Նովոսիբիրսկի Մեշալկինի անվան կլինիկայի կարդիովիրաբույժներն աշխարհում առաջին անգամ հիվանդին երկու մեխանիկական սիրտ են պրոթեզավորել՝ աջ եւ ձախ հատվածում: Այս մասին հաղորդել է կլինիկայի Աորտայի, կորոնար (պսակաձեւ) եւ պերիֆերիկ (ծայրամասային) զարկերակների վիրաբուժության կենտրոնի ղեկավար Ալեքասանդր Չերնյավսկին:
Նրա խոսքով՝ սրտի վնասվածքի պատճառով 20-ամյա հիվանդի մոտ սուր սրտային անբավարարություն էր զարգացել, դոնորական սրտի փոխպատվաստում էր անհրաժեշտ, սակայն աղջկա ինքնազգացողությունը դա թույլ չէր տալիս:
«Երբ նա մեզ մոտ տեղափոխվեց, գրեթե մահանում էր, նրա մոտ սրտային անբավարարություն էր, գրեթե բոլոր օրգանները դադարում էին գործել: Վիրահատությունից հետո նրա վիճակը կարգավորվեց, կայունացավ, երկու-երեք ամիս անց նրան արդեն դոնորական սրտի փոխպատվաստում է սպասվում»,- ասել է Չերնյավսկին:
Կենտրոնի ղեկավարը հավելել է, որ գործողությունը հնարավոր է դարձել մոսկվացի գիտնականների մշակած արյան շրջանառության օժանդակ սարքի շնորհիվ, որն աշխարհում միակ նման սարքավորումն է: Սրտում տեղադրվող պոմպերը բարակ թելով կապվում են կառավարվող բլոկի հետ, որը փոքրիկ տուփով ամրացվում է հիվանդին: Բլոկը ծրագրավորվում է համակարգչի օգնությամբ, այդ պատճառով հիվանդը վիճակի մոնիթորինգի համար կլինիկա է այցելում, որտեղ սարքի չափորոշիչները, անհրաժեշտության դեպքում, փոխվում են, ասել է վիրաբույժը:






