• Latest news

Կիստան իրականում չարորակ ուռուցք էր. Վիրաբույժի սխա՞լ, թե՞ ոչ ճշգրիտ ախտորոշում

10 ապրիլի, 2014  17:59

44-ամյա տղամարդու մոտ ախտորոշվել էր կիստա, սակայն վիրահատությունից հետո պարզվել է, որ նրա մոտ իրականում չարորակ ուռուցք է, որը միջամտությունից հետո սկսել է աճել եւ տարածվել տղամարդու դեմքին։ Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցին պատմեց հենց Գեղամ Խաչատրյանը, ում հետ տեղի է ունեցել այս պատմությունը։

«Սկզբից ասել էին, որ դա ուղղակի կիստա է, բայց հետո պարզվեց, որ չարորակ ուռուցք է։ Վիրահատել էին, հիմա ես վատ վիճակում եմ, թուշս ուռած է, նոպաներ եւ ուժեղ ցավեր ունեմ», - պատմեց 44-ամյա տղամարդը։

Ինչպես նշեց Գեղամ Խաչատրյանը, նրա այտին ոչ շատ մեծ ուռուցք էր, որը նրան այնքան էլ չէր անհանգստացնում։ Բայց քանի որ ուռուցքը դեմքին էր, նա որոշեց այն հեռացնել եւ դիմեց զինվորական կլինիկական հոսպիտալում աշխատող Մարգարիտա Հովհաննիսյանին։ Պունկցիայի միջոցով հիվանդից հյուսվածքի նմուշ էին վեռցրել եւ հետազոտման համար տարել Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն։ Այնտեղ պատասխանել էին, որ Գեղամի մոտ սովորական կիստա է։

«Ես այդ տվյալներով եկել եմ [զինվորական կլինիկական հոսպիտալ], բժիշկն էլ արել է վիրահատությունը», - ասաց Գեղամ Խաչատրյանը։

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի լաբորատորիայում NEWS.am Medicine-ի թղթակցին ասացին, որ ստացված նմուշում հայտնաբերել էին «քայքայված բջիջներ, որոնք հանգեցնում են այն մտքին, որ դա կարող է լինել կիստոզ խոռոչի պարունակություն»։ Լաբորատորիայում նաեւ ասացին, որ իրականում լավ կլիներ կրկնել պունկցիան, քանի որ նմուշը ոչ ինֆորմատիվ էր եւ դրանում գրեթե բացակայում էին հյուսվածքները։

Ինչպես մեզ պատմեց Գեղամ Խաչատրյանը, հեռացված ուռուցքը հետազոտել են զինվորական կլինիկական հոսպիտալում եւ ասել, որ այն բարորակ է։ Սակայն վիրահատությունից հետո նրա ինքնազգացողությունը վատացել է,  եւ նրա մոտ ուժեղ ցավեր են սկսել։ Իսկ հետագա հետազոտությունները պարզել են, որ այնուամենայնիվ նրա մոտ ոչ թե կիստա էր, այլ չարորակ ուռուցք։ Գեղամ Խաչատրյանի խոսքով՝ այդ ուռուցքը վիրահատությունից հետո տարածվել է նրա գլխի ու վզի վրա եւ հասել աչքին։

Գեղամին վիրահատած բժիշկը հրաժարվեց մեզ ինչ-որ մեկնաբանություն տալուց եւ նշեց միայն, որ փորձաքննությունը ցույց կտա, թե ինչ է իրականում կատարվում Գեղամի հետ, եւ կա արդյոք դրանում բժշկի մեղքը։

NEWS.am Medicine-ի հետ զրույցում Գեղամ Խաչատրյանն ասաց, որ չգիտի, թե ով է մեղավոր այն ամենում, ինչ հիմա կատարվում է իր հետ։ Բայց նա ցավերի պատճառով չի կարողանում գիշերը քնել եւ ստիպված է թմրանյութեր պարունակող ցավազրկողներ ընդունել։

Այս պահին նա հետազոտվում է «Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոնում եւ հույս ունի մոտ օրերին պարզել իր ախտորոշումը եւ հասկանալ, ինչպես է բուժվելու։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է