւ նույնիսկ հղիները, եթե նրանց մոտ հակացուցումներ չկան:

Ինչպե՞ս կատարել Կեգելի վարժությունները:

Առաջին հերթին անհրաժեշտ է հասկանալ, թե ինչպես է պետք կատարել այս վարժությունները եւ դրանցում ինչպիսի մկաններ պետք է ընդգրկել: «Անհրաժեշտ է գնալ զուգարան, փորձել միզել եւ կեսից փորձել մեզը պահել՝ չօգտագործելով ազդրերի, հետույքի եւ ոտքերի մկանները: Այսինքն կինը պետք է փորձի պահել մեզը կոնքի հատակի մկաններով: Երբ այս ամենը նրա մոտ ստացվի, նա կհասկանա, թե ինչ մկաններ է անհրաժեշտ աշխատացնել Կեգելի վարժությունների ժամանակ», - ասաց Անի Սիրունյանը:

Վարժություն 1. Սեղմեք հեշտոցի մկանները 5 վայրկյանի ընթացքում, այնուհետեւ թուլացրեք դրանք էլի 5 վայրկյանով: Այս գործողությունը պետք է կրկնել 8-30 անգամ: Այս վարժությունն օրվա ընթացքում կարելի է կատարել մի քանի անգամ:

Վարժություն 2. 10 վայրկյանի ընթացքում արագ սեղմեք եւ թուլացրեք մկանները, այնուհետեւ թուլացրեք եւ հանգստացեք 10 վայրկյան: Այս գործողությունն անհրաժեշտ է կրկնել 3 անգամ:

Վարժություն 3. Ինչպես նշեց գինեկոլոգ Անի Սիրունյանը, հաջորդ վարժության համար անհրաժեշտ է պատկերացնել, որ հեշտոցը դա վերելակի հորան է եւ սկսել սեղմել հեշտոցի մկանները դրսից դեպի ներս՝ կանգ առնելով ամեն հարկում:

Այս վարժությունները կարելի է կատարել նստած, կանգնած կամ կիսանստած: «Հղիներին խորհուրդ է տրվում կատարել կիսանստած դիրքով, ծնկները քիչ ծալելով, հարմարության համար մեջքի տակ փափուկ բարձ դրած», - նշեց Անի Սիրունյանը:

Երբ կինը սովորի բավականին հեշտությամբ կատարել այս 3 վարժությունները, կարելի կլինի անցնել ավելի բարդ վարժությունների:

Ինչո՞վ են օգտակար Կեգելի վարժությունները հղի կանանց:

Կեգելի վարժությունները կարելի է կատարել օրվա ցանկացած ժամի եւ ցանկացած տեղում. նրանք երկար ժամանակ չեն խլում, սակայն ահռելի օգուտ են բերում: Առաջին հերթին Կեգելի վարժություններն ամրապնդում են հեշտոցի մկանները եւ օգնում են բարելավել սեռական կյանքը՝ դա արդիական է եւ շատ կարեւոր բոլոր կանանց համար:

Կեգելի վարժությունները հղի կանանց օգնում են նախապատրաստվել ծննդաբերությանը: Ինչպես նշեց Անի Սիրունյանը, եթե կոնքի հատակի մկանները լավ են զարգացած, դա թուլացնում է ցավերը ծննդաբերության ժամանակ, օգնում է կանխարգելել շեքի պատռվածքները, եւ ծննդաբերությունն անցնում է համեմատաբար հեշտ եւ արագ: Հեշտոցի ամուր մկաններն օգնում են նաեւ ծննդաբերությունից հետո արագ վերականգնվել եւ քչացնում են հետծննդյան դեպրեսիայի առաջացման հավանականությունը: Հետծննդյան թութքի առաջացման հավանակությունը նույնպես քչանում է:

Անհրաժեշտ է նաեւ նշել, որ հղի կանայք ցանկալի է խորհրդակցեն իրենց գինեկոլոգի հետ նախքան որեւէ վարժություն կատարելը, այդ թվում նաեւ Կեգելի վարժությունները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել