Ինչո՞ւ չի կարելի հակաբիոտիկների կուրսն ընդհատել

30 մարտի, 2017  21:00

Բժշկի նշանակած հակաբիոտիկների կուրսը ոչ մի դեպքում չի կարելի ընդհատել ինքնազգացողության բարելավման եւ հիվանդության ախտանշանների անհետացման դեպքում: Ինչո՞ւ է անհրաժեշտ հակաբիոտիկների կուրսը պարտադիր մինչեւ վերջ ընդունել եւ ի՞նչ խնդիրներ կարող է առաջացնել կուրսի ընդհատումը: Այս հարցերի շուրջ NEWS.am Medicine-ը զրուցեց դեղագործ Նարինե Միրզոյանի հետ:

Մասնագետի պարզաբանմամբ` հակաբիոտիկներ են նշանակվում բակտերիալ ինֆեկցիաների դեպքում: Տարբեր հակաբիոտիկներ արդյունավետ են տարբեր բակտերիաների դեմ, ուստի մինչեւ հակաբիոտիկ ընդունելը, անհրաժեշտ է պարտադիր պարզել` հատկապես որ հակաբիոտիկն է հիվանդության պատճառը:

Հիվանդի օրգանիզմում «բնակություն հաստատած» բակտերիային ամբողջովին ոչնչացնելու համար տարբեր հակաբիոտիկների տարբեր ժամանակ է անհրաժեշտ: Որոշ ինֆեկցիաների բուժման համար 5-7 օր է պահանջվում, մյուսների բուժման համար` 20 օրից ավելի: Կուրսի տեւողությունը կախված է բակտերիայի եւ նրա սերունդի կենսունակության փուլի առանձնահատկություններից:

Եթե հիվանդն ընդունում է հակաբիոտիկների ամբողջ կուրսը, դեղերը ոչնչացնում են նրա հիվանդության պատճառը դարձած բակտերիաներին, եւ նա առողջանում է: Սակայն եթե մարդը կուրսն ընդհատում է` որոշելով, որ «չարժե իրեն քիմիայով երկար թունավորել», բակտերիաները լիովին չեն ոչնչանա` որոշ բակտերիաներ կենսունակ կմնան եւ ժամանակի ընթացքում կսկսեն կրկին բազմանալ: Ավելին` դրանք ավելի կայուն կդառնան այն դեղի նկատմամբ, որը հիվանդն ընդունել է եւ մինչեւ վերջ չի խմել: Հետագայում այդ դեղամիջոցն, ամենայն հավանականությամբ, այլեւս անհնար կլինի օգտագործել այս հիվանդի բուժման համար, կամ հիվանդությունը կարող է քրոնիկական ձեւ ստանալ, եւ այն բուժելն էլ ավելի կդժվարանա:

Դրանից բացի, հակաբիոտիկի նկատմամբ կայուն բակտերիան կարող է փոխանցվել նաեւ ուրիշ մարդկանց, եւ նրա ախտահարած ինֆեկցիոն հիվանդությունները եւս անհնար կլինի բուժել այդ հակաբիոտիկի օգնությամբ:

Դեղագործի պարզաբանմամբ` հիմնական խնդիրն այն է, որ հակաբիոտիկակայունությունն այսօր սարսափազդու տեմպերով է տարածվում` ավելի մեծ թվով բակտերիաներ են հակաբիոտիկների նկատմամբ ռեզիստենտ դառնում: Որոշ երկրներում նույնիսկ բակտերիաներ են գտել, որոնք կայուն են բոլոր հակաբիոտիկների նկատմամբ, նույնիսկ, այսպես կոչված, վերջին շարքի դեղամիջոցների: Նոր հակաբիոտիկների մշակման համար շատ մեծ ժամանակ է անհրաժեշտ` առնվազն տասնյակ տարի: Հատկապես այս պատճառով այսօր հակաբիոտիկակայունությունը համարվում է աշխարհում ամենալուրջ խնդիրներից մեկը, եւ հատկապես այս պատճառով մասնագետները կոչ են անում ավելի զգույշ վերաբերվել հակաբիոտիկներին` դրանք առանց լուրջ անհրաժեշտության չընդունել, իսկ եթե նման անհրաժեշտություն առաջանում է, պարտադիր մինչեւ վերջ կուրսը խմել, որպեսզի բակտերիաներին ողջ մնալու եւ կայուն դառնալու հնարավորություն չտրվի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի