• Latest news

Զիպրեքսա դեղով բուժման ծրագրի նախկին շահառուները դժգոհում են ԱՆ-ից իրենց տրված օլանզապինի որակից

11 ապրիլի, 2017  19:41

Զիպրեքսա դեղով (Eli Lilly ընկերության օրիգինալ օլանզապին) բուժման ծրագրի նախկին շահառուները դժգոհում են Առողջապահության նախարարության կողմից իրենց տրված Apotex ընկերության դեղի որակից, որը Զիպրեքսայի ջեներիկն է:

Ապրիլի 11-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Հոգեկան առողջության վերականգնման հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավար Կարինե Թուխիկյանը հայտնեց, որ «Զիպրեկսայով արտահիվանդանոցային բուժում ծարգիրը», որը Հայաստանում գործել է 2015 թվականից, փետրվարի 21-ին ավարտվել է, եւ նախարարությունը որոշել է այն 2017 թվականին չշարունակել: Այս ծրագրի 300 շահառուների բուժումը շարունակել են Զիպրեկսայի փոխարինող ջեներիկով՝ կանադական Apotex ընկերության օլանզապինով, որը ստացվել է հումանիտար խողովակներով:

Նա հիշեցրեց, որ իր ղեկավարած հ/կ-ն դեռեւս անցյալ տարվա նոյեմբերից սկսել է պայքարել Զիպրեկսայով բուժումը շարունակելու համար՝ իրենք դիմել են ե՛ւ նախագահին, ե՛ւ վարչապետին, ե՛ւ առողջապահության նախարարին:

«Այս ծրագրի շրջանակում 300 շահառուներ անվճար ստանում էին որակյալ դեղ, որի շնորհիվ նրանք մոռացել էին հոգեբուժական կլինիկայի ճանապարհը եւ դարձել էին հասարակության լիարժեք անդամներ: 2017 թվականի մարտի կեսից այս ծրագրի շահառուներին  տրվում է հնդկական արտադրության օլանզապին, որը գրանցված է Կանադայում, եւ որի գործողության ժամկետը լրանում է մայիսին: Եվ արդեն 5-6 հիվանդի ինքնազգացողությունն այդ դեղի պատճառով վատացել է»,- ասաց նա:

Կարինե Թուխիկյանի խոսքով՝ այս դեղն արտադրվել է 2015 թվականին Հնդկաստանում, գրանցված է Կանադայում եւ նույն թվականին էլ Կանադայում հետ է կանչվել: Հնդկաստանում արտադրությունը փակվել է: «Եվ հայտնի չէ, թե ինչու է այդ դեղը Հայաստան հասել»,- հավելեց նա:

Apotex ընկերության դեղամիջոցի մասին իր խոսքը հաստատելու համար Կարինե Թուխիկյանը մի քանի հղումներ ներկայացրեց՝ http://www.fiercepharma.com/drug-safety/apotex-recalling-generic-zyprexa-because-antipsychotic-may-be-too-weak, https://www.fda.gov./ICECI/EnforcementActions/WarningLetters/ucm432709.htm: Դրանցից մեկի համաձայն՝ 2015 թվականին FDA-ն (ԱՄՆ-ի սննդի եւ դեղորայքի անվտանգության գործակալություն) հետ է կանչել  Apotex ընկերության օլանզապինի 35 հազար փաթեթ՝ ցածր հակապսիխոտիկ էֆեկտի պատճառով: Սակայն նույն հաղորդագրության համաձայն՝ հետ է կանչվել Տորոնտոյում արտադրված օլանզապինը, իսկ Հնդկաստանում Apotex ընկերության գործարանը փակվել է դեռեւս 2014 թվականին: Դեղի տուփերի վրա, որոնք իրենց հետ բերել էին շահառուների հարազատները, եւս նշված էր, որ դեղն արտադրված է Տորոնտոյում: 

Հ/կ-ի ղեկավարի խոսքով՝ այս ծրագրի շահառուները հրաժարվում են նաեւ Հայաստանում արտադրված օլանզապինից (արտադրում է «Արփիմեդ»-ը), քանի որ այն որակով սաստիկ զիջում է Զիպրեկսային: Որպես հայկական արտադրության դեղամիջոցների ցածր որակի ապացույց Կարինե Թուխիկյանն ընթերցեց Սպիտակից Մարինե Հովհաննիսյանի գործով Քննչական կոմիտեի տեղեկանքը, որը խեղդամահ էր արել իր 2 երեխաներին, իսկ ինքը կախվել էր: Տեղեկանքում նշված է, որ նա հայկական արտադրության լորազեպամ եւ կարբամազեպին դեղերն է ստացել: «Որակյալ դեղերը երբեք մարդուն անդունդ չեն հասցնի»,- հավաստիացրեց նա:

Կարինե Թուխիկյանը նշեց, որ 2017-ի մարտի 14-ին իրենց վերջապես ընդունել է առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը: «Նա կարծում է, որ 56 մլրդ դրամի մեջ ինքը չի կարող տեղավորել 400-500 մլն արժեքով ծրագիրը, բայց անցյալում պետությունը տվյալ ծրագրի իրականացման հնարավորություն գտնում էր: Նախարարն ասաց, որ պետք է 300 մարդուց վերցնեն, որ ապահովեն 3000 մարդու»,- ասաց նա՝ հավելելով, որ սա տրամաբանական լուծում չի համարում: Հ/կ-ի ղեկավարը հայտնեց, որ նախարարը նաեւ առաջարկել է տեղական արտադրության օլանզապինի եւ Զիպրեկսայի անկախ համեմատական փորձաքննություն անցկացնել, բայց այս առաջարկը ինքն անիրատեսական է համարում՝ այդ փորձաքննության համար չափազանց մեծ ժամանակ կպահանջվի, իսկ հիվանդներն այդ ընթացքում կմնան առանց որակյալ դեղի:

Կարինե Թուխիկյանը հիշեցրեց, որ մեկ հիվանդին հոգեբուժական ստացիոնարում մեկ օր պահելն արժե 4500-5000 դրամ, մինչդեռ Զիպրեկսայի 5 մլ չափաքանակով մեկ հաբն արժե 557 դրամ, իսկ 10 մլ-ն՝ 1150 դրամ: Կոպիտ հաշվարկով՝ Զիպրեկսայի ծրագիրը տարեկան 80 մլն արժե:

«Հոգեկան առողջության վերականգնման հայկական ասոցիացիա» հ/կ-ի հաշվարկով՝ սա 3-4 անգամ ավելի էժան է, քան հիվանդներին հոգեբուժական հիվանդանոցներում պահելը՝ գումարած սոցապ նախարարության գծով նպաստների հատկացումը:

Շահառուների հարազատներից Ռոզա Սարգսյանը եւ Թամարա Վարդանյանը լրագրողներին ասացին, որ հայկական օլանզապինից եւ Apotex ընկերության օլանզապինից հետո հիվանդներն ավելի են վատանում, եւ բժիշկները նրանց առաջարկում են հոսպիտալացվել: Բայց իրենք կնախընտրեին, որ իրենց հիվանդ հարազատներն ամբուլատոր բուժում ստանային, քանի որ ստացիոնարում տարբեր ծանրության հիվանդներ կան, դրանից զատ՝ մեր ստացիոնարների պայմանները, մեղմ ասած, ամենալավերից չեն:

Կարինե Թուխիկյանը հիշեցրեց, որ դեռեւս 2014 թվականին Ավանի հոգեբուժական կլինիկայում 67 հիվանդների մասնակցությամբ մշտադիտարկում է անցկացվել, որոնցից 62-ը Զիպրեկսայի օգտին են արտահայտվել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել