• Latest news

Այսօր սրտի համաշխարհային օրն է

29 սեպտեմբերի, 2017  13:09

Սրտի համաշխարհային ֆեդերացիայի նախաձեռնությամբ եւ Առողջապահական համաշխարհային կազմակերպության, ՅՈՒՆԵՍԿՈ-ի եւ միջազգային այլ կազմակերպությունների աջակցությամբ 1999 թվականից սկսած ամբողջ աշխարհում սեպտեմբերի 29-ին նշվում է սրտի համաշխարհային օրը:

Օրվա խորհուրդը եւ նպատակը սրտանոթային հիվանդությունների կանխարգելման, ռիսկի գործոնների նվազեցման եւ առողջ ապրելակերպի անհրաժեշտության վերաբերյալ ազգաբնակչության եւս մեկ անգամ իրազեկումն է:

2017թ. օրվա կարգախոսն է` «Սիրտը կյանքի համար է»:

Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության վիճակագրության` հիվանդացության եւ մահացության հիմնական պատճառը ոչ վարակիչ հիվանդություններն (ՈՈՀ) են: Հայաստանի Հանրապետության բնակչության շրջանում ՈՎՀ-ից մահացության բեռը կազմում է մոտ 80%։ Սրտանոթային հիվանդությունները մահացության բուրգում զբաղեցնում են առաջին տեղը` կազմելով 48%: Աշխարհում տարեկան շուրջ 17 մլն մարդ մահանում է սրտանոթային հիվանդություններից։ Հատկապես միջին եւ ցածր եկամուտ ունեցող երկրներում գերակշռում են սրտանոթային հիվանդություններից վաղաժամ մահվան դեպքերը:

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը նույնպես միանում է սրտի օրվա կարգախոսին եւ փաստում, որ սրտանոթային հիվանդությունների կանխարգելումը, շարունակական հսկողությունն ու բուժումը ոլորտի գերակա խնդիրներից են:

Այդ իսկ պատճառով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017-2021թթ. ծրագրում ներառվել է «Հայաստանի Հանրապետությունում սրտանոթային հիվանդությունների դեմ պայքարի հայեցակարգ»-ի հաստատումը, որի մշակման նպատակով ստեղծվել է Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության եւ ԱՄՆ առաջատար հայազգի մասնագետներից կազմված հանձնաժողով`  Ռուսաստանի Դաշնության Ա.Վ.Վիշնեւսկու անվան վիրաբուժության ինստիտուտի գիտության եւ նորարարական տեխնոլոգիաների գծով  տնօրենի տեղակալ, բ.գ.դ., պրոֆեսոր, ակադեմիկոս Բագրատ Ալեքյանի նախագահությամբ: Հանձնաժողովի աշխատանքների խորհրդատուն է ԱՄՆ անվանի սրտային վիրաբույժ Հրայր Հովակիմյանը: 

 ԱՀԿ եւ Սրտի համաշխարհային ֆեդերացիայի կողմից տրամադրվող տեղեկատվությամբ` սրտանոթային հիվանդությունների 80%-ը հնարավոր է կանխել, եթե անհրաժեշտ միջոցառումներ իրականացվեն։ Այս հիվանդությունների առաջացման վարքագծային հիմնական ռիսկի գործոններն են ծխախոտի օգտագործումը, ալկոհոլի չարաշահումը, անառողջ սննդակարգը (մրգերի եւ բանջարեղենի պակասը սննդակարգում), ինչպես նաեւ հիպոդինամիան (նստակյաց կյանքը), կենսաբանական գործոններից` ավելորդ քաշն ու ճարպակալումը, զարկերակային բարձր ճնշումը, շաքարային դիաբետը, արյան մեջ խոլեստերինի բարձր պարունակությունը։ Հետեւաբար, երկրները շարունակական ծրագրեր պետք է իրականացնեն դրանք հնարավորինս նվազեցնելու եւ վերացնելու ուղղությամբ:

    Սրտանոթային համակարգի հիվանդությունների կանխարգելումը կյանքի բոլոր էտապներում ՀՀ առողջապահության նախարարության հիմնական քաղաքական ուղղությունն է, որի շրջանակներում իրականացվում են մի շարք սկրինինգային ծրագրեր ամբուլատոր-պոլիկլինիկկան օղակում, տարվում է առողջ ապրելակերպի ակտիվ քարոզչություն` հիմք ընդունելով միջոլորտային փոխհամագործակցությունը:

Հիվանդանոցային օղակում 2015 թվականից հաջողությամբ գործում է Սրտի անհետաձգելի վիրահատությունների ծրագիրը, որի արդյունքում սրտի սուր ինֆարկտից մահվան դեպքերը 2015թ. 2014-ի համեմատ կրճատվել են 500-ով: 2017թ. Հունվարի 1-ից մինչ օրս Սրտի անհետաձգելի վիրահատությունների ծրագրի շրջանակներում բժշկական օգնություն եւ սպասարկում է ստացել 902 մարդ:

ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է հետեւել առողջ ապրելակերպին եւ միշտ հիշել, որ շատ ավելի ճիշտ եւ արդյունավետ է առողջության պահպանումը, հիվանդության կանխարգելումը, քան բուժումը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll