Հոսպիսներ Հայաստանում դեռեւս չեն ստեղծվելու, բայց փոխարենը պալիատիվ բժշկության ներդրման շրջանակներում զարգանալու է ծանր հիվանդներին տնային խնամք մատուցելու մշակույթը: Այս մասին ապրիլի 3-ին լրագրողներին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը՝ պատասխանելով NEWS.am Medicine-ի թղթակցի հարցին:
Ինչպես նշեց Քրմոյանը, հոսպիսների ստեղծման հարցը Առողջապահության նախարարությունում քննարկվել է, քանի որ երկրում պետք է լինեն հատուկ մասնագիտացված կենտրոններ, որոնք կզբաղվեն ծանր հիվանդների խնամքով եւ պալիատիվ բուժօգնություն կցուցաբերեն նրանց:
Սակայն, ինչպես նշեց ԱՆ աշխատակազմի ղեկավարը, այս պահին ավելի իրատեսական է գործող համակարգում տնային պայմաններում բուժման մոդելի ներդրումը, քանի որ պոլիկլինիկաներում արդեն կան օնկոլոգներ եւ բուժքույրեր, որոնք կարող են վերապատրաստվել եւ դառնալ նաեւ պալիատիվ բժշկության մասնագետներ: Նրանք կկարողանան այցելել հիվանդներին, բուժօգնություն ցուցաբերել, եւ տնային այցերի շնորհիվ նրանց աշխատավարձերը մի փոքր կբարձրանան: Այսպիսով, պետությանը կմնա հոգալ միայն բուժաշխատողների տրանսպորտային ծախսերը եւ ապահովել նրանց համապատասխան դեղամիջոցներով, որոնց օգնությամբ հնարավոր կլինի թեթեւացնել ծանր հիվանդների ցավերը:
Իր հերթին պալիատիվ օգնության հարցերով «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» գրասենյակի միջազգային խորհրդատու, գիտությունների դոկտոր Սթիվեն Քոննորը նշեց, որ ԱՄՆ-ում պալիատիվ խնամք ստացող հիվանդների 97%-ը հենց տնային խնամք է ստանում, եւ ընդամենը 3%-ը՝ հիվանդանոցային: Այսպիսով, պալիատիվ բուժօգնության արտահիվանդանոցային մոդելը բավական արդյունավետ է:
Այստեղ միայն մեկ հարց է ծագում. եթե ծանր հիվանդները որպես ցավազրկող ստանան թմրանյութեր պարունակող դեղամիջոցներ եւ ընդունեն այդ դեղամիջոցները տանը, արդյո՞ք դա թմրադեղերը չարաշահելու վտանգ չի ստեղծի: Ինչպես նշեց Սթիվեն Քոննորը, ԱՄՆ-ում նման դեղամիջոցների օգտագործումը վերահսկվում է, իսկ երբ թմրամիջոցներ պարունակող ցավազրկողներ ստացող հիվանդը մահանում է, բուժանձնակազմը անմիջապես այցելում է հիվանդի տուն (եթե, իհարկե, մահվան պահին արդեն այնտեղ չէր գտնվում), որպեսզի իր աջակցությունը ցուցաբերի նրա ընտանիքի անդամներին եւ վերցնի չօգտագործված դեղամիջոցները:






