• Latest news

Նուբա լեռների կանայք արդեն կարոտում են Արմինեին. հայ բժիշկները վերադարձել են Սուդանից

10 հունիսի, 2017  18:11

Սուդանից վերադարձած հայ բժիշկ Գեւորգ Ոսկանյանը պատրաստ է նորից այնտեղ մեկնել, քանի որ նման պայմաններում կյանքը «նորոգում ու մաքրում է մարդուն»։ «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ զրույցում նա նկատեց, որ Թոմ Կատինայի փոխարեն աշխատելով Նուբա լեռներում, ինքը հասկացել է, թե ինչ է իսկական նվիրումը։

«Այնտեղ դու հասկանում ես, թե ինչ է իսկական նվիրումը։ Մենք երբեմն թեթեւ բաներ ենք անում ու մեզ թվում է, թե մենք նվիրվում ենք, կամ էլ բարեգործություն ենք անում, բայց պետք է այնտեղ գնալ ու տեսնել Թոմ Կատինայի իսկական կյանքը, որպեսզի հասկանանք, թե ինչ է իսկական նվիրումը, երբ քեզնից ես տալիս»,- ասել է նա։

Երեք հայ բժիշկներ՝ Գեւորգ Ոսկանյանը, Արմինե Բարխուդարյանն ու Հայկ Հովհաննիսյանը փոխարինել են «Ավրորա» մրցանակի դափնեկիր Թոմ Կատինային Սուդանում Նուբա լեռներում գտնվող «Գթության մայր» հիվանդանոցում, մինչ Կատինան Հայաստանում էր գտնվում՝ «Ավրորա» մրցանակաբաշխության արարողության շրջանակում։ Նրանք Երեւան են վերադարձել այսօր՝ հունիսի 10-ին։

Ինչպես պատմեց վիրաբույժ Հայկ Հովհաննիսյանը, նրանք Թոմ Կատինայի հիվանդանոցում են գտնվել մայիսի 9-ից։ Նրա խոսքով միայն Հայաստանից այնտեղ հասնելու համար մեկ շաբաթ է պահանջվել։ Բժիշկներին վիճակվել է անել ամեն ինչ՝ եւ բուժել, եւ վիրահատել, եւ ծնունդ ընդունել։ Ծնունդները, նրա խոսքով, հաջողությամբ ընդունել է գինեկոլոգ Արմինե Բարխուդարյանը։ Արմինեն ինքը շատ հուզված էր ու խոստացավ Սուդանում իր աշխատանքի մասին լրագրողներին պատմել հաջորդ հանդիպման ժամանակ։

Թոքային վիրաբույժ Գեւորգ Ոսկանյանը հայտնեց, որ Արմինեին հիմա արդեն կարոտում են այն կանայք, ում նա բուժել է։ Իսկ հետո նա հավելեց, որ Արմինեն հոյակապ կատարում էր իր պարտականությունները՝ չնայած սկզբում ինքը մի քիչ կասկածում էր նրա հնարավորություններին։

«Մենք այնտեղ ենք մեկնել մարդկանց օգնելու։ Չնայած Թոմ Կատինային փոխարինելն անհնար է։ Ես նրան գնահատում եմ որպես մեր ժամանակների Ջուզեպե Մոսկատի՝ «Ամոքիչ սեր» գրքի հեղինակը։ Մենք ապրում ենք սրբերի կողքին, բայց չենք գնահատում նրանց»,- ասել է բժիշկը։

Խոսելով այն մասին, թե որն է եղել այնտեղ տեսած ամենասարսափելի բանը՝ Գեւորգը պատասխանեց, որ «մենք վախենում ենք, քանի որ մեր մեջ քիչ է Աստված, եթե այն շատ լինի՝ մենք չենք վախենա»։

Հիշեցնենք, որ Հայկ Հովհաննիսյանն ու Գեւորգ Ոսկանյանը զինվորական բժիշկներ են, Արմինե Բարխուդարյանը՝ գինեկոլոգ է, որը արդեն վաղուց է աշխատում Աֆրիկայի երկրներում։ Մասնավորապես Սուդան նա մեկնել է Քենիայից։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է